Հովհ. Չեքիջյանի 85-ամյակի հոբելյանական միջոցառումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը եւ անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել մաեստրոյին նվիրված հոբելյանական համերգ, կառավարության աջակցությամբ հրատարակվել է «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, պատրաստվել են տարբեր հեռուստահաղորդումներ, տեսաֆիլմեր՝ նվիրված մեծանուն արվեստագետին: Չեքիջյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված փառատոններում ու ծրագրերի շրջանակում:

Սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:

2015 թվականին էլ նախատեսվում է համերգային երեկո կազմակերպել Նյու-Յորքում: Կբացվի նաեւ Հովհաննես Չեքիջյանի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Նիստի ավարտին Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իր հոբելյանին նվիրված միջոցառումները կառավարության կողմից լավագույնս կազմակերպելու համար:




Լրահոս