ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏԱՍՆՅԱԿ ԳՅՈՒՂԵՐ ՋՐԱԶՐԿՎԵԼ ԵՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներ զրկված են ոռոգման ջրից: Այս խնդրի կապակցությամբ առաջինը ոտքի կանգնեցին Այգեստան համայնքի բնակիչները. նրանք նախօրեին բողոքի ակցիա անցկացրեցին: Բանն այն է, որ ամառվա այս տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեն, սակայն ջուր չլինելու պատճառով կանգնել են փաստի առաջ. նրանց հեկտարներով այգիներն ու բանջարանոցները արեւից փչանում են: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ջրազրկված համայնքների ղեկավարների եւ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ:

Նախ` «Ժողովուրդ»-ը փորձեց գյուղապետերից հետաքրքրվել, թե ինչու են Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ կանգնել նման խնդրի առաջ: Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանի խոսքով, երբ Արտաշատի ջրանցքում ջուր չի լինում, դրա վատ հետեւանքներն անմիջապես զգում են այդ ջրանցքից սնվող գյուղերը: Դրանց թվում է նաեւ Դվինը: «Արդեն 4-5 օր է, ինչ ջուր չունենք: Եթե այս վիճակը երկար շարունակվի, ապա խոշոր չափի վնասներ են կրելու գյուղացիները: Չէ որ նրանք իրենց հողատարածքները պետք է ջրեն»,- մտահոգվեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը Աբրահամյանից տեղեկացավ, որ այս խնդրի հետ կապված գյուղապետերը հանդիպել են նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ: Վերջինս խոստացել է, որ խնդիրն արագ կլուծվի: Նշենք, որ ոչ միայն Դվինի, այլեւ մյուս հարակից համայնքների բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում, քանի որ բերքը չջրելու պատճառով մեծ վնասներ է կրելու: Այնինչ` նրանցից շատերն իրենց հողերի մշակման նպատակով գյուղվարկեր են վերցրել: Ի դեպ, երեկ այս խնդրի հետ կապված մարզ է այցելել նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, իսկ երեկոյան գյուղապետերը սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ փոխվարչապետը եղել է միայն մարզպետարանում, նույնիսկ համայնքներ չի այցելել:
Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ողջ օգոստոս ամսվա ընթացքում Արտաշատի ջրանցքի հետ կապված այս խնդիրը եղել է: «Այս մեկ ամսվա ընթացքում անընդհատ ընդհատումներ եղան: Հակառակի պես մեզ մոտ խաղողն արդեն հասնում է, պետք է ջրեն, որ հատիկները լցվեն, քաղցրանան: Մյուս բույսերը նույնպես ջրվելու կարիք ունեն: Գոնե երկու օրը մեկ պետք է ջրվեն դրանք»,-նշեց Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ, ով անմիջապես վստահեցրեց, թե խնդիրն իրականում այդքան էլ լարված չէ, որքան բնակիչներն են ներկայացնում: «Արտաշատի ջրանցքում ջուր չլինելու պատճառով Մխչյանի պոմպակայանը չի աշխատել: Ընդամենը երկու օրով Մխչյանի պոմպերը հարկադրաբար վերանորոգման նպատակով կանգնեցրել են: Մենք ասել էինք՝ մի քիչ ջուր ավելացրեք, ուժեղացրել էին, ճնշումից պոմպը փչացել էր: Այնտեղ որոշ աշխատանքներ կան, դրանք պետք է կատարվեն: Կան նաեւ պարաններ, որոնք պետք է փոխվեն, որ ջուր չթողի: Այսօր երեկոյան ջուր կլինի (երեկ-Ս.Հ.): Ուղղակի Այգեստանի բնակիչներն իրավունք չունեն դժգոհել, որովհետեւ տարվա մեջ իրենց պոմպերը մշտապես միացված են: Իսկ Փոքր եւ Մեծ Դվինում խնդիր կա: Մեզ անհանգստացնող խնդիրը Դվինների հետ է կապված, որոնք Ազատի ջրամբարից են օգտվում եւ այլընտրանքային աղբյուր չունեն»,-տեղեկացրեց Տերտերյանը:
Նրա պնդմամբ, սակայն, այս հարցը լուծվել է. այսօր կեսօրից հետո Դվիններում ջուր կլինի:
«Ազատի ջրամբարում մենք խնդիր ունենք եւ այս մասին տարվա սկզբից տեղեկացրել ենք: Ուղղակի մի քիչ այստեղ հաշիվների մեջ ենք խառնել, մտածում էինք, որ օգոստոսին կլինի անձրեւոտ եղանակ, բացը կլրացնի, բայց անձրեւ չեղավ: Հիմա՝ փոխվարչապետ Գեւորգյանի հանձնարարականով Մեռյալ կետից ջուր են տալու Դվիններին: Ոչ ոքի հողակտորը չի չորանա»,-վստահեցրեց պաշտոնյան՝ ընդգծելով, որ այս «սակավաջուր տարում» Արարատի մարզն ավելի շատ ջուր է օգտագործել, քան նախորդ տարիներին:
Ի դեպ, ջրազրկված համայնքների բնակիչների շրջանում տեսակետ կա, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող բազմահեկտար հողատարածքները ջրելու հետեւանքով է Արտաշատի ջրանցքում ջուրը պակասել եւ արդյունքում նման իրավիճակ ստեղծվել: Այս տեսակետը, բնականաբար, մարզպետարանի պաշտոնյան հերքեց. «Ենթադրենք Հովիկ Աբրահամյանը օգտվում է Մխչյանի ջրանցքից, եթե այնտեղ ջուր չկա, ապա ինչպե՞ս է օգտվում: Ախր, շատերն ասելու համար ասում են: Նման բան չկա»,- վստահեցրեց Տերտերյանը:
Ինչքան էլ որ այս ոլորտի պատասխանատուները հայտարարեն, թե իրենք ամեն բան ձեռնարկում են, որպեսզի գյուղացու հոգսերը թեթեւացնեն, այնուամենայնիվ դա այդպես չէ: Ողջ տարին անասելի զրկանքների գնով բերք աճեցրած գյուղացին այսօր կանգնած է այն կորցնելու վտանգի առջեւ` ոլորտի պատասխանատուների անփութության, կամ ինչպես նշեց մարզպետարանի պաշտոնյան` «հաշվիների մեջ խառնելու» արդյունքում: Ի վերջո, ով պետք է պատասխան տա «հաշիվների մեջ խառնելու համար», մի՞թե այսպես է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում պետությունը կանգնում գյուղացու կողքին: Եվ որ արդեն զավեշտի է վերածվում, բոլոր այդօրինակ իրավիճակներում էլ պետպաշտոնյաներն արդարանում են բնական անբարենպաստ պայմաններով: Ճիշտ այնպես, ինչպես Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ով մեր հարցին` ո՞ւմ մեղքով են գյուղացիները հայտնվել նման անելանելի վիճակում, տվեց կարճ պատասխան. «Բնության»:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը աշխատանքից ազատվել է հենց այս եւ նմանատիպ այլ խնդիրների պատճառով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔՐՈՋ ՈՐԴԻ՞Ն Է ԱՎԵՐԱԿ ԴԱՐՁՐԵԼ

«Ժողովուրդ»-ի թղթակցին են դիմել Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց բողոքն են հայտնում սահմանամերձ քաղաքի Բարանայի փողոցում եւ Ամերիկյան թաղամասում խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների որակի, ավելի ճիշտ՝ անորակության վերաբերյալ: Ջրագծի ներքին ցանցում նորոգում կատարելու, ջրաչափերի արկղեր տեղադրելու համար փողոցների ծածկն ամբողջովին քանդվել է:
Նշենք, որ քաղաքի առանձնատների համար նախատեսված ջրաչափերը դեռ տեղադրված չեն: Նոյեմբերյանի քաղաքապետարանը նախկինում Բարանայի փողոցում սալահատակ էր արել: Ներկայում փողոցը քանդվել է, իսկ շինանյութը դարսվել է փողոցների եզրերին: Ավելի քան 2 ամիս նման վիճակ է, սակայն շինարարները մատը մատին չեն տալիս՝ գործն ավարտին հասցնելու համար: Ներկայում Բարանայի փողոցում 3-4 տեղ խրամատներ են փորված:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն ասացին, որ աշխատանքներն իրականացրած «Սպիտակ-1» ընկերության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրոջ որդին է, ով շահել է ոչ միայն Նոյեմբերյանի, Բերդի, այլեւ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի խմելու ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման մրցույթները: Քանի որ աշխատանքների ծավալը մեծ է, ընկերությունը ստիպված Նոյեմբերյանում կիսատ է թողել նորոգման գործը:
Նշենք, որ ջրագծի վերանորոգումը կատարվում է Ասիական բանկի 1 միլիոն 200 հազար դոլար վարկավորմամբ: Այդ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում փոխել գործող ցանցը 25 կմ ընդհանուր երկարությամբ պլաստմասե խողովակներով, վերանորոգել քաղաքի 4 ջրամբարները, առանձնատների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, ինչպես նաեւ նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ աշխատանքների պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, սակայն ինքը եւս ստորագրելու է աշխատանքների հանձնման ակտի տակ: Քաղաքապետը հավաստիացրեց՝ եթե գործը որակյալ չարվի, շինարարական աղբը փողոցներից չհանվի, ինքը ծրագրի կատարման ակտի տակ չի ստորագրի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս