Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքում ապրիլի 6-ին մահվան դեպք է գրանցվել: Գյուղի 5 ամսական բնակչուհի Սեդա Նվերի Ֆրանգուլյանը, ով ընտանիքի առաջնեկն էր, քնել է ու ալեւս չի արթնացել: Երեխայի մահվան առթիվ կա երկու վարկած: Նախ` այն, որ երեխան տառապում էր «կեղծ կրուպ» հիվանդությամբ, ապա՝ որ երեխայի մահը վրա է հասել պատվաստման արդյունքում:
Մահվան դեպքի մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Ազատեկ համայնքի գյուղապետ Սիրակ Հովսեփյանը: Նրա տեղեկացմամբ` ընտանիքը միջին սոցիալական պայմաններ ունի: Փոքրիկի ծնողները չեն աշխատում, իսկ տատիկը` Սեդա Ֆրանգուլյանը, դեպքից հետո կաթված է ստացել եւ գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Գյուղապետի հավաստմամբ` Սեդայի ծնողները դժգոհություն են հայտնել նրան բուժող բժշկից եւ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Արտաշես Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը դեռեւս անհայտ է: «Մարտի 15-18-ը Սեդա Ֆրանգուլյանը Վայքի հիվանդանոցի մանկական բաժնում բուժվել է վերին շնչուղիների սուր բորբոքումից (կեղծ կրուպ): Երեխան ունեցել է բարձր ջերմություն, հազ, ձայնալարերի բորբոքում: Դուրս է գրվել լիովին ապաքինված: Ապրիլի 5-ին կատարվել է հնգավալենտ պոլիոմերիտ պատվաստումը: Երեկոյան ծնողները զանգել են բուժող բժշկուհի Փառանձեմ Սարգսյանին եւ տեղեկացրել երեխայի անհանգիստ վիճակի մասին: Նա էլ ցուցել է խմեցնել NUROFEN-ի օշարակ: Առավոտյան երեխային մահացած են գտել: Հրավիրել ենք դատափորձագիտական դիահերձում: Պատասխանները կլինեն 40 օրվա ընթացքում»,-ասաց Ա. Գալստյանը: Ինչ վերաբերում է «կեղծ կրուպով» հիվանդությանը, Արտաշես Գալստյանն ասաց, որ դա դիֆթերիայի տարատեսակ է, երբ կոկորդը փակվում է: Ի դեպ, Ա. Գալստյանը նշեց, որ պատվաստանյութը թարմ է եղել, եւ պատվաստումն արվել է ոչ միայն այդ երեխային, այլեւ շուրջ 150 երեխայի եւս:
Վայքի բուժմիավորման տեղամասային մանկական բժիշկ, կոնսուլտացիայի վարիչ Փառանձեմ Սարգսյանն ասաց, որ ինքը միայն ուղեգրել է Սեդա Ֆրանգուլյանին նույն հիվանդանոցի մանկական բաժին՝ ստացիոնար բուժման: Բուժող բժիշկը, ըստ տեղամասային բժշկի, եղել է մանկական բաժնի բժշկուհի Մելանյա Ղազարյանը: «Այդ օրվա երեկոյան երեխայի անհանգիստ վիճակի մասին ո՛չ ինձ, ո՛չ գյուղի բուժքրոջը չեն ահազանգել: Ինչ վերաբերում է պատվաստման փաստին, ասեմ, որ պատվաստանյութը եղել է թարմ, նույն սրվակից պատվաստվել են եւս 4 երեխա: Փոքրիկի ֆիզիկական վիճակը նպաստավոր էր պատվաստման համար, որը ես նշանակել եմ բուժումից 17 օր հետո»,-նշեց Փառանձեմ Սարգսյանը: Հարցին, թե արդյոք այս դեպքում դերակատարում չի ունեցել այն հանգամանքը, որ երեխան միաժամանակ «կեղծ կրուպ» հիվանդությամբ է տառապել, նա արձագանքեց. «Հակազդեցությունը մեծ չէ, սակայն սպասենք փորձաքննության պատասխաններին»:
Այսպիսով` երեխայի մահվան պատճառը հնարավոր կլինի պարզել 40 օրից:
ՀԻՆԳ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ