Այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված կուսակցություն է, հայտնի է բոլորին: Սակայն իր ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ը կարողացավ վերածվել լուրջ եւ կազմակերպված քաղաքական միավորի, որը նախ եւ առաջ հետապնդում է սեփական կուսակցական (ավելի ճիշտ կուսակցության առաջնորդի) շահերը, եւ ապա միայն հետեւում իր կնքահոր` Ռոբերտ Քոչարյանի ցուցումներին: Դրա օրինակներն առավել ցցուն երեւացին հատկապես անցած երկու տարիներին, մասնավորապես` երբ ԲՀԿ-ն, չցանկանալով կորցնել իշխանական կարկանդակի իր մասնաբաժինը, ստորագրեց կոալիցիոն նոր հուշագիրը` պարտավորվելով 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը: Ու թեեւ ԲՀԿ առաջնորդի շուրթերից այդպես էլ չհնչեց կոնկրետ Սերժ Սարգսյանին սատարելու հավաստիացումը, այդուհանդերձ, փաստ է, որ ԲՀԿ առաջնորդը հարկ եղած դեպքում լավ էլ ինքնուրույն խաղացող է եւ կարողանում է բավական վարպետորեն մանեւրել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Իսկ դա, բնականաբար, դուր չի գալիս նրանցից ոչ մեկին, առավել եւս` Քոչարյանին, որի` քաղաքականություն վերադառնալու հիմնական հենարանը հենց ԲՀԿ-ն պետք է լիներ: Եվ երբ Քոչարյանի մտերմագույն զինակիցը` Վարդան Օսկանյանը, հայտնվեց ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղում, շատերը կարծիք հայտնեցին, թե այդպիսով ակնհայտ դարձավ, որ ԲՀԿ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Քոչարյանի պրոյեկտը: Մինչդեռ ամենեւին էլ պետք չէր բացառել այն տարբերակը, որ Օսկանյանը ԲՀԿ էր գործուղվել հենց այն պատճառով, որ ԲՀԿ-ն չափից ավելի ինքնուրույն ու անկանխատեսելի էր դարձել: Ուստի Քոչարյանը շտապեց Օսկանյանին ու Հմայակ Հովհաննիսյանին ընդգրկել ԲՀԿ ցուցակում, որպեսզի վերահսկի եւ հարկ եղած դեպքում չափավորի ԲՀԿ առաջնորդի քայլերը: Համենայնդեպս, հետեւելով Օսկանյանի վերջին շրջանի հայտարարություններին, այն տպավորությունն է ստեղծվում, որ դրանք միտված են Ծառուկյանի վարկանիշի վնասմանը: Այսպես. Օսկանյանը նախ հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ձեռքում խամաճիկի դերում է եղել` անդամակցելով իր իսկ բնորոշմամբ «ձեւական կոալիցիային»: Երեկ էլ ասաց, թե ապրիլի 13-ին Էջմիածնի նախընտրական հանդիպման ընթացքում Ծառուկյանը զինված է եղել: Մինչդեռ թե՛ ինքը` Գագիկ Ծառուկյանը, թե՛ նրա խոսնակ Խաչիկ Գալստյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էին, որ Էջմիածնում Ծառուկյանի պիջակի տակից երեւացածը ոչ թե զենք էր, այլ թանկարժեք հեռախոս: Փաստորեն, իր երեկվա հայտարարությամբ Օսկանյանը Ծառուկյանին ու ԲՀԿ նշված անդամներին պարզապես ստախոս է անվանում` հայտարարելով նրանց ասածների ճիշտ հակառակը: Ի՞նչ է սա: Դժվար թե հմուտ դիվանագետը նման սայթաքումներ թույլ տար, առավել հավանական է թվում, որ Օսկանյանի այդօրինակ պահվածքը մտածված է: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, պարզ կդառնա այն բանից, թե Ծառուկյանը դեռ որքան կհանդուրժի «պարոն Օսկանյանի անձնական տեսակետները»:
ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ