ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք ունենք մշակութային մեծ ժառանգություն, եւ ինձ հուզում է այն հարցը, թե ով է պատասխանատու հուշարձանների պահպանության համար, եւ ինչ է արվում մեր մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ: Մանավանդ որ մամուլում երբեմն կարելի է հանդիպել դրանց անմխիթար վիճակի մասին ահազանգերի:

Մերի Հակոբյան, 35 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի տարածքում հաշվառված է շուրջ 25 հազար հուշարձան: Այդ թվում` հնագիտական, պատմական, քաղաքաշինական եւ ճարտարապետական, մոնումենտալ արվեստի նմուշներ, մասնավորապես` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն եւ միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ: Հուշարձանի պահպանությունն իրականացնում են հուշարձանի սեփականատերը, տնօրինողն ու օգտագործողը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող եւ չօգտագործվող շուրջ 19 հազար հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը: Պահպանության սուբյեկտ են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, որոնք պարտավոր են ապահովել համայնքային սեփականության հուշարձանների պահպանությունը: Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են նաեւ պահպանության մասին պայմանագիր (պարտավորագիր) կնքել տեղական նշանակության հուշարձանների, շինությունների սեփականատերերի հետ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
 եւ պատմական միջավայրի պահպանության
ծառայություն» ՊՈԱԿ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատկան կառույցը հայ ժողովրդի անցյալ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ինչ-որ չափով աշխատանքներ անում է: Այսուհանդերձ,  կարիք չկա մանրակրկիտ ներկայացնելու, թե ինչ արագությամբ են քայքայվում ու վերանում հանրապետության ամբողջ տարածքի պատմական հուշարձանները: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է պետական ուշադրությունն ու միջոցները բազմապատկել` տարիներ հետո մեր պատմական ժառանգության մասին միայն անցյալ ժամանակով չխոսելու համար:




Լրահոս