ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՅԴ 10 ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը, քանի որ, ըստ նրա, Քոչարյանը չունի ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ էլ ժողովրդի աջակցությունը:

-Պարոն Շիրխանյան, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո վերստին ակտիվացան նրա վերադարձի մասին խոսակցությունները: Առավելեւս, որ ինքը՝ Քոչարյանն, իր այս հարցազրույցում ակնարկել էր, որ դա միանգամայն հնարավոր է եւ կախված է հանգամանքներից: Դուք որքանո՞վ եք հավանական համարում Ռ. Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
-Ես չեմ հավատում այն լուրերին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ, չեմ հավատում այն տեղեկությանը, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նման մտադրություն ունենալ, որովհետեւ դա զուրկ է հողից… քաղաքական, սոցիալական հողից այդ ինֆորմացիան զուրկ է:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ բացառում դա, այն դեպքում, երբ ինքը` Ռ. Քոչարյանն, իր վերադարձը չի բացառում:
-Մենք տարիների ընթացքում ունեցել ենք մի քանի տասնյակ թեկնածուներ, որոնցից որեւէ մեկը չի բացառում, որ կարող է նորից մտնել պայքարի մեջ: Դա ձգտում է, ու եթե այդ ձգտումը մարդու մոտ կա, դա երբեք չի անցնում, միշտ այդ ձգտումը լինում է: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ, ով ինչ-որ ժամանակահատվածում հեռանում է քաղաքականությունից, միշտ էլ ձգտում է կրկին այնտեղ վերադառնալ:
-Անդրադառնալով քաղաքական դաշտին` Դուք բացառո՞ւմ եք, որ Ռ. Քոչարյանն այժմ բանակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Քառյակի մյուս քաղաքական ուժերի հետ:
-Չեմ կարծում, որ այսօր դա այդպես է: Ես դրան չեմ հավատում ու նման ինֆորմացիաներն իրական չեն: Ե՛վ ճանաչելով, ե՛ւ գնահատելով առկա հնարավորությունները, ես ասում եմ, որ նրա վերադարձը հնարավոր չէ: Եվ քաղաքական դաշտում ինքը աջակցություն չի ունենալու, եւ հատկապես ժողովրդի աջակցությունը չի լինելու:
-ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը «կատաստրոֆա» է լինելու ժողովրդի համար: Դուք համակարծի՞ք եք:
-Երեւի նման բան հայտարարողներն ինձանից մի քիչ ավելի են ճանաչում Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե ժողովրդի համար վատ է լինելու, ու եթե նման հայտարարություն են անում, ուրեմն ճանաչում են նրա վարած քաղաքականությունը, գործունեությունը, դրա համար են նման կերպ արտահայտվում: Ես շատ ուշադիր եմ եղել իր կառավարման 10 տարիներին ու շատ լավ գիտեմ այդ տարիների արդյունքները, եւ ես համարում եմ, որ այդ 10 տարիները Հայաստանի կորցրած տարիներն են:
-Բայց ինքը` Ռոբերտ Քոչարյանը, իր հարցազրույցներում հակառակն է պնդում: Բացի այդ` առկա է պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի՝ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը գրանցել է երկնիշ աճ: Մի՞թե դա բավարար չէ, որպեսզի Ռ. Քոչարյանին համարենք հաջողված ղեկավար:
-Դե, զարմանալի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարեր, որ դրանք կորսված տարիներ են: Դրա արդյունքը զգացել է ժողովուրդը, ամեն ինչ պետք է դատել արդյունքով: Այդ երկնիշ թվերի զարգացման արդյունքը ո՞րն է եղել, Հայաստանում ներգա՞ղթ է եղել, Հայաստանում բարեկեցությունը բարձրացե՞լ է, բարգավաճո՞ւմ է եղել, վճարունակությունը բարձրացե՞լ է, մարդկանց պարտքերը պակասե՞լ են. կարեւոր արդյունքները սրանք են, որոնք Հայաստանն այդ 10 տարիներին չի ունեցել: Թե չէ, եթե թվեր են ասում, ապա երկնիշ չէ, կարելի է անգամ՝ եռանիշ թվեր նկարել:
-Բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ գոնե իր պաշտոնավարման տարիներին արտագաղթը Հայաստանում նման տեմպերի չէր հասնում:
-Բայց մենք գիտենք, որ դա հեքիաթ է, այդ ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջեւ, դրանք վիճվարչության պաշտոնական տվյալներից հանված չեն ու կարելի է այսօր էլ վերցնել այդ թվերն ու համեմատել, տեսնել, թե այդ տարիների ընթացքում ինչքան մարդ է պակասել Հայաստանից: Դա սարսափելի թիվ է ու մենք բոլորս դրա մասին շատ լավ տեղյակ ենք: Կարիք չկա դրա մասին ինչ-որ հայտարարություններ անել, բոլորն էլ դրա մասին քաջատեղյակ են:
-Այնուամենայնիվ, որոշ շրջանակներ անգամ պնդում են, որ Ռ. Քոչարյանի վերադարձի դեպքում կբացահայտվեն նաեւ Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուները…
-Իսկ Մարտի 1-ն ո՞վ է արել, իսկ ո՞վ էր այդ ժամանակ երկրի նախագահը, ի՞նչ է ինքը բացելու, իր հրամաննե՞րը: Այսինքն՝ բացահայտում լինի, որ զորքի տեղաշարժումը այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյա՞նն է կարգադրել: Դա անհնարին բան է: Երբեք չի մոռացվի այն, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին, ժողովրդի հիշողությունը կարճ չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՄԻԳՈՒՑԵ ԽԵԼԱՑԻ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԷԼ ՄԵԶԱՆԻՑ ԽԵԼԱՑԻ ՉԵՔ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում սովորաբար կոլորիտային մթնոլորտ է, հատկապես, երբ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը մի փոքր զայրացած է լինում եւ որոշում է չհամաձայնվել հնչող տեսակետների հետ: Այդ ժամանակ նախագծերի քննարկումն առանձնահատուկ համուհոտ է ստանում. Այվազյանն իր միտքը լավ բացատրելու համար դիմում է ժողովրդական բանահյուսությանը:

Երեկ հերթական նման դեպքն էր. հանձնաժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն, ըստ որի՝ կառավարությունը մտադիր է սահմանային գոտիներում արգելել լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրերի գործունեությունը` այդպիով փորձելով պայքարել մաքսանենգության դեմ: Ըստ կառավարության՝ որքան առեւտրի կետերը մոտ են սահմանին, այնքան մեծ է մաքսանենգության ռիսկը:
Այս նախագիծը դուր չէր եկել Վարդան Այվազյանին, ով էլ զայրացած հարձակվեց հիմնական զեկուցող՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի վրա. «Ներողություն, իմաստը: Եթե լեւի ապրանք են բերում, սահմանն անցկացնում են, մաքսանենգության դեմ պայքարեք, բայց դուք ասում եք՝ մաքսային կետերը փակենք: Խի՞»: Այվազյանը նաեւ անեկդոտ պատմեց. «Հրազդանի շրջկոմի պատմությունը պիտի պատմեմ: Մեկի կինը ամուսնուն դավաճանում է, ասում են՝ բա ինչ արեցիր, ասում է՝ դիվանը փոխեցի: Ասում են՝ կնոջդ փոխեիր, ոչ թե դիվանը: Հիմա դուք ասում եք՝ մաքսանենգություն են անում, առեւտրի վայրը փոխենք»: Բնականաբար, հանձնաժողովի անդամները սկսեցին ծիծաղել, իսկ փոխնախարարը դժգոհեց, որ հանձնաժողովի նախագահը իրեն խոսելու եւ բացատրելու հնարավորություն չի տալիս: Այվազյանը, սակայն, շարունակեց. «Էդ ձեւ չի, տղերք, խնդիր ունեք, լուծեք էդ խնդիրը: Նախ ինչի՞ ա դա կոչվում լիցենզավորված առեւտուր, դուք եք անունը դրել, հիմա էլ ասում եք՝ փակենք… Տղերք, գնացեք սահման, Դեբեդի երկայնքի գյուղերը էդ առեւտրին են նայում, դա նշանակում ա՝ դնենք սաղ փակենք»: Որքան էլ Մելքոնյանը փորձում էր առաջ տանել կառավարության տեսակետը, հանձնաժողովի անդամներին համոզել չհաջողվեց. ի վերջո, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովը քվեարկությամբ մերժեց այս նախագիծը: «Միգուցե մենք ձեզանից խելացի չենք, բայց դուք էլ մեզանից խելացի չեք»,- կառավարության անդամներին շշպռեց Այվազյանը:
Ուշագրավ է, որ այս անգամ նախագծին դեմ էին ոչ միայն ընդդիմադիր, այլեւ՝ իշխանական պատգամավորները. սա այս խորհրդարանի պատմության մեջ եզակի դեպքերից է: Երեկ պատգամավորները պնդում էին. «Մի կողմից ասում եք՝ սահմանամերձ շրջանները զարգանան, մյուսով՝ սա եք բերում, ո՞նց կլինի»: Նկատենք, որ կառավարության ներկայացրած նախագծի դեմ պատգամավորների վրդովմունքը բավականին տեղին է ու հիմնավոր: Նույն տրամաբանությամբ կառավարությունը մի օր էլ կարող է աղքատության դեմ պայքարելու համար ուղղակի կալանավորել կամ արտաքսել աղքատներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Կիրակի օրը երեկոյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է սկսել խոստացված հացադուլը, թե որտեղ՝ պարզ չէ: Երեկ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատալու, որ նա իսկապես հաց չի ուտելու, կարող են բժիշկներին դիմել, որպեսզի ամեն օր ստուգեն իրեն: «Մենք երկուշաբթի օրը հանրահավաք ունենք, ինչի համար էլ ես մի օր շուտ կսկսեմ իմ հացադուլը: Որոշել եմ կիրակի օրը՝ պատարագից հետո, երեկոյան սկսել: Բողոքս վերաբերում է իշխանությունների հրաժարականին, բայց թե որտեղ կանեմ հացադուլը, դա արդեն իմ խնդիրն է: Դա ես չեմ անում ինչ-որ բան ցույց տալու համար. կարող է գնամ Դադիվանք, կարող է գնամ Գանձասար, կարող է գնամ Հաղարծին: Այսինքն՝ կախված է իմ առողջական վիճակից, թե որքան կարող եմ ավտոմեքենա վարել, իսկ ով էլ որ կկասկածի՝ կարող է բժշկի ասել, ստուգեն, համոզվեն»:

 

ՑՈՒՑԱԿՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի եւ «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի միջեւ թեժ պայքարը տեւական ժամանակ է, ինչ շարունակվում է: ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Առատաշենի համայնքապետը զանգահարել է կազմակերպության ներկայացուցիչ Համլետ Սմոյանին եւ պահանջել, որ իրենց գյուղի եզդիների կողմից հավաքված գումարը հետ վերադարձնի, քանի որ ինքը պետք է այն տա մարզպետարանին: Բորիս Մուրազիի պնդմամբ՝ գյուղապետը Սմոյանին սպառնացել է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանի հետ, ով ասաց. «Ես իրենց չեմ ճանաչում, ուր մնաց թե սպառնամ: Այդ եզդիները, ովքեր մեր համայնքի եզդիներից են վերցրել գումարը, գիշերով են եկել գյուղ ու նրանց տներից հավաքել են: Ես ընդամենը հետաքրքրվել եմ, թե այդ գումարն ինչ են արել ու ցուցակն եմ պահանջել, որ իմանամ՝ իմ համայնքից ո՞վ եւ որքա՞ն գումար է փոխանցել»:

 

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նախօրեին Ճամբարակում 20 րոպե տեւողությամբ ուժգին կարկուտը վնասել է ոչ միայն ցանքատարածությունները, այլեւ մեքենայի ապակիներն ու շինությունների տանիքները: Երեկ «Ժողովուրդ»-ը քաղաքապետ Յուրիկ Ավալյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում պետական կառույցները: «Հիմա մենք այս պահի դրությամբ հաշվարկում ենք վնասի չափը: Ամբողջ համայնքի բնակարանները պետք է ստուգենք, որ մի քիչ աշխատատար պրոցես է, այս պատճառով հնարավոր է երեք-չորս օրից կավարտենք»,-փոխանցեց քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ վնասված տանիքների մասով փոխհատուցում տրվելո՞ւ է բնակիչներին, քաղաքապետը պատասխանեց. «Չգիտեմ: Պետք է հաշվարկենք, տեսնենք, թե ինչ պատկեր կստանանք: Մենք էլ ենք օգնություն ակնկալում»: Արդեն երկու օր է անցել, իսկ նրանք դեռ հաշվարկում են։ Հուսանք՝ այս անգամ էլ ի չիք չեն դառնա խոստումները:

 




Լրահոս