ԲՀԿ-ի դեմ դատական երրորդ գործը կհարուցվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուտով կմեկնարկի իրավաբան Նարեկ Ալոյանի հայցը՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Նարեկ Ալոյանի փոխանցմամբ` ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ըստ արժանվույն չի կատարել իր իրավունքներն ու պարտականությունները:

Այս անգամ Նարեկ Ալոյանն Armlur.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 4-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՄԻՊ գրասենյակի` դատարանին խնդրելով պարտավորեցնել ՄԻՊ գրասենյակին տրամադրել իր կողմից հարցվող տեղեկատվությունը:

«Օգոստոսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրել էի տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչու ՄԻՊ աշխատակազմում առկա թափուր համակարգող-իրավաբանի պայմանագրային հաստիքի և այդ հաստիքի մրցույթի մասին հայտարարություն չի տեղադրվել ՄԻՊ կայքում, խնդրել էի տրամադրել այն բուհերի կարիերայի կենտրոնների ցանկը, որոնց, ըստ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, արվել է այդ աշխատանքի առաջարկը, ինչպես նաև ս/թ հուլիսի 14-ին տեղի ունեցած մրցույթն ամփոփող փաստաթղթի պատճենը: Առ այսօր իմ հարցմանը պատասխան չի տրվել` թեև լրացել է հարցմանը պատասխանելու համար սահմանված ժամկետը: Դատական գործը գտնվում է դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում, իմ կողմից ներկայացվել է արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդություն` քանի որ հայցն ակնհայտ հիմնավոր է»,- հայտնեց իրավաբանը:

Վերջինիս փոխանցմամբ` ինքն օգոստոսի 8-ին դիմում է ուղարկել ՄԻՊ Կարեն Անդրեսյանին` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել ՄԻՊ աշխատակազմի տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձին և/կամ այլ անձանց ովքեր մեղավոր են ս/թ հուլիս 17-ին իր կողմից ՄԻՊ ուղարկված տեղեկատվություն ստանալու հարցմանը սահմանված ժամկետների խախտմամբ պատասխանելու համար:

Դիմումը մուտքագրվել է ՄԻՊ աշխատակազմ օգոստոսի 11-ին և առ այսօր մնացել անպատասխան: Նարեկ Ալոյանը վստահեցրեց, որ եթե մեկամսյա ժամկետը լրանալուց հետո դիմումի պատասխանը չստացվի, ապա այդ հարցի առնչությամբ ևս դատական հայց կլինի:

«ՄԻՊ գրասենյակի դեմ դատական գործը տեղեկատվություն տրամադրելու պահաջով իմ կողմից դատարան ներկայացվող թվով երրորդ դատական գործն է: Առաջին երկու գործերը ներկայացվել է ԲՀԿ-ի դեմ, որոնք թեև արդեն դատաքննության փուլում են, սակայն ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս այդ առնչությամբ` այդպիսով` իմ համոզմամբ փորձելով կանխել իրավական գործընթացի նկատմամբ հանրային ուշադրության առաջացումը»,- ասաց Նարեկ Ալոյանը` հավելելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին գրավոր հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչու ԲՀԿ-ն հայտարարություն չի տարածում դատական գործերի մասին (գոնե իր ընտրազանգվածի համար), շուտով կլրանա հարցմանը պատասխանելու ժամկետը, որի ավարտից հետո պատասխան չլինելու դեմքում կլինի երրորդ դատական գործը:

«Հաշվի առնելով տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանվածության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք չեն շրջանցել նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանին` գտնում եմ, որ ներկայումս խիստ անհրաժեշտ է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների միավորումը մեկ միասնական ճակատում, որը միասնաբար հանդես կգա ի պաշտպանություն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքի պաշտպանության` առնվազն մինչ Մարդու իրավունքների պաշտպանին իրավական դաշտ վերադարձնելը»,- եզրափակեց իրավաբան Ն. Ալոյանը:




Լրահոս