Բյուջեի 70 %-ը գտնվում է ատկատների գոտում. Ռ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:

«Ակնհայտ է, որ այս հարցում չկա կոնսենսուս, ինչը չափազանց անհրաժեշտ է այս աղետալի փաստաթուղթը քննարկելու համար: Իշխանությունը և որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այս պահին պետության և պետականության կայացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է: Բավական լուրջ սպեկտրով քաղաքական ուժեր գտնում են, որ այս իրավիճակում դրա անհրաժեշտությունը չկա, և չեն վստահում իշխանության այս մղումների անկեղծությանը: Իշխանությունն անկեղծ չէ իր մղումներում»,- նշեց նա:

Ռ. Հակոբյանն ընդգծեց, թե ընդդիմությունը չունի համապատասխան լծակներ՝ հետևելու պետական բյուջեին: «Մենք ունենք փաստ, որ պետական բյուջեի 70 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում՝ ատկատների գոտում: Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության մեջ փաստարկներ բերվեց հանցագործության մասին, բայց որևէ քայլ չարվեց, որովհետև ընդդիմությունը չունեցավ հնարավորություն դրանք վերահսկելու»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ` սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00 -16:00-ն, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ, որտեղ կուսակցությունը կներկայացնի, թե ինչու է դեմ սահմանադրական բարեփոխումներին:

«Մենք փաստարկներ կնշենք: Մի բան հստակ է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարող է ծանր իրավիճակ ստեղծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Կոչ եմ անում իշխանությանը հրաժարվել այս բավականին վտանգավոր նախագծից»,-եզրափակեց նա:




Լրահոս