ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում
Երեկ ՀՀ ԱԻՆ-ում նշվել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրը, որին մասնակցել են ՀՀ ուժային կառույցի բոլոր ներկայացուցիչները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Նորաստեղծ ու չգործող ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Աղվան Հովսեփյանը եւս ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել միջոցառմանը: Ինչպես երեւում է, Ա. Հովսեփյանն արդեն սկսել է «մարդամեջ» դուրս գալ ու իր գործընկերների հետ շփվել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե կազմակերպությունում մեկ տարվա ընթացքում քանի անգամ կարող է չափագրում կատարվել: Եվ խնդրում եմ ասեք, ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը։
Համլետ Տիգրանյան (50 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի 5-րդ կետի տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տեւողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, ըստ որի՝ ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարանը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, եթե մեզ դիմող քաղաքացին դեռ երկու ամիս ժամանակ ունի, ապա նա կարող է հանգիստ բողոքարկել, եւ ինչու չէ՝ նաեւ օրենքի շրջանակներում հրաժարվել ավելորդ տույժավճար մուծելուց։
ՀԱՐՑ. Ամուսնության ընթացքում ամուսինները ձեռք են բերել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում չի նշվել: Խնդրում եմ ասեք, ի՞նչ կարող է անել ամուսինը, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր նշվի նաեւ իր անունը: Ո՞ւր պետք է դիմի նա։
Արայիկ Ասլամազյան (34 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ասլամազյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցն այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում դիմողներին:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, գույքային պայմանագրում ամուսիններից մեկի անունը գրանցելն այնքան էլ բարդ գործընթաց չէ, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության պայմանագրում։