ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

«Վիկիլիքս»-ի հրապարակած այս փաստաթուղթը պատմում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի` 2009թ. մայիսի 18-20-ը Սյունիքի մարզ կատարած այցելության մասին: Հեղինակը հենց դեսպանն է, ով ներկայացնում է Հայաստանի ամենակարեւոր մարզերից մեկի սոցիալ-տնտեսական դրությունը: Զեկուցագրում ներկայացված են այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են Սյունիքի բնակչությանը՝ գործազրկություն, թանկացումներ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, մեկուսացում: Դիվանագետի ուշադրության կենտրոնում է հատկապես այն հանգամանքը, որ մարզը, լինելով սահմանակից Իրանին, գտնվում է անմխիթար մեկուսացման պայմաններում: Հատկանշական է, որ Յովանովիչը զեկուցագիրը վերնագրել է այսպես. «Բարի գալուստ տուն. համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերադառնում է Սյունիքի մարզ»:

Հայաստանի տարբեր մարզեր այցելություններ կատարած Յովանովիչի հերթական կանգառը Սյունիքի մարզում էր, որտեղ նա հանդիպել է իշխանության տեղական ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության անդամներին եւ այլոց: Քննարկման կենտրոնական թեման է եղել մարզում տիրող տնտեսական իրավիճակը: Յովանովիչը տեղեկացնում է, որ Սյունիքը Հայաստանի տնտեսական ամենակարեւոր գոտիներից է, որը բավականին մեծ հնարավորություններ ունի գյուղատնտեսության ու հանքային արդյունաբերության բնագավառներում: Հեղինակն արձանագրում է, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն է՛լ ավելի է սաստկանում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզն ուղղակիորեն կտրված է մայրաքաղաքից ու զուրկ է արտասահմանյան ներդրումներից: Յովանովիչը նկատում է, որ թեպետ իշխանության ներկայացուցիչները լիահույս են եղել ճգնաժամի հաղթահարման հարցում՝ պնդելով, թե կառավարությունը մեծ աշխատանք է կատարել այդ հարցում, այդուհանդերձ «ճգնաժամը նահանջի ոչ մի նշան ցույց չի տալիս»:
ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի խոշոր քաղաքներ՝ Գորիս, Կապան, Սիսիան, որտեղ նրան հանդիպած բոլոր գործիչները շեշտել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ծանրագույն ազդեցությունը մարզի վրա: Տեղական ներկայացուցիչները նկատել են, որ անկախությունից ի վեր բախվելով դժվարությունների՝ այսօր Սյունիքը կլանվել է համաշխարհային ճգնաժամի կողմից. «Ասում ենք՝ ճգնաժամը եկե՞լ է Սյունիք. լավ, բարի գալուստ տուն»:
Դիվանագետը հավելում է, որ երկրամասը արտաքին աշխարհի հետ իր շփումներում սահմանափակված է առաջին հերթին աղքատ ինֆրաստրուկտուրայի ու պատերազմի պատճառով: Ավելին՝ Լեռնային Սյունիքը երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին, իսկ երրորդ կողմից՝ Իրանին: Եթե առաջին երկուսը փակ սահմաններ են, ապա Իրանի հետ սահմանը ոչ մի հավելյալ տնտեսական արդյունավետություն չունի: Այս համատեքստում դիվանագետը շեշտում է, որ մարզկենտրոն Կապանն ավելի մոտ է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտին, քան Երեւանին: Անգամ երկաթուղի կամ օդային հաղորդակցություն չկա մայրաքաղաքի ու Սյունիքի քաղաքների միջեւ: Տեղական գործիչների ներկայացմամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ գոյություն ունի երկու Հայաստան՝ Երեւան եւ մնացածը: Դիվանագետի զրուցակիցներն ավելացրել են, որ մեկուսացումը, սակայն, ի վիճակի չեղավ կանգնեցնելու ճգնաժամը եւ դրանից խուսափել ուղղակի հնարավոր չի լինի: Նրանց միակ հույսը դրա հակաթույնը գտնելն է:
Յովանովիչը ուշադրություն է դարձնում նաեւ մարզի գյուղատնտեսական վիճակին՝ շեշտելով, որ բնակչության համոզմամբ՝ այստեղ ճգնաժամը դեռ տարիներ առաջ է սկսվել: Բնակչությունը բողոքել է սերմերի թանկությունից, ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունից, ջրամատակարարման անբավարարությունից: Տեղացիները բացատրել են, որ այդուհետ հույսները դրել են միայն Աստծո վրա: Անշուշտ, երբ երկրի իշխանությունը ոչ մի քայլ չի կատարում մարզում վերափոխումներ իրականացնելու ուղղությամբ, ավելին՝ այնտեղ հովանավորում է անպատժելիությունն ու մարդկանց սպանությունները, մարզի բնակչությանը մնում է հույսը դնել միայն Աստծո վրա: Հետաքրքիր է, որ անգամ Սիսիանի քաղաքապետն է դժգոհել՝ նկատելով, որ մարդիկ չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել, քանի որ գյուղատնտեսական հողերը բավականին հեռու են ճանապարհներից ու բանուկ տրանսպորտից:
Անդրադառնալով գործազրկությանը՝ Յովանովիչը գրում է, որ Հայաստանում այս խնդիրն ամենասուրն արտահայտված է հենց այս մարզում: Սիսիանի քաղաքապետը ներկայացրել է, որ թեպետ իրենք պաշտոնապես 7 տոկոս գործազրկություն ունեն, իրականում այն հասնում է 40 տոկոսի: Դիվանագետը տեղեկացել է, որ բնակչությունը հիմնականում գոյատեւում է արտաքին տրանսֆերտների հաշվին, երբ մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ու այնտեղից պահում իրենց ընտանիքները: Դեսպանը նկատում է, որ այստեղ բոլորն էլ ունեն մի հարազատ, որը գնացել է Ռուսաստան աշխատելու:
Յովանովիչն ամփոփում է, որ ի հեճուկս մի շարք փոփոխությունների ու վերջին շրջանի դժվարությունների՝ Սյունիքի բնակչությունը շարունակում է հույսով ապրել: Դիվանագետը Սյունիքը համարում է Հայաստանի «վայրի արեւմուտքը»: Մասնավորեցնենք, որ «վայրի արեւմուտք» (Wild West) եզրույթը գալիս է 19-րդ դարի ԱՄՆ-ից, երբ Անկախության պատերազմի ավարտից հետո եկվորները սկսեցին բնակեցնել արեւմտյան շրջանները, որտեղ սկզբնական շրջանում տիրում էր ապօրինությունն ու անպատժելիությունը: Արդ, Յովանովիչը, փաստորեն, Հայաստանի հարավային դարպասն անուղղակիորեն նույնացնում է հանցագործությունների ու ապօրինությունների կենտրոնատեղիի հետ, որտեղ բնակչությունը տանջվում է թալանչիների ու կոռումպացված պաշտոնյաների ձեռքին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ՈՒ ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ

Շիրակի մարզի միջհամայնքային նշանակության 500կմ ճանապարհահատվածից 280կմ-ը անբարեկարգ ու քարուքանդ է: Քանդված ճանապարհները լուրջ ֆինանսական խնդրի առաջ են կանգնեցնում միջհամայնքային երթուղիները սպասարկող վարորդներին, ովքեր ստիպված են գրեթե ամեն օր անցնել փոսապատ ճանապարհներով՝ փչացնելով սեփական մեքենաները:

Գյումրի քաղաքը շուրջ 5000 ազգաբնակչություն ունեցող համայնքներ է կապում իրար: Դրանք են Պեմզաշեն, Լեռնագոգ, Հայրենյաց, Հայկասար եւ Տուֆաշեն համայնքները, որոնց ճանապարհներով երթեւեկելը ծայրաստիճան վտանգավոր է: Այս ճանապարհները շահագործման են հանձնվել 70-ականներին եւ երբեք չեն վերանորոգվել, իսկ երկրաշարժից հետո այստեղով անցնելը գրեթե անհնար է: Բնակիչները ճարահատյալ երթեւեկում են դաշտամիջյան ճանապարհով, իսկ քարտեզում նշված օրինական ճանապարհով անցնում են միջհամայնքային երթուղիները սպասարկող փոխադրամիջոցները: Բնակիչների խոսքերով՝ անգամ եթե շտապօգնություն են կանչում, հիվանդին քաղաք տեղափոխելու համար երեք ժամ է պահանջվում:
Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ասում են, որ խնդրին քաջատեղյակ են, սակայն ճանապարհաշինության աշխատանքներ դեռեւս չեն կարող իրականացնել, քանի որ գումար չկա: Ասում են՝ խնդիրն իրենց կողմից ներկայացվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղից պատասխանել են, որ միջոցների սղության պատճառով գումար հատկացնել չեն կարող, այնպես որ այս տարի հաստատ շինարարական աշխատանքներ չեն իրականացնի, եկող տարին էլ հարց է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 
ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՐՏՈՖԻԼ ՔԻՉ ԿՈՒՆԵՆԱՆՔ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այս տարի աճել են լոլիկի մթերման եւ դեղձի արտահանման ծավալները: Այս տարի մեր հանրապետությունից ձմերուկ է արտահանվել դեպի Վրաստանի Հանրապետություն, մինչդեռ նախորդ տարի նման բան չի եղել: Չնայած ԳՆ-ի կողմից ներկայացրած ոգեւորող այս տվյալներին, միեւնույն է՝ «Ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի պնդմամբ՝ այս ոլորտում դեռ շատ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Ըստ ԳՆ-ի՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ մեր հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով: Իսկ հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ի դեպ, սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է նաեւ 1255 տոննա ձմերուկ, ընդ որում՝ ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: Իսկ ահա 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել:
«Ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած այս ցուցանիշներին, այնուամենայնիվ, այս ոլորտի պատասխանատուներն այսօր հրատապ խնդիրներ ունեն լուծելու: «Արտահանումը պետք է կարգի բերենք, ոռոգման համակարգը, հակակարկտային ծառայությունները, ապահովագրական գործակալությունները, որոնք այդպես էլ այսօր չեն աշխատում գյուղացու բերքն ապահովագրելու համար: Այնպես որ, հսկայական աշխատանք ունենք անելու»,- լրացրեց նա: Մասնագետի պնդմամբ՝ գյուղատնտեսության ոլորտը տեւական ժամանակ է, ինչ չի կայունանում:
Նրա բերած օրինակներով՝ այս տարի վեց ամիսների ընթացքում Հայաստան ներմուծվել է 365 տոննա տոմատի մածուկ, իսկ նախորդ տարի՝ 41: «Հայաստանի գործարանները չեն աշխատել, բնականաբար գարնանը տոմատի մածուկ չենք ունեցել, ստիպված ներկրել են: Ուղղակի լոլիկի ցանքատարածությունները ցեցի հետ կապված շեշտակի պակասեցին: Ինչի համար էլ այս տարի ԳՆ-ն լոլիկի սերմացուներ վաճառեց, որով խթանեց լոլիկի ցանքերի ավելացմանը: Այս տարի սպասում էինք, որ կարտոֆիլի լավ բերք կունենանք, բայց տարին դրա համար հաջող չի: 2013 թվականին 25 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել, իսկ 2014-ին հնարավոր է՝ չկարողանանք ներքին շուկան էլ բավարարել: Կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ պակաս կլինի»,-մտահոգված ասաց Բերբերյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս