Հայաստանում օրենքը պետք է պահպանվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մանրամասներին տեղյակ չեմ, բայց անթույլատրելի է ՀՀ-ում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն մարդու մասնագիտական գործունեության նկատմամբ», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ անվտանգության պետը բռնություն էր գործադրել ակցիան լուսաբանող լրագրողի նկատմամբ: «Դրա համար կան իրավապահ մարմիններ, ես երբեք իրավապահ մարմինների ֆունկցիան ինձ վրա չեմ վերցնում, կարծում եմ` իրավապահ մարմինները կքննեն ու կտեսնեն, բայց մանրամասներին տեղյակ չեմ», – ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է, որ ԱԺ-ն ծառայողական քննություն սկսի այս գործը պարզելու համար, ինչին ՀՀԿ խոսնակը ընդգծեց, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, իսկ նման հարցերը պետք է իրավապահ մարմիններն ուսումնասիրեն: