Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «ԴԱՀԿ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ աշխարհում չկա մի այնպիսի պետություն, որտեղ քաղաքացուն զրկեն իր բանկային հաշիվներից՝ արտադատական եղանակով:
«Այս առումով մենք ունիկալ երկիր ենք: Չկա մի այնպիսի երկիր, որտեղ Սահմանադրությունը թույլ չտա արտադատական կարգով քաղաքացուն զրկել բանկային հաշիվներից, բայց ինչ-որ ծառայություն՝ ԴԱՀԿ-ն, արգելափակի՞ մարդու հաշիվները: Մեր գործընկերն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից և պարզել, որ այստեղ իր բոլոր հաշիվների վրա կալանք է դրված այն պատճառով, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԴԱՀԿ-ն բավարարվել է՝ միայն ասելով.«Ներեցեք: Տեխնիկական վրիպակ է եղել»:
«Ո՞վ է կրելու այս ամենի պատասխանատվությունը: Կարծում եմ՝ նախագծի հեղինակները կարևորագույն մտահոգությունը պետք է վեր հանեն: Հիմա պետք է տեսնենք, թե մեր Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի՞ այս օրենքը: Չնայած չեմ բացառում, որ ՍԴ-ն սահմանադրական կճանաչի»,- ավելացրեց Զոհրաբյանը: