Այսօր Թուրքիայում ցուցադրվելու է Համատեղ ցավ 1915 խորագրով վավերագրական ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի ժամանակով ժամը 18.05-ին Al Jazeera արաբական հեռուստաալիքով ցուցադրվելու է “Համատեղ ցավ. 1915” խորագրով վավերագրական ֆիլմը: Դա մի 45 րոպեանոց ֆիլմ է, որը շաբաթվա ընթացքում նորից է ցուցադրվելու այդ հեռուստաալիքով, իսկ 10 օր անց այն հեռարձակվելու է արդեն անգլերեն տարբերակով: Ֆիլմում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական և հայկական կողմերի տեսակետերը: Ֆիլմում որոնվում է 1915 թվականին տեղի ունեցածի իսկության պատասխանը: Բացի այդ, ֆիլմում մեջբերվում են սրանից 5 տարի առաջ Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված հայկական “Ակօս” թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները: Դինքը նշում էր, որ այս հարցի կարգավորման միակ ուղին երկխոսությունն է: Ըստ Դինքի՝ առկա է երկու հիվանդ հասարակություն՝ թուրքերն ու հայերը, որոնք կարիք ունեն բուժման: Ապա Դինքը հարցադնում է անում, թե ո՞վ պիտի բուժի նրանց՝ ԱՄՆ-ի սենա՞տը, Ֆրանսիայի Սենա՞տը, թե՞ մեկ ուրիշը: Դինքն այդ հարցին պատասխանում է, որ կողմերն իրենք պետք է բուժեն իրենց. հայերը պետք է լինեն թուրքերի բժիշկները, իսկ թուրքերը՝ հայերի բժիշկները՝ ընդգծելով, որ միակ ելքը երկխոսությունն է, որ դրանից դուրս հարցի լուծման որևէ այլ տարբերակ չկա:




Լրահոս