ԼՂ ԽՆԴԻՐԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Իշխանական ճամբարը երեկ ցնծության մեջ էր. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ում նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվել էր Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, մտնելով հանդիպման համար նախատեսված սենյակ, բարեւում է Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, մի քանի բառ փոխանակում նրանց հետ: Իսկ այդ ընթացքում սենյակ մտած Իլհամ Ալիեւին Քերին չի նկատում:
Բարեվ կտամ իմ յարին
Ադրբեջանի նախագահն անհամբեր սպասում է, թե երբ Քերին կնկատի ու կբարեւի իրեն: Երբ վերջապես Քերին հրավիրում է հայկական կողմին՝ զբաղեցնելու իրենց տեղը, Ալիեւն ինքն է առաջ գալիս ու ողջունում: «Որտե՞ղ էիք թաքնվել»,-ժպիտով հարցնում է Քերին: «Ձեր հետեւում էի»,-ամաչկոտ պատասխանում է Ալիեւը:
Ահա այս դարակազմիկ դրվագը երեկ ուղղակի ցնցել էր իշխանություններին. սոցիալական ցանցերում ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու պատգամավորները Ալիեւի հասցեին ծաղրական մեկնաբանություններով ակտիվ տարածում էին տեսագրությունը. ի վերջո, Սերժ Սարգսյանը, որ վերջապես որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այնտեղ «դիվանագիտական լուրջ հաղթանակ էր գրանցել»: Սակայն իշխանությունների աչքից վրիպել էր մեկ նրբություն. տեսագրության մեջ հստակ երեւում էր, որ Սերժ Սարգսյանը Քերիի հետ շփվում է թարգմանչի միջոցով. իսկ այդ ֆունկցիան ստանձնել էր նրա ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը: Նա թարգմանում էր ԱՄՆ պետքարտուղարի հարցը, որին Սարգսյանը պատասխանում էր ժպտալով ու գլխով «դրական» շարժումներ անելով: Իսկ ահա Իլհամ Ալիեւը Քերիի հետ շփվում էր անգլերենով՝ առանց թարգմանչի:
Աշխարհաքաղաքական խաղերի խաչմերուկում
Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծիք էր հայտնել. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սպասվում է մեր ընդհանուր արժեքների եւ նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»: Եռակողմ հանդիպումից հետո, սակայն, որեւէ կտրուկ հայտարարություն չեղավ, այլ՝ հնչեցին վաղուց ի վեր հայտնի հերթապահ նախադասությունները: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, Քերին խորը մտահոգություն է հայտնել հրադադարի կնքումից ի վեր ամենամեծ թվով զոհեր արձանագրած վերջին բախումների կապակցությամբ, կողմերին հորդորել է խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
Ակնհայտ է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիումն ավելի շատ ուղղված էր ՌԴ-ին, մանավանդ՝ այսօրվա աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ գնալով սրվում է Արեւմուտք-ՌԴ սառը հակամարտությունը: Ինչպես հիշում եք՝ հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գոտում օգոստոսյան միջադեպերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում էր կազմակերպել Սարգսյանի ու Ալիեւի հետ՝ հրավիրելով նրանց Սոչի: Դրանից հետո սահմանին կրակոցները նվազեցին, իսկ ՌԴ-ն անուղղակի կերպով փորձեց ցույց տալ, թե Հարավային Կովկասում իր խոսքը որոշիչ է: Հիմա, ԱՄՆ-ն էլ իր հերթին ցույց է տալիս, որ լուրջ ազդեցություն ունի արցախյան հակամարտության կողմերի վրա, որ ինքն էլ կարող է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, ավելին՝ ՆԱՏՕ-ի նախկին գագաթաժողովներին մասնակցելուց հրաժարված, դեպի ԵՏՄ ընթացող Ս.Սարգսյանին կարող է կանչել ՆԱՏՕ: Եվ վերջապես ամենակարեւորը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է կազմակերպել մի իրավիճակում, երբ սահմանին չկա լարվածություն, երբ չկան հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներ:
Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատեւ չես
Երեկ օրվա վերջում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հռչակագիր է ընդունել, որում անդրադարձ կա նաեւ ԼՂ խնդրին: Միայն թե, ձեւակերպումները հայկական կողմի համար, մեղմ ասած, մտահոգիչ են: Բանն այն է, որ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում: Հռչակագրի 30-րդ կետում նշված է. «Ղրիմի ապօրինի օկուպացիան եւ ռազմական ինտերվենցիան Ուկրաինայի արեւելքում հիմնավոր մտահոգություններ են առաջացրել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ այլ գործընկերների շրջանում: …Դաշինքի անդամներն առաջվա պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»: Ինչպես նկատեցիք՝ հատուկ շեշտված է տարածքային ամբողջականությունը, ինչը բավականին վտանգավոր է: Ճիշտ է, հռչակագրի հաջորդ՝ 31-րդ կետում, որտեղ եւս անդրադարձ կա Հարավային Կովկասի հակամարտություններին, հղում է արված նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան սկզբունքներին. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»:
Բայց խոստովանենք, եթե ՀՀ իշխանությունները, հայկական դիվանագիտությունը անկարողունակ չլինեին, ապա թույլ չէին տա ԼՂ խնդրին անդրադարձ՝ ռուսական օկուպացիայի համատեքստում, էլ չենք խոսում՝ տարածքային ամբողջականության դրույթի մասին: Ասել է թե՝ ՆԱՏՕ-ի ամբիոնից Ս.Սարգսյանի ելույթն ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպումն անգամ չօգնեց՝ խուսափելու նման տհաճություններից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Խորհրդարանի գործունեության մշտադիտարկում անող www.parliamentmonitoring.am կայքը վերլուծության արդյունքում եկել է այն եզրակացության, որ ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նկատմամբ նվազել է վստահությունը: Նրանց կարծիքով, ինտենսիվորեն պակասում են ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումները. գարնանային նստաշրջանում նրանք ընդամենը 3 են եղել (ըստ որում, դրանցից մեկը մնացած է եղել նախորդ նստաշրջանից), այն դեպքում, երբ նախորդում դրանց թիվը եղել է 6, դրանից առաջ՝ 13: Հիշեցնենք, երբ հանձնաժողովում իշխանությունը թվաքանակով զիջում էր ոչ իշխանական ուժերին, ՀՀԿ-ն ստիպված եղավ փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ավելացնելով իր ներկայությունը: Արդյունքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, որի ներկայացուցիչները պետք է ռոտացիոն կարգով զբաղեցնեին հանձնաժողովի նախագահի ու տեղակալի պաշտոնները, բոյկոտեց՝ հետ կանչելով իր պատգամավորներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, թե չի կիսում այդ տեսակետը: «Չեմ կարծում, որ դիմումների թվի նվազումը կապված է վստահության պակասի հետ: Ու պետք է էթիկայի հանձնաժողովը վերջապես իր լիազորություններով զբաղվի, այլ ոչ թե միայն վիրավորանքի եւ զրպարտանքի հետ կապված եզրակացություններ տա»,- ասաց նա:
ՆՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների գլխին կուտակված սեւ ամպերը դեռ չեն ցրվում: Նախ՝ օգոստոսի 27-ին աղմկարար կերպով ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը, ում ձերբակալել էին ապօրինի վարձատրություն ստանալու հատկանիշներով: Երեկ էլ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով Լաբլաջյանը միակ մեղադրյալը չէ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հենրիկ Մարտիրոսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Իսկ թե այս խմորն ինչքան ջուր կքաշի, դեռ դժվար է ասել: Միայն հայտնի է, որ նախարարության շատ աշխատակիցներ դեռ կներգրավվեն այս քրգործում:
ՎԱՏԱՌՈՂՋ Է
Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանի առողջական վիճակով անհանգստացած Վանաձորի ՔԿՀ են այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության որոշ ներկայացուցիչներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք զրուցել են դատապարտյալի հետ ու հեռացել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արկադի Վարդանյանը դժգոհել էր, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր համար հատուկ հրահանգով սահմանված փակ ռեժիմը խեղդում է իրեն. «Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է, որ ես մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան չհասնեմ: Այս վերաբերմունքը իմ նկատմամբ ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի հրամանատարի վարքից, որի հետեւանքով մահացավ հայ երիտասարդը»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆԻՄԱՍՏ ԶԲԱՂՄՈՒՆՔ
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»: 168.am-ի փոխանցմամբ՝ օրենքն ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացրել է Մհեր Շահգելդյանն՝ ասելով, որ իրենց նպատակն է՝ պաշտպանել միջին եւ փոքր առեւտրային օբյեկտները, քանի որ, ըստ վիճակագրության՝ 2013թ. փակվել է այդպիսի 8 հազար օբյեկտ: Իսկ փակվելու պատճառն այն է, որ նրանք չեն դիմանում խոշորների հետ մրցակցությանը: Բայց արդյո՞ք ՕԵԿ-ի կողմից ներկայացված այս օրենքի նախագիծը լուծում է այդ խնդիրը եւ փոքրերին պաշտպանում մեծերից: Բացարձակապես՝ ոչ: 8 հոդվածից կազմված այս օրենքի նախագծում տրված է ընդամենը սահմանումը, թե ինչ է ըստ ՕԵԿ-ի պատկերացման՝ հիպերմարկետը, սուպերմարկետը եւ առեւտրային պահեստը: Ըստ այդմ՝ հիպերմարկետը 3 հազար քմ եւ ավելի առեւտրային տարածք ունեցող առեւտրի օբյեկտն է, սուպերմարկետը՝ 300քմ եւ ավելի տարածք ունեցողը, իսկ խանութ պահեստը, որը, բացի մանրածախից՝ իրականացնում է նաեւ մեծածախ առեւտուր եւ ունի 500 քմ եւ ավելի տարածք:
ՎԱՐԿ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ
2014 թ. օգոստոսի սկզբի դրությամբ՝ Ազգային հիփոթեքային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվել է թվով 59 հիփոթեքային վարկ՝ 458 միլիոն ՀՀ դրամ ծավալով: Ըստ ԱՀՀ հրապարակած ցուցանիշների՝ բնակարան ձեռք բերելու վարկերի հիմնական մասը հատկացվել է Երեւանում, իսկ մարզերում վիճակը բավականին պասիվ է, հատկացվել է 2-3 վարկ, առավելագույնը Շիրակում է՝ 5 վարկ, Սյունիքում եւ Վայոց ձորում 1-ական վարկ է տրվել, իսկ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Տավուշում, Գեղարքունիքում հիպոթեքային ձեռք բերման վարկեր քաղաքացիները չեն վերցրել: Նշենք, որ վերջին շրջանում նկատվում է հիպոթեքային վարկերի պահանջարկի նվազում:
ՀԵՌԱՑԱՎ
Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: «Սիրելի գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից: Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ»,-գրել է նա՝ շնորհակալական խոսքերով: