Այսօր ապրիլի 24 է` մեր համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը: Թերեւս սա այն միակ օրն է, երբ յուրաքանչյուր հայ` անկախ տարիքից, սեռից, քաղաքական հայացքներից կամ դասակարգային պատկանելությունից, մտածում եւ ցանկանում է մեկ բան` Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում: Տասնամյակներ շարունակ հենց Ցեղասպանության ճանաչման հարցն է եղել մեր աշխարհասփյուռ հայությանը միավորող ամենամեծ գործոններից մեկը, որը, սակայն, Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի արդյունքում լուրջ ճաքեր տվեց: Այսօր արդեն ակնհայտ է, որ 2009-ի ապրիլի 22–ին` Ցեղասպանության հիշատակի նախօրեին մեկնարկած այդ գործընթացի արդյունքում մենք լրգաջույն կորուստներից բացի որեւէ ձեռքբերում չունեցանք: Առաջին եւ ամենավտանգավոր կորուստը Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ առաջացած անջրպետն է, որի հետեւանքներն արդեն իսկ տեսանելի են ոչ միայն Ցեղասպանության հարցում սփյուռքյան կառույցների աշխատանքի որակական փոփոխության, այլեւ Հայաստանին հատկացվող օգնության կտրուկ նվազման հարցում: Երկրորդ` ոչ պակաս վտանգավոր կորուստն այն է, որ այս գործընթացի արդյունքում ԱՄՆ իշխանությունները ոչ միայն կարողացան խուսափել իրենց խոստումների իրագործումից, այլեւ ի դեմս Հիլարի Քլինթոնի, այսօր արդեն ակնհայտորեն հակահայկական հայտարարություններ են անում: Եթե հիշում եք, 2009թ. սեպտեմբերին, իբրեւ հայ-թուրքական գործընթացի հիմնավորում, Սերժ Սարգսյանը նշեց, թե թուրքերը խոսք են տվել ամերիկացիներին, եւ խաբել Հայաստանին, տվյալ դեպքում կնշանակի խաբել ԱՄՆ-ին: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ միակ խաբվածը Հայաստանն է: Հաջորդ կորուստն այն է, որ հայ-թուրքական արձանագրություններով մենք պարզապես կաթվածահար արեցինք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` անցած տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ քննարկումներին, Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն այդպես էլ չավելացավ: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած օրինագծին եւ անցած հոկտեմբերին Երեւանում տված խոստումներին, ապա Սակրոզիի կողմից օրինագիծը ժամանակին չստորագրելու եւ արդյունքում Ֆրանսիայի ՍԽ կողմից այն հակասահմանադրական ճանաչելու փաստը բացեց անգամ պարանոիկ լավատեսների աչքերը` ակնհայտ դարձնելով, որ Սարկոզին պարզապես իր նախընտրական շահերից ելնելով էր հետամուտ եղել այդ օրինագծի ընդունմանը: Եվ այստեղ Հայաստանի Հանրապետությունն ու Սերժ Սարգսյանը հեռավոր դերակատարություն անգամ չունեին: Չենք կարող չանդրադառնալ թուրքական իշխանությունների օրեցօր ավելի լկտի դարձող պահվածքին` արձանագրությունների ստորագրման օրը աղվեսի նման ժպտացող Դավութօղլուն, օրինակ, երեկ Հայաստանն անվանել է հանցագործ պետություն: Մինչդեռ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները թուրքական իշխանությունները շատ ավելի զուսպ էին խոսում Հայաստանի մասին: Ու մինչ օրս արձանագրությունները գտնվում են օրակարգում:Իսկ մենք այս կարեւոր հարցերը թողած Ծառուկյանի վերտուն ենք քննարկում:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ