«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում հետ խոսեցինք ազգային արժեքների, նաեւ իր դուստր, նորահայտ երգչուհի Սերինե Պողոսյանի մասին:
-Պարո՛ն Պողոսյան, վերջերս իմացա, որ Անդրեի հետ դուետ կատարող աղջիկը` Սերինե Պողոսյանը, Ձեր դուստրն է: Երբ որոշեց երգել, չփորձեցի՞ք նրան հետ պահել:
-Սերինեն շատ փոքր հասակից հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի, եւ Ջիվանու անվան աշուղական դպրոց` երգելու: Դաստիարակվել է իր հայրիկի ժանրի մեջ` ժողովրդական եւ աշուղական երգերով: Առաջին տեսահոլովակն էլ աշուղ Լեյլիի երգի հիման վրա էր, կոչվում էր «Հայրի՛կ ջան»: Երբեք իմ երեխաներին հատուկ պատնեշ չեմ եղել, թողել եմ, որ իրենք իրենց ճաշակները փորձեն դրսեւորել: Կարծում եմ` Սերինեն անհաջողության չի մատնվել, խորապես հավատացած եմ, որ իմ աղջիկն իմ ժանրի շարունակողն է լինելու:
-Բայց դե փաստ է, որ Անդրեի հետ «Սառը քամի» դուետն ավելի մեծ ճանաչում գտավ, քան «Հայրի՛կ ջան» երգը:
-Գուցե, ինչու չէ: Բայց ճանաչումն ավելի մեծ եղավ իր հասակակիցների` երիտասարդության շրջանում, եւ եթե Դուք դա եք չափանիշ համարում, ուրեմն ճիշտ եք:
-Այսինքն` մենք այսօր ավելի շատ փոփ, էստրադային ոճն ենք նախընտրում, քան մեր ժողովրդական եւ աշուղական երգարվեստը:
-Գիտեք, որեւէ ժանր չկա, որ ինձ համար ընդունելի չլինի, լինի դա ժամանակակից արեւմտյան ժանր` ռոք, ջազ եւ այլն: Բայց նրանց հիմքում պետք է լինի ազգայինը, պրոֆեսիոնալը:
-Անհերքելի է այն երեւույթը, որ հեռուստատեսությամբ լսում ենք բոլորովին այլ երաժշտություն:
-Դա հեռուստատեսության խնդիրն է: Մարդիկ, որոնց համար հեռուստատեսությունը նաեւ իրենց բիզնեսն է, վաճառում են այն, ինչ էժան է ու լավ է վաճառվում: Սակայն հայ մարդն իր մեջ ազգային ավանդույթների, արժեքների նստվածք ունի, եւ ժողովրդական ու աշուղական երգերը միանշանակ շատ լավ են ընդունվում:
-Ասում են` պահանջարկն է անորակություն ծնում:
-Այդպես չէ: Այն, ինչը շատ է քարոզվում, մարդկանց դաստիարակում է եւ դառնում «պահանջմունք»: Իրականում այդպես չէ: Եթե այդպես լինի, մեր մայրենին էլ կարող է պահանջմունք չունենալ, դա արդյո՞ք սկզբունք է: Եւ իմացե՛ք, որ մեր մայրենի լեզվին հավասար հզոր ազգապահպան միջոց է հայ երգը` լինի ժողովրդական, աշուղական, հոգեւոր, թե կոմպոզիտորական, խոսքս բարձր արվեստի մասին է:
-Իսկ չե՞ք փորձում ինչ-որ կերպ «խառնվել», որ այդ իրական արվեստն ավելի շատ ցուցադրեն:
-Իհարկե «խառնվում եմ», շատ լավ ընկերներ ունեմ, որոնք գնահատում են մեր ծառայությունները, մեր ազգային արժեքները եւ հարկ եղած դեպքում աջակցում են, եթեր են տրամադրում, մեր համերգները նկարահանում, հեռարձակում:
-Մի քիչ վիրավորակա՞ն չէ, որ համեմատաբար քիչ եք երեւում հեռուստատեսությամբ:
-Վիրավորական է ոչ միայն իմ առումով, այլեւ մեր ազգային երաժշտարվեստի առումով: Երբ ես հիշում եմ, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ գերիշխում են շահը, էժան արժեքները, ավանդույթները, վիրավորական չէ, ուղղակի ցավալի է:
-Ասում են` հայերը սկսել են հեռանալ իրենց ավանդական կերպարից: Իսկապե՞ս այդպես է:
-Ո՛չ, ես միանշանակ դեմ եմ այդ գաղափարին: Հայի տեսակը բացառիկ է ինձ համար, պարզապես նրան պետք չէ դնել ծանր պայմանների մեջ, որ այնպիսի տպավորություն առաջանա, թե նա հեռացել է ավանդական իր նկարագրից: Դուք նրան տվե՛ք աշխատանքային պայմաններ, տեսե՛ք՝ հրաշքներ կգործի:
-Երեխաները սիրո՞վ են գալիս Ձեր աշուղական դպրոց, թե՞ ծնողները ստիպողաբար են բերում:
-Սիրով չեկող չունենք: Ես ընդունելիս միշտ հարցնում եմ. «Դո՞ւ ես եկել, թե՞ ծնողներդ են բերել»: Եւ հիմնականում գերակշիռ մասն ասում է, որ իրենք ցանկացել են, ծնողներն էլ` բերել: Գիտեք, այդ տարիքում երեխան դեռ չի գիտակցում, վատ չէ նաեւ, երբ ծնողը փափագելով բերում է:
-Դո՞ւք էլ եք նույն կերպ վարվել Սերինեի դեպքում, թե՞ նա ինքն է որոշել, որ աշուղական երգն իրեն հոգեհարազատ է:
-Ես միշտ թողել եմ, որ երեխաներս իրենք կողմնորոշվեն, առավել եւս, որ նրանք ծնվել ու մեծացել են մի ընտանիքում, ուր օր ու գիշեր թեւածել է ազգային երգը:
-Օգնե՞լ եք նրան, օրինակ` օգտագործել Ձեր կապերը:
-Ինչպե՞ս կարող է ծնողն իր երեխայի բարի նպատակին չաջակցել: Բա ծնողն ինչի՞ համար է, որ երեխային չօգնի: Ես էլի աղջիկներ ունեմ, բայց Սերինեն առանձնահատուկ շնորհք է դրսեւորել, թե չէ իմ բոլոր աղջիկներն էլ կարող էին երգչուհի դառնալ:
-Խի՞ստ եք դատում նրան:
-Միանշանակ: Ես չեմ կարող ասել, որ իմ երեխայի նմանը չկա աշխարհում: Ես նաեւ որպես մասնագետ եմ մոտենում նրա աշխատանքին եւ խստագույնս պահանջում եմ, որ ինչ արվում է, լինի պրոֆեսիոնալ եւ բարձրաճաշակ:
-Իսկ երբ մասնագետի աչքով եք նայում այսօրվա մեր երգարվեստին, ավելի շատ շնորհքո՞վ, թե՞ ապաշնորհ կատարողներ եք տեսնում:
-Ամեն ինչ հարաբերական է: Հաճախ անտաղանդ մարդիկ շնորհք, կազմակերպչական ջիղ են ունենում, այդպես էլ առաջ են մղվում: Բայց նրանց կողքին լինում են շատ ավելի տաղանդավորները, որոնք հնարավորություն չունեն, աջակից չունեն ու… Ճակատագրի բերումով տաղանդավորները միշտ ստվերում են մնում, իսկ ճարպիկները` առաջ գալիս:
«ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ ԲԱՑԱՌԻԿ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ