Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը ողջունելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Աբոսուսոս Կակլամանիսի հետ, որի օրոք Հունաստանում ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը: Ես իմ ողջույնները հղեցի ԱԺ-ի անունից և շնորհակալություն հայտնեցի բոլոր 54 պատգամավորներին, ովքեր կողմ են քվերակել այս նախագծին»,- նշեց նա:
Շարմազանովը ընդգծեց, որ դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլ է, այլև ժխտողականության դեմ պայքարի միջոց: «Այս օրենքը դուռ է փակում նոր ցեղասպանությունների համար»,- հավելեց նա:
Այն հարցին, թե այս օրինագծի ընդունումը հնարավո՞ր է շտապեցնի նաև Ֆրանսիային խորհրդարականներին, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ինքը խոսել է նաև Ֆրանսիայի խորհրդարանականների հետ :«Ֆրանսիայի պատգամավորները ժամանելու են Հայաստան: Ֆրանսիայի ԱԺ-ում հանդիպել եմ նաև խորհրդարանի մեծամասնության` սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ, ով մեզ վստահեցրել է, որ իրենք կողմնակից են այդ օրենքին և որքան էլ մեծանան ճնշումները թուրքական կողմից, Ֆրանսիան ևս կընդունի այդ օրենքը: Դա իրենց քաղաքական կամքն է»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Ցեղապանություն ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` Շարմազանովը նշեց, որ այս պահին թեև չկա նման նախագիծ, բայց չի բացառվում, որ առաջիկայում լինի: «Հայաստանի խորհրդարանը 2011 թվականի ապրիլի 24-ին ուղերձ հղեց բոլոր խորհրդարաններին, որպեսզի նրանք ճանաչեն հայերի, հույների և բոլոր ժողովուրդների ցեղասպանությունները: Իսկ դա նշանակում է, որ եթե մենք պահանջում ենք դա, ուրեմն մենք նաև ճանաչում ու դատապարտում ենք: Չի բացառվում, բայց ես կարծում եմ, որ մեր ձայնը շատ ավելի լսելի կդառնա այն ժամանակ, երբ այն ճանաչվի աշխարհի տաբեր երկրների կողմից»,-ասաց նա:
Ըստ Շարմազանովի` Հունաստանի կողմից ճանաչումը կարևոր է նաև նրանով, որ Էրդողանը վերջերս այցելել էր Հունաստան և հանդիպել Հունաստանի վարչապետի հետ: «Մենք համոզվեցինք, որ Թուրքիայի ճնշումները ոչ մի ազդեցություն չեն ունենում»,-ասաց նա: