Ազգային ժողովում այսօր կշարունակվի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Հարցի քննարկումն ընդհատվել էր երեկվա նիստին:
Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ: Այդ կերպ սահմանափակվում է սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները:
Այդ պատճառով, օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:
Կառավարության տեսակետն այսօր կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ով երեկ նշեց, թե գործադիրը խմբագրական մի շարք առաջարկներ է ներկայացրել:
Այսօր խորհրդարան են գալու նաև կառավարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանելու են պատգամավորների հնչեցրած հարցերին: