ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՏԱԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ

Բոլորիս է հայտնի «քարով մի խաղա, մեջն արյուն կա» ժողովրդական խոսքը: Ողջաբերդի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանին, անկասկած, այս խոսքերն անծանոթ չեն, բայց նա որոշեց խաղալ «քարով», ավելի հստակ` լիցքավորված ինքնաձիգով: 2013 թվականի մարտի 12-ին ԼՂՀ ՊԲ N զորամասում Սերոբի արձակած կրակոցից զոհվեց նրա ծառայակից ընկերը` Վոլոդյա Ավագյանը:

Ընկերները Վոլոդյային մտերմորեն «Տաշիր» էին կոչում` ելնելով նրա ծննդավայրի անունից: Տաշիրն ու Սերոբը մտերիմ ընկերներ էին. երբեք չեն վիճել, տարաձայնություններ էլ չեն ունեցել: Այդ օրը Սերոբը որոշել էր կատակել եւ իր ինքնաձիգով վախեցնել Տաշիրին, թե կսպանի… ու կատակի հետեւանքները ողբերգական եղան:
Մարտական դիրքում Սերոբը փամփուշտատուփն ամրացրեց զենքին, փակաղակը քաշելով` լիցքավորեց այն եւ փողն ուղղելով ընկերոջ գլխին` մեկ ընդհուպ կրակոց արձակեց նրա ճակատի ձախ շրջանին եւ սպանեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերոբի ծննդավայրի ղեկավար Նորայր Մելքոնյանը վստահեցրեց, որ զինծառայողն ընդունակ չէ մարդու սպանել, եւ տեղի ունեցածը թյուրիմացություն եւ պատահականություն է: Ողջաբերդի ղեկավարի գնահատմամբ` Սերոբն այն մարդն է, ումից շատ երիտասարդներ պետք է խոհեմություն եւ ընկերասիրություն սովորեն, օրինակ վերցնեն նրա բարությունից:
«Սերոբն ամբողջ Ողջաբերդում առանձնանում էր իր համեստությամբ: Բոլորիս շատ էր զարմացրել դեպքը: Անգամ հայրը՝ Սոսը, չի կարողանում բացատրել՝ ինչպես նման բան եղավ, Սերոբը ոչինչ չի պատմել: Դեպքի օրը շփոթված զանգել է հորը, թե՝ պապ, մարդ եմ խփել, դատվում եմ: Սոսն ասում է՝ չհասկացա՝ ինչ էր ասում: Մինչեւ փորձեցինք մարդ գտնենք, որ մի բան ասեն, արդեն հայտնեցին, թե ձերբակալվել ա»,- «Ժողովուրդ»-ին պատմեց համայնքապետը՝ հավելելով, որ Սերոբի ծնողները չեն կարողանում այցելել նրան՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանը թե՛ նախաքննության, թե՛ դատական քննության ընթացքում հայտարարել է, որ Վոլոդյա Ավագյանին սպանելու նպատակ կամ պատճառ երբեւէ չի ունեցել, նրանց միջեւ մշտապես եղել են ընկերական ջերմ հարաբերություններ: Հատկանշական է այն, որ Սերոբը տեղեկացրել է, որ լիարժեք տիրապետում է զենքից օգտվելու կանոններին եւ իր ծառայության 9 ամսվա ընթացքում հասցրել է ուսումնասիրել յուրաքանչյուր մանրուք:
Ինչեւէ, ինքնաձիգն առանց կողմնակի միջամտության չի կրակել, իսկ միջամտողը եղել է Սերոբ Բուդաղյանը, ով, թեկուզ իր կամքից անկախ, դարձել է մտերիմ ընկերոջ անժամանակ մահվան պատճառը:
Որդեկորույս Սեդրակ Ավագյանը որեւէ դժգոհություն չի հայտնել դատարանին՝ ընդդեմ Սերոբի. նա միակ որդուն է կորցրել, եւ դրանից առավել ողբերգություն լինել չէր կարող: «Տղես ա մահացել՝ ինձ ոչ մի բան չասելով: Սերոբի մասին ընդհանրապես չի պատմել, չի խոսել: Եթե կռված լինեին կամ խնդիրներ ունենային, կասեր ինձ, բայց բան չի ասել»,-ցավը սրտում պատմել է Սեդրակ Ավագյանը:
Իսկ տղաների ծառայակից ընկերները, վերհիշելով դեպքը, դատարանում պատմել են. «Սերոբն ընկել էր Տաշիրի կողքը, գլուխը պահել ձեռքերի մեջ ու լացելով ասում էր. «Տաշի՜ր, ի՞նչ արեցի, սպանեցի՜»: Գագիկ Հակոբյանը, ով նույն օրը մարտական դիրքերում հերթապահում էր տղաների հետ, պատմել է, որ Սերոբը մոտեցել է իրեն ու ասել. «Գագուլիկ, ես եմ արել, կարա՞ս ասես սամաստրել ա էղել, թե չէ դատվելու եմ»:
Նույն խնդրանքով Սերոբը դիմել է նաեւ մյուս ծառայակիցներին եւ առանց պատասխանը լսելու այս ու այն կողմ է վազել: Իսկ դեպքի վայր ժամանած հրամանատարին՝ Գեղամ Մանուկյանին զինվորը խնդրել է օգնել իրեն եւ թույլ չտալ, որ դատեն: Հրամանատարն էլ, ի պատասխան, ասել է, թե ոչ ոք չի դատվելու, հանգիստ եղիր, հասկանանք՝ ինչ է կատարվում:
Այդուհանդերձ, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով՝ Սերոբը դատապարտվեց ազատազրկման 12 տարի ժամկետով:
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն սեպտեմբերի 1-ին բողոքարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սերոբին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, այն է՝ սպանությունը՝ խուլիգանական դրդումներով:
Հ.Գ. Ի դեպ, դիրքերում հերթապահության ժամանակ զինծառայողի ինքնաձիգը պետք է պարտադիր լիցքավորված լինի: Եվ նաեւ դա է պատճառը, որ հրազենային կրակոցներից մահվան ելքով պատահարների մեծ մասը գրանցվում է հենց դիրքերում` հերթապահության ժամանակ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՎՆԱՍԱԿԱՐ ՋՐՈՎ ՀԱ՞Ց ԵՆ ԹԽՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին «Ժողովուրդ»-ին է զանգահարել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի բնակիչ Հովսեփ Ղալումյանը եւ հայտարարել, որ ինքը 54 տարեկան է, 15 տարեկանից զբաղվում է հաց թխելով, եւ որ իր թխած հացը որակյալ է, պահանջարկ է վայելում, ինչն էլ առաջացրել է մրցակիցների նախանձը:

Վերջիններս Սեւքար գյուղի բնակիչների անունից բողոք են գրել Տավուշի մարզի դատախազություն, որտեղից էլ բողոքն ուղարկվել է ոստիկանություն: Բողոքի հեղինակները նշել են, թե Ղալումյանի արտադրած հացի մեջ օգտագործվում են անձրեւաջրեր: Հ. Ղալումյանն ասաց, որ ինքը հացի արտադրության մեջ օգտագործում է գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրի ջուրը:
Նրա խոսքերով՝ այդ աղբյուրից են սնուցվում գյուղի մանկապարտեզն ու բնակիչները: Բողոքի հիման վրա սննդի տեսչությունից եկել են, ջրի փորձանմուշներ վերցրել, տարաներում դրանք կնքել եւ ուղարկել են փորձաքննության: Լաբորատոր հետազոտության եզրակացության մեջ նշված է, որ ըստ Ցելսիուսի 37 աստիճան տաքացնելու դեպքում այդ ջրից արտազատվում են բակտերիաներ:
Ներկայում Հովսեփ Ղալումյանը, ով հացի արտադրության մեջ ընդգրկված 3 բանվոր ունի, դադարեցրել է հացի արտադրությունը: Հ. Ղալումյանն ասաց, որ հացի արտադրամասի շենքի արտաքին դիտարկման համար տեսախցիկներ են տեղադրված: 2 օր առաջ՝ երեկոյան, անհայտ անձինք փայտով հրել, բարձրացրել են տեսախցիկը, որպեսզի իրենց գործողությունները չտեսագրվեն, ապա աղմուկ-աղաղակով խփել են փռի պատուհաններին եւ ահաբեկել աշխատողներին:
Ասվածի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը կապվեց Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանի հետ: Նա հաստատեց, որ Տավուշի մարզի դատախազությունում Սեւքար գյուղից բողոք է ստացվել՝ հացի արտադրության սանիտարական պայմանների հետ կապված: Քանի որ այն առնչվում է մարդկանց առողջությանը, բողոքին ընթացք է տրվել: Դատախազը «Ժողովուրդ»-ի թղթակցից տեղեկանալով, որ բակտերիաներ պարունակող ջրից օգտվում է նաեւ Սեւքարի մանկապարտեզը, ասաց, որ դա լուրջ հարց է եւ խոստացավ զբաղվել խնդրով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԲԼԹ

«Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք եւ ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան եւ ներդրումներ կատարեք մեր երկրում»:

Գագիկ Ծառուկյան Tert.am

Նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում բողոքում էր Հայաստանի իշխանություններից, ասում էր, որ երկիրը կոռումպացված է: Իսկ հիմա ո՞ւմ հույսով է Գագիկ Ծառուկյանը ներդրումներ անելու համար Հայաստան հրավիրում Չինաստանի Կոմկուսի քաղբյուրոյի պաշտոնյաներին եւ նրանց գործընկերներին: Բա ո՞ւր մնաց երկրի կոռումպացված լինելը, չէ՞ որ կոռումպացված երկրում ներդրումներ անելը խիստ ռիսկային է: Փաստորեն, ժամանակին Եվրոպայում հաջողության չհասնելով՝ Գագիկ Ծառուկյանը հիմա էլ չինացիների հետ է փորձում ինչ-որ կասկածելի գործարքների մեջ մտնել:

 

 

«Ինչ-որ մեկի մոտ սովորություն է դարձել իմ հասցեին հայհոյանքներ թույլ տալ։ Ես դիմել եմ նաեւ ոստիկանություն»:

Ռադիկ Մարտիրոսյան Armlur.am

ՀՀ ԳԱԱ նախագահի համար սա երեւի թիվ մեկ կարեւոր հարցն էր, որը նա պետք է բարձրացներ կառավարության նիստի ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք, մի քաղաքացի փողոցում հայհոյել է Ռադիկ Մարտիրոսյանին: Ինչպիսի՜ ողբերգություն: Չէ՞ որ ինքը սուրբ է, անսխալական եւ հնարավոր չէ, որ որեւէ մեկը իրեն չսիրի եւ հայհոյի: Իսկ մեր ԳԱԱ-ն երեւի այլ խնդիրներ չունի՝ բացի հայհոյող քաղաքացիներից, ու, հավանաբար, նման քաղաքացիների պատճառով է, որ Հայաստանում գիտությունը չի զարգանում: Իսկ մենք էլ անամոթի պես մեղքը բարդում էինք Ռադիկ Մարտիրոսյանի եւ կառավարության վրա:

 

 

«Պաշտոնավարման ժամանակ իհարկե ունեցել եմ ե՛ւ սխալներ, ե՛ւ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ»:

Վահե Հակոբյան Armlur.am

Նախ ասենք, որ իր գործին անմնացորդ նվիրում ունեցողն այդքան շուտ իր կամքով չէր կարող ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից եւ դառնալ Ջրային տնտեսության նախագահ: Չգիտես ինչու, մեր պաշտոնյաների մեծամասնությունը միշտ նշում է, որ աշխատում է անմնացորդ նվիրումով, սակայն տարօրինակ կերպով այդ անմնացորդ նվիրման արդյունքները այդպես էլ չենք տեսնում: Իսկ բացթողումներ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ եղած ժամանակ, իհարկե, ունեցել է, թեկուզ միայն այն, որ այդպես էլ չկարողացավ Սյունիքի մարզի բնակիչների սոցիալական վիճակը փոխել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս