ԻՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Քանի որ մոտ ապագայում մեր երկրում սպասվում են սահմանադրական փոփոխություններ, ուստի Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում երեկ քվեարկության արդյունքում միաձայն որոշվեց բարձրացնել ՀՀ զինանշանը, հիմնը, դրոշը փոփոխելու հարցը: Ինչպես ասում են՝ «սաղ խաղը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը»: Այսինքն՝ մեր երկրում ամեն ինչ այնքան իդեալական է, որ միակ պրոբլեմը մնացել է երկրի խորհրդանիշների հրատապ փոփոխությունը: Հիշեցնենք, որ այս նուրբ խնդիրն անկախ Հայաստանի պատմության մեջ առնվազն երեք անգամ փորձ է արվել լուծել, բայց չի ստացվել: Առաջին անգամ այն տեղի ունեցավ 1990թ. օգոստոսին, երբ անկախության հռչակագրի ընդունումից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է երեք ամսում օրհներգի մրցույթ անցկացներ: Սակայն մինչեւ 1991թ. մրցույթ չանցկացվեց եւ Գերագույն խորհուրդը ընդունեց ժամանակավոր որոշում. ««Մեր հայրենիքն» ընդունել որպես հիմք՝ ՀՀ պետական նոր օրհներգի համար»: Օրհներգի փոփոխության երկրորդ փորձն արվեց 2006թ., եւ այն նույնպես, ըստ էության, տապալվեց: Արդյունքում 2006-ի հոկտեմբերի 21-ին մշակույթի նախարարի գլխավորած մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց հօգուտ Արամ Խաչատրյանի հեղինակած Սովետական Հայաստանի օրհներգի, սակայն միայն երաժշտությանը, բառերի ընտրության հարցն այդպես էլ մնաց առկախ: Իսկ 2006թ. վերջին էլ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենք, ըստ որի՝ մինչեւ ՀՀ նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը, ՀՀ անցումային օրհներգը «Մեր հայրենիքն» է: Այդպիսով երկարաձգվեց սահմանադրական պահանջի կատարման ժամկետը:
Կարծում ենք, որ իրականում երկրի հզորությունը ոչ թե սիմվոլներով, այլ առաջին հերթին տնտեսական ու ժողովրդագրական վիճակով պետք է երեւա: Թող մեր խորհրդանիշը լինի փափկամազ փիսիկ՝ արծվի փոխարեն, հիմնն էլ մնա այն, ինչ ունենք այսօր, բայց իրականում ունենանք մեր բոլորի երազած ազատ, անկախ ու հզոր Հայաստանը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում անդրադարձ կա նաեւ ԼՂ խնդրին: Սակայն ձեւակերպումները հայկական կողմի համար, մեղմ ասած, մտահոգիչ են. ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում: «Դաշինքի անդամներն առաջվա պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»,- նշված է հռչակագրի 30-րդ կետում: Ճիշտ է, հռչակագրի հաջորդ կետում, որտեղ եւս անդրադարձ կա Հարավային Կովկասի հակամարտություններին, հղում է արված նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան սկզբունքներին: Այնտեղ կոչ է արված «կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ, այնուամենայնիվ, վերոհիշյալ դրույթն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Հայաստանը էներգետիկ ոլորտի համար հերթական վարկն է վերցնում. այս անգամ՝ Ասիական զարգացման բանկից: 37 մլն դոլար գումարը՝ 25 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով, տարամադրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» իրականացնելու համար: Բացի այդ, նույն բանկի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունների միջեւ ստորագրվել է նաեւ Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը: Դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանություններն ինչպես կծախսեն այս գումարները: Սակայն այստեղ կարեւոր է հետեւյալը. նախկինում էներգետիկ ոլորտի համար վերցված վարկերն այսօր մարում են ՀՀ քաղաքացիները, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառել էր նաեւ այդ ծախսը: Հիմա, փաստորեն, էներգետիկ ընկերությունների վարկային ծախսերը ավելանում են: Ու չի բացառվում՝ որոշում կայացվի վերանայել էլեկտրաէներգիայի սակագները: Ի վերջո, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ժամանակին չէր բացառել այդ հեռանկարը:
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը մոտ 5 ամիս է՝ քարտուղար չունի. կոալիցիայից ՕԵԿ-ի հեռանալուց եւ դրա հետեւանքով ԱԽՔ-ի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չի շտապում այնտեղ նշանակում անել: Իսկ դա անուղղակի կերպով ցույց է տալիս այդ պաշտոնի դերի ու նշանակության բացակայությունը, այլապես՝ հազիվ թե այն հինգ ամիս մնար թափուր: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԽՔ անհայտ զբաղմունք ունեցող աշխատակազմը շարունակում է օգտվել պետական գնումների համակարգից: Ընդ որում, վերջին շրջանում նրանք ակտիվորեն զբաղված են ԱԽՔ աշխատակազմի ավտոմեքենաների վերանորոգմամբ: Իսկ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից միայն մեկ ամսվա ընթացքում ծախսվել է ավելի քան 680 հազար դրամ: ԱԽՔ ավտոմեքենաների սպասարկումը հիմնականում իրականացնում է «Գարանտ սերվիս» ընկերությունն ու «Ռուբեն Հարությունյան» ա/ձ-ն: ԱԽՔ աշխատակազմը 121 հազար դրամ էլ ծախսել է վերելակների վերանորոգման համար՝ կրկին ՀՀ պետական բյուջեից:
ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ
Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ից հարեւան Վրաստանում ուժի մեջ մտավ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն էլ պատրաստվում է առաջիկայում անդամակցել ԵՏՄ-ին: Ասել է թե` աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության իմաստով մեր կարեւորագույն հարեւանն ու մենք այլեւս գրեթե գտնվում ենք տարբեր տնտեսական գոտիներում, ինչը, բնականաբար, բազում խնդիրներ է առաջացնում:
Սա ենթադրում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, պետք է օրնիբուն աշխատանքներ տանեն` ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանը, ում` դիվանագիտական աշխատանքի հետ հեռավոր աղերս անգամ չունենալու իրողությունը օրեցօր նորանոր հաստատումներ է ստանում:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ս. Սարգսյանի` նախօրեին ունեցած ելույթի ֆոնին աննկատ անցավ նորաթուխ դեսպանի` հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արած ցնցող հայտարարությունը: Անդրադառնալով իր թմրամոլ որդուն 4.6 տարով ազատազրկելու դատարանի վճռին` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն (այս դեպքում արտակարգ` այլ իմաստով) ասել է, թե չնայած դատական գործընթացը կայացել է Սյունիքում, դատավորն ու դատախազն այդ որոշումը համաձայնեցրել են վերադասների հետ` մայրաքաղաքում, եւ եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է. «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում… եթե այդպես են որոշել, իրենք գիտեն, որ իմ տղան է, որ ես էս երկրի, էս պետության համար ով եմ եւ ինչ դիրքորոշում ունեմ, եթե էդպես են վարվել իմ նկատմամբ, ուրեմն դա են ճիշտ համարել»: Սա այլ կերպ` քան հաղորդում հանցագործության մասին` դժվար է որակել; Փաստորեն ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյան, ավելին` արտակարգ եւ լիազոր դեսպանը հայտարարում է, որ Հայաստանում դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարզապես պարտավոր են կամ հետ կանչել եւ պատասխանատվության ենթարկել Յուրի Վարդանյանին` զրպարտության համար, կամ էլ ընդունելով, որ նրա հայտարարությունը համապատասխանում է իրականությանը` համապատասխան միրջոցներ ձեռնարկեն նշված դատավորին, դատախազին, ինչպես նաեւ նրանց վերադասներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Շատերը գուցե կասեն` դե լավ, Յ. Վարդանյանն է, էլի, ով չգիտի նրա իմպուլսիվ եւ կոնֆլիկտային բնավորությունը, բայց նա մեր լեգենդն է, ուստի կարելի է աչք փակել նեղսրտած հոր ասածների վրա: Այս մոտեցումը, սակայն, ընդունելի չէ: Ի վերջո, նա այլեւս մարզիկ չէ, եւ ոչ էլ անգամ ՀՀ սպորտի նախարար: Նա երկիր ներկայացնող դեսպան է, որն իր նման խայտառակ հայտարարություններով, բառիս բուն իմաստով, խայտառակում է ռեսպուբլիկան: