Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ խորհրդարանի դիմաց ԱԺ անվտանգության պետի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ ԱԺ-ում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել: Ինձ հայտնի անձը, լրատվամիջոցների պնդմամբ ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը, ԱԺ տարածքից դուրս գալով՝ հարձակում է գործել Ա1plus-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա: Որպես ԱԺ պատգամավոր՝ դատապարտում եմ ԱԺ աշխատակցի նման գործելակերպը, բայց մինչ այդ, պարո՛ն Սահակյան, պատեհ կլինի, որ դուք միջամտեք, որպեսզի իրականացվի ծառայողական քննություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գալուստ Սահակյանին:
Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.
-Ուրի՞շ:
Այդ նույն հարցին անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն՝ առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն կամ վերապատրաստման դասընթացներ՝ անվտանգության աշխատողների համար:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16:30-ի «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել՝ ԱԺ-ի մուտքի վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած Հայրապետյանը հարձակվել է ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: