Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քարոզարշավը շարունակվել է Արարատի մարզում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատ գյուղում, այնուհետև այցելել նաև Վազգեն Սարգսյանի թանգարան: Այնտեղ Ծառուկյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նշենք նաև, որ այդ այցելությունը նախապես ծրագրված չէր:Արարատ քաղաքում հանդիպումը կայացավ սպարապետի արձանին հարող տարածքում:Ծառուկյանը ծաղկեպսակ դրեց Վազգեն Սարգսյանի հուշարձանին: ԲՀԿ նախագահին այնպիսի ջերմ ծափերով և ողջույններով ընդունեցին, որ վերջինս նկատեց, թե նման ջերմ ընդունելությունից հուզվել է ու չի կարողանում խոսել: Այնուամենայնիվ, Ծառուկյանն իր հետ հանդիպման եկածներին ասաց, թե անելու է ամեն ինչ, որպեսզի այս հավատն ու սպասելիքները արդարանան. “Ծառուկյանն այն քաղաքական գործիչներից չէ, որ քաղաքականությունից դուրս գա ու “մեռնի”: Դուրս գա՝ լավ կապրի, բայց մնում է ձեր հույսը, հավատը արդարացնելու”:
Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն այլ ուժերի նման այնպիսի խոստումներ չի տալիս, որ վաղը Եվրոպա ենք դառնալու: Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի բնակչությունն առնվազն 4-5 միլիոն պետք է լինի, որպեսզի մեր երկիրը զարգացման ուղին բռնի: Իսկ դրա համար նախևառաջ աշխատանքային բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն:
Իսկ արդեն Արարատի մազրի Վեդի և Արտաշատ քաղաքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահն անդրադարձավ իր զենքի հայտնի պատմությանը:Նա ասաց, որ իր մրցակիցները փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել: Ծառուկյանն ասաց, որ մի կողմ թողած հիմնական խնդիրները, ,անընդհատ ման են գալիս, նկարում ենե, որ մի բան գտնեն. “Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեզ սիրում և հարգում եմ, և էս վստահությունը, որ տեսնում եմ, արդարացնելու եմ”: