«ՊԱՊԱՅԻՆ ԿՍՊԱՍԵՍ, ՈՐ ՊԱՊԱՅԻ ՀԵՏ ԳՆԱՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին Իջեւանում տեղի ունեցավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Այն կայացավ առանց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ վերջինիս ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի: Վերջինս նախօրեին կայացած նիստի ժամանակ հայտարարել էր, որ ապրիլի 18-ին այլ դատական  նիստի պետք է մասնակցի:
Երեկ շարունակվեց գործով վկա Գարեգին Սայադյանի հարցաքննությունը:  Ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին պատասխանելով` վկան ասաց, որ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հետ հեռախոսազրույցից հետո լեյտենանտ Արտակ Նազարյանի տրամադրությունն ընկել է: Սակայն  նա չկարողացավ հիշել, թե երբ է  տեղի ունեցել այդ հեռախոսազրույցը: Գ. Սայադյանն ասաց, որ հուլիսի 26-ի կեսօրից հետո Արտակ Նազարյանի տրամադրությունը վատացել է` այդպես էլ չնշելով դրա կոնկրետ   պատճառը: Վկա Սայադյանը հայտնեց, որ իրենց հենակետում ալկոհոլային խմիչքներ չեն եղել, սակայն չկարողացավ բացատրել, թե այդ դեպքում ինչպես է Արտակ Նազարյանն օգտագործել ալկոհոլային խմիչք, վկան ասաց, որ ինքն Արտակից խմիչքի հոտ չի զգացել:  
Այդ ժամանակ Գարեգին Սայադյանը հենակետում հերթապահել է: Մինչ այդ, երբ  հենակետ վառելանյութ են բերել, Արտակ Նազարյանն  այն տեղավորելու համար օգտագործել է կապիտան Հակոբ Մանուկյանի ջրի շիշը: Այդ կապակցությամբ Գարեգին Սայադյանն Արտակ Նազարյանին ասել է, որ եթե Նազարյանը Հ. Մանուկյանի  շշի փոխարեն նոր շիշ չբերի, նա «ֆուֆլո» կդառնա:
Պատասխանելով պաշտպանի հարցին, թե արդյոք Հակոբ Մանուկյանն է իրեն պատվիրել Ա. Նազարյանին նման բան ասել, վկան ասաց, որ  «ֆուֆլո»-ի  մասին զրույցն ինքն ուրիշներից է լսել, սակայն չկարողացավ ասել, թե ումից: Ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի հարցերին ի պատասխան` վկան, թեեւ ոչ հաստատուն, սակայն ասաց, որ Վահագն Հայրապետյանը Հակոբ Մանուկյանի եւ Արտակ Նազարյանի միջեւ կռվի ժամանակ, նրանց բաժանելով հանդերձ, բռունցքով մի հարված է հասցրել Արտակ Նազարյանին: Պաշտպան Լ. Պողոսյանը հայտարարեց, որ ինքը միջնորդելու է, որպեսզի իր պաշտպանին վերաբերող մասով վկա Գարեգին Սայադյանի ցուցմունքները դատարանի կողմից համարվեն ոչ արժանահավատ:
Երբ վկան ավարտեց ցուցմունքներ տալը, փորձեց դահլիճից դուրս գալ ոչ թե ընդհանուր, այլ ծառայողական մուտքից: Դա հարուցեց ամբաստանյալ զինծառայողների ծիծաղը: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանն էլ «ռեպլիկ» նետեց. «Պապային կսպասես, որ պապայի հետ գնաս»: Նա նկատի ուներ, որ ներկայում քաղաքացիական անձ Գարեգին Սայադյանին զինվորական դատախազն  է դատարան բերել:
Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս