ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ոստիկանները գտել են 5 երեխայի դիակ, որոնք փաթաթված են եղել աղբի տոպրակներով. հայտնում է Associated Press-ը: Հյուսիսային Կարոլինայում երեխաների անհետանալու մասին սեպտեմբերի 3-ին հայտնել էր նրանց մայրը, ով չի կարողացել զանգահարել նախկին ամուսնուն: Գործակալության տեղեկություններով` զոհերը 1-8 տարեկան են:
Քննիչները սպանության մեջ կասկածում են երեխաների 32-ամյա հորը՝ Թիմոտի Ռեյ Ջոնսին, որն էլ ցույց է տվել դիակների գտնվելու վայրը: Ոստիկանների կարծիքով` տղամարդը սպանել է երեխաներին Հյուսիսային Կարոլինայում, այնուհետև` նրանց դիակները թաղել Ալաբամայում:
Ոստիկանները դեռ չեն հրապարակել տեղեկություններ այն մասին, թե ինչպես են սպանվել երեխաները:
Դիակների հայտնաբերման պահին Ջոնսն արդեն ձերբակալված էր Միսիսիպիում՝ անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Նրա մեքենայի զննման ժամանակ իրավապահները հայտնաբերել են թմրանյութ պատրաստելու համար անհրաժեշտ քիմիկատներ, սպիտակեցնող հեղուկ, աղաթթու և արյան բծեր:
Ջոնսի հարևանները պատմել են ոստիկանությանը, որ նա երեխաների հետ միասին որոշել էր այլ նահանգ տեղափոխվել: Նրանց խոսքով` փոքրիկները մշտապես կեղտոտ, վատ հագնված են եղել և չեն հաճախել դպրոց, քանի որ նրանց հայրը չէր հավատում պետական կրթական համակարգին:
Այժմ հանցագործը պետք է արտահանձնվի Հյուսիսային Կարոլինա, ուր կշարունակվի գործի հետաքննությունը, այնուհետև կլինի դատը. տեղեկացնում է lifenews.ru-ն: