«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-ՈՒՄ Ո՞Վ Է Ո՞ՒՄ ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը, ով մասնագիտությամբ ատամնատեխնիկ եւ բուսաբան էկոլոգ է, պարկում ինքնավստահ փոփոխություններ է անում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ 2012-ի մարտի 24-ին ազատված աշխատողներին առաջարկվել է այլընտրանքային աշխատանք, սակայն կրճատվածները չեն համաձայնում աշխատել արտահաստիքային աշխատակցի կարգավիճակով: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հրաժարվում է հանդիպել եւ նրանց առերես բացատրել իրավիճակը: Ի վերջո, ՊՈԱԿ-ում ո՞վ է ո՞ւմ խաբում, ինչո՞ւ են տարբեր հաստիքացուցակներ ներկայացվում, ի՞նչ են թաքցնում նրանք:    
Այս հարցերի պատասխաններն իմանալու համար «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին հողաշինարար, ԵԿՄ մարզային կառույցի փոխնախագահ Ռոբերտ Ավագյանի հետ, ով ասաց, որ երկու ամիս է, ինչ Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ում աշխատում է որպես գիտական գծով տնօրենի տեղակալ. «Ինքը նույնիսկ չգիտի իր աշխատողների կենսագրական տվյալները, մասնագիտական հմտությունները, իրենց աշխատանքները ու պահանջում է, որ գլխավոր մասնագետը նաեւ թեկնածու լինի»: Ըստ նրա` գիտական բաժինը խնդիր չունի գիտական հետազոտություններ կատարելու, այն պետք է անընդհատ հսկողական ֆունկցիա կատարի, պահպանման հարցեր բարձրացնի: «Կոնկրետ աշխատանք պետք է կատարվի բնության հետ: 30 տարվա մասնագետն ազատում է աշխատողին, իսկ նորավարտ էրեխեն ո՛չ ծաղկի տեղ գիտի, ո՛չ ծառի, ո՛չ կենդանու, բերել, դարձրել են բնության պահպան»,-մեզ հետ զրույցում նկատեց Ռ. Ավագյանը: Նա ցավով արձանագրեց, որ պարկում բնապահպանություն չի կատարվում. «Եթե թողեն՝ 10 ձուկ գնա ձվադրման, շատ ավելի մեծ արդյունք կլինի, քան որ միլիոնավոր ձկնիկներ են լցվում լիճը, որոնք նույն օրը եւեթ սատկում են»:
 Բնապահպանը տեղեկացրեց նաեւ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 1978թ.-ից գոյություն ունի, եւ նրա միակ առաքելությունն այժմ բնության պահպանությունն է, հսկողությունը, ոչ թե հետազոտությունը:
 «40 համայնք է մեզ շրջապատում, բավականին լուրջ խնդիր է դա, դրա համար պետք է համարձակություն եւ վճռականություն ունենանք: Սրտացավ պետք է լինենք ինչ-որ բան պահելու, այլ ոչ թե օգտվելու»,-նշեց նա:
Մեզ հետ զրույցում Ռ. Ավագյանը ցույց տվեց պարկի կողմից իրեն տրված հաստիքացուցակները, որտեղ նշված էր 181 հաստիքների մասին: Մինչդեռ ՊՈԱԿ-ից «Ժողովուրդ»-ի խմբագրությանը ուղարկել էին նույն ցուցակը, սակայն 180 հաստիքով: Բայց տվյալ դեպքում նույնիսկ սա չէ էականը: Նկատեցինք, որ Նորաշենի արգելոցի համար որեւէ հաստիք չկա նախատեսված ՊՈԱԿ-ի ցուցակներում: Այս իրողությունը ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վ. Գուլանյանը ուշագրավ կերպով բացատրեց. «Նորաշենի արգելոց կառույց չկա, դա միայն թղթի վրա է եղել»: Մինչդեռ Նորաշենի արգելոցի մասին գիտի մարզի յուրաքանչյուր բնակիչ:
Ինչ վերաբերում է 35, իսկ ՊՈԱԿ-ի տվյալներով 26 աշխատակիցների ազատմանը, ապա «Ժողովուրդ»-ը գործազուրկներից տեղեկացավ, որ նրանց առաջարկել են արտահաստիքային աշխատանք, որից փորձառու աշխատակիցները հրաժարվել են: Հարցին, թե երբ է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությունն առերես հանդիպելու կրճատված աշխատողների հետ, Գուլանյանը պատասխանեց. «Ինչի՞ համար, ո՞ւմ հետ: Այդ մարդկանց հետ որեւէ խոսելու բան չունեմ»:
Այսպիսով` 32, 38, 28 տարվա փորձառու մասնագետներին այսօր գալիս են փոխարինելու անփորձ երիտասարդ գիտնականները, որոնք դեռ պետք է տարիներ շարունակ ուսումնասիրեն Սեւանն ու նոր սկսեն հասկանալ Սեւանի խնդիրները: Իսկ թե երբ պետք է զբաղվեն Սեւանի խնդիրներով, այդպես էլ անհասկանալի է մնում:
Վերջում արձանագրենք, որ  «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը եւ իր նման անտեղյակները, որոնք հավաքվել են պարկում` լուծելու մեր ազգային հարստության` Սեւանի խնդիրները, իրականում զբաղված են բիզնեսով: Նրանք միայն բնությունից ստացվող բարիքներն են տնօրինում, իսկ պահպանությունը հետին պլանում է, եթե չասենք, որ չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս