ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆԻ ԿՈԼԵԳԱՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԻՐԵՆԻՑ

90-ական թվականներին հայկական շոու-բիզնեսի աստղառատ երկնակամարում իր ուրույն տեղն ուներ երգչուհի Արփինե Բեկջանյանը: Տարիների ընթացքում ինչպես ցանկացած երեւույթ, այնպես էլ շոուբիզնեսային կյանքն էվոլուցիայի ենթարկվեց: Շատերը «մաղվեցին», շատերն էլ իրենց խորը արմատները գցեցին հայկական շոու-բիզնեսում: 21-րդ դարի մեկնարկից հետո Արփինե Բեկջանյանի «աստղը խավարեց»: Երբեմն-երբեմն երգչուհին շատ կարճ ժամանակով հասցնում էր ուրախացնել իր երկրպագուներին` ներկայանալով մի քանի տեսահոլովակներով, սակայն այդ ամենը չօգնեց նրան առաջվա ճանաչումը հետ բերել:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի Արփինե Բեկջանյանի հետ` տեղեկանալու, թե ինչո՞ւ նա չի երեւում էկրաններին եւ ինչո՞ւ չի մասնակցում հավաքական համերգներին:
-Արփինե, Դուք 90-ական թվականների հայկական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից եք: Սակայն, արդեն տեւական ժամանակ է` չեք երեւում հեռուստաէկրաններին, չեք մասնակցում կազմակերպվող բազմաթիվ համերգային ծրագրերին եւ չեք ներկայացնում նոր տեսահոլովակներ: Ո՞րն է պատճառը:
-Այո, արդեն բավականին երկար ժամանակ է չեմ ներկայանում իմ երկրպագուներին։ Մեծ սիրով ու կարոտով եմ հիշում ոչ այնքան հեռավոր 90-ական թվականները, երբ ամեն ինչ այլ էր, իսկ հիմա ես ու իմ «բախտակից» ընկերներից շատերը չենք երեւում էկրաններին եւ ակտիվ գործունեություն չենք ծավալում շոու-բիզնեսում: Իմ մասով կարող եմ ասել, որ այդ մասին խոսելն արդեն իսկ տհաճ է, շատ եմ լցված, զայրացած… Ես այդ մասին շատ քիչ եմ աշխատում խոսել, որովհետեւ դառը զգացողություններ են արթնանում: Եվ ինչպե՞ս կարող է տհաճ չլինել այն զգացողությունը, երբ ցանկություն ես հայտնում մասնակցել որեւէ համերգի, բայց, այսպես կոչված, կոլեգաներդ այդ համերգի կազմակերպիչներին գաղտնի կամ էլ բացահայտ ասում են, թե՝ եթե ես մասնակցեմ այդ համերգին, ապա իրենք չեն մասնակցի: Իրոք, շատ տհաճ է ու վիրավորական:
-Այսինքն, Ձեր կոլեգանե՞րն են մեղավոր, որ Դուք շոու-բիզնեսում ակտիվ չեք:
-Դե ոչ միայն նրանք, կոնկրետ անուններ չեմ կարող նշել, ավելի ճիշտ՝ խուսափում եմ… Շատ վատ է, որ մարդիկ բազմաթիվ բարոյական ու անբարոյական ճանապարհներով առաջ են գնում ու դեռ այդ կարգավիճակում էլ ուրիշներին են քննադատում, ուրիշների կյանքը քննարկում:
-Կարո՞ղ եք մեր այսօրվա շոու-բիզնեսի արժանավորներին նշել: Ըստ Ձեզ, ովքե՞ր են արժանի ճանաչում ունենալու, հեռուստադիտողների, հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելելու:
-Այ դա բարդ հարց է, էլի եմ ասում՝ խուսափում եմ անուններ տալուց: Չեմ ժխտում, տաղանդավորներ կան, կան նաեւ այնպիսիք, ովքեր զանազան ճանապարհներով են բեմեր նվաճում, խոր արմատներ ձգում ու հաստատվում երգարվեստում` իրականում այդ ամենից բավականին հեռու լինելով:
-Բազմաթիվ միջազգային նախագծերի հայկական տարբերակներում ժյուրիի անդամներ են լինում նաեւ Ձեր կոլեգաներից շատերը: Ըստ Ձեզ, նրանք արժանի՞ են այդ պատասխանատու գործը ստանձնելուն:
-Անշուշտ, ցավալի թեմա է, նաեւ ծիծաղելի… Շատերը, ովքեր նույնիսկ փոքրիկ աղերս չունեն երգեցողության, երգարվեստի հետ, իրենց գիտակի տեղ են դնում: Դա բավականին պատասխանատու եւ լուրջ աշխատանք է, չի կարելի ամեն պատահածին ներառել այդպիսի ծրագրերում: Օրինակ, եթե ինձ առաջարկեին, ես պատրաստ չէի լինի այդ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Իրականում ես ի ծնե քննադատ եմ, եւ իմ այդ ձիրքը շատ պետք կգար այդպիսի նախագծերում, բայց մի տեսակ ճիշտ չեմ համարում դա, անհամեստություն կլիներ իմ կողմից համաձայնվելը:
-Առաջիկայում Ձեր երկրպագուները հնարավորություն կունենա՞ն վայելելու իրենց սիրելի երգչուհու նոր կատարումները: Ունե՞ք նոր ծրագրեր:
-Ամուսնուցս է կախված այդ ամենը: Ունեմ մեծագույն ցանկություն բեմում եւ հեռուստաէկրաններին երեւալու, բայց միայն ամուսնուս՝ երաժիշտ Արման Էլբերտի օգնությամբ դա կարող եմ անել, միայն նրան եմ վստահում: Այս պահի դրությամբ ամուսինս բավականին հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի եւ մի տեսակ հետաձգվում է, բայց, հավանաբար, մինչեւ Ամանոր ես կներկայանամ նոր երգով ու տեսահոլովակով:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է «ՄԵՐ ՍՐՏԻ ՏՆԱԿԸ» ՖԻԼՄԸ
Երեւանի կինոթատրոններում երեկվանից արդեն ցուցադրվում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» ընտանեկան մելոդրաման:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Խորեն Լեւոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ֆրիդա Յորքը, Արմեն Մարգարյանը, ռուս դերասանուհիներ Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրիժենովան եւ այլք: Պրոդյուսերն ու սցենարի հեղինակը ռուսաստանաբնակ Միխայիլ Պողոսովն է, որի երեխաները՝ Էմիլիան, Սերգեյը եւ Ջուլիետան, եւս հանդես են գալիս ֆիլմում:
Խորեն Լեւոնյանի մարմնավորած գլխավոր կերպարը՝ Արթուրը, երեք երեխայի հայր է, կնոջը կորցրել է վեց տարի առաջ՝ վերջինիս ծննդաբերության ժամանակ: Նա երեխաների հետ բնակվում է Մոսկվայում: Աշխատանքի անցնելով գործարար Եկատերինայի մոտ եւ ունենալով հիփոթեքային պարտքեր՝ որոշում է մասնակցել մրցավազքի, բայց ավտոմեքենան ջարդվում է: Այդ ժամանակահատվածում Եկատերինայի հոր կտակն են բացում, ըստ որի՝ ամբողջ ունեցվածքը կմնա քույրերից նրան, ով առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք` երեք երեխայով, ընդ որում որդեգրել չի թույլատրվում:
Ֆիլմում հնչում է երկու սաունդթրեք` երգիչ Հայկոյի եւ ռուս երգչուհի Յոլկայի ստեղծագործությունները:
Հայ-ռուսական արտադրության ֆիլմն իրականացրել են «BergSound» եւ «HK Productions» ընկերությունները: Բեմադրող օպերատորն Արթուր Ղարայանն է:
Ընտանեկան մելոդրաման աշնան վերջին կլինի ռուսական կինովարձույթում, իսկ դեկտեմբերին կցուցադրվի Միացյալ Նահանգներում ու Վրաստանում:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ (տնօրեն Նորայր Նազարյան) 2014 թվականի սեպտեմբերի 3-12 հյուրախաղերով (8 համերգ) հանդես կգա Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Հյուրախաղերի առաջին համերգը սեպտեմբերի 3-ին էր՝ Գարժիլեսում (Ֆրանսիա): Հավատարիմ մնալով իր ավանդույթներին, նվագախումբը համերգային ծրագրերում այս տարի էլ է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 7-ին Ժնեւի՝ Վիկտորիա Հոլում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին, որն անց է կացվելու Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, ներկա է գտնվելու նաեւ մեծ շանսոնյե, դեսպան Շառլ Ազնավուրը:

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐԸ
Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է տարվա ամենաշատ վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորել է Սանդրա Բալոկը, ով 2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թվականի նույն ժամանակահատվածը վաստակել է 51 միլիոն դոլար:
Ընդգծվում է, որ Բալոկը Forbes-ի վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Գրավիտացիա» ֆիլմի շնորհիվ, որը համաշխարհային վարձույթում վաստակել է 716 միլիոն դոլար: Այն բարձր գնահատականի է արժանացել թե՛ հանդիսատեսի, թե՛ քննադատների կողմից, ինչպես նաեւ արժանացել է 7 «Օսկար»-ի:
Երկրորդ տեղում Ջենիֆեր Լոուրենսն է՝ 34 միլիոն դոլարով, ապա գալիս են Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 միլիոն եւ Գվինեթ Պելտրոուն՝ 19 միլիոն դոլար վարձատրությամբ: Նախորդ տարվա վարկանիշային աղյուսակի հաղթող Անջելինա Ջոլին այս անգամ հինգերորդ տեղը կիսում է Քեմերոն Դիասի հետ (երկու դերասանուհիներն էլ վաստակել են 18-ական միլիոն դոլար):

 

ԽՈՐԵՆԻ ԵՎ ԼԻԿԱՅԻ ԱՌԱՋՆԵԿԸ
Բլոգեր, լուսանկարիչ, հաղորդավար Կամո Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դե ինչ, սկսենք օրը բարի լուրով: Ինչպես երեկ գրել էի, դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Լիկա Մեսրոպյանը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին… Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «Մեր սրտի տնակը» ֆիլմի պրեմիերայի գիշերը, ավելին ասեմ՝ երեկ Լիկան ինքը նշում էր իր ծննդյան տոնը… իսկ լուսադեմին ծնվել է նրանց որդին…»:

 

ԹՈՒՐՔԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն անցկացվող Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր՝ «Սպի» ֆիլմը, որն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:
Ֆիլմը մեծ խառնաշփոթ է առաջացրել Թուրքիայում, որտեղ թուրք ազգայնականները սպառնացել են Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում, հատկապես այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին: Թուրք ազգայնականների մտավախությունն այն է, որ ֆիլմն առաջին քայլը կլինի՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չկարողացավ թուրք դերասան գտնել, որը կհամաձայներ մարմնավորել հայ լրագրողին:

 




Լրահոս