Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 4-ին ժամը 14.00-ին նշանակված է եղել քաղաքացիական գործով դռնբաց դատական նիստը` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հայցի քննության մասով:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Կարինե Հակոբյանը` դատապարտյալի կինը, նիստը կայացվել է դռնփակ` առանց ամուսնու ներկայության: Դատարանից Կ. Հակոբյանին հայտնել են, որ գերծանրաբեռնվածության պատճառով նիստը դռնփակ է եղել, և հաջորդը կկայանա ավելի քան մեկ ամիս հետո:
Պարզաբանում ստանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրականում գերծանրաբեռնվածության հետևանքով հետաձգված նիստը չի կայացել այն պատճառով, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության ծառայության ուղեկցող գումարտակը դատապարտյալ Արտակ Հակոբյանի մասնակցությունը դատական նիստին չի ապահովել:
Իսկ դատական նիստը դռնփակ լինելու վերաբերյալ որևէ հիմք և միջնորդություն չկա:
Տեղեկացնենք, որ նիստի նախօրեին դատապարտյալը «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որպեսզի նրան հնրարավորություն տրվի մասնակցելու դատական նիստին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այդ հնարավորությունը Արտակ Հակոբյանին չի տրվել:
Ի դեպ, Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը վստահեցրել էր, որ ամուսնուն ԴՀ տեղափոխելու պատճառն այն է եղել, որպեսզի խոչընդոտվի նրա հանդիպումը ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, ով օրեր առաջ այնտեղ է եղել: Կ. Հակոբյանի փոխանցմամբ` ՔԿՀ բոլոր աշխատակիցները գիտեն, որ ցանկացած հնարավոր առիթի դեպքում ամուսինը մի շարք սկանդալային հայտարարություններ է անելու, և շատ բան է պարզ դառնալու նախարարի համար:
«Ինչու՞ էին ամուսնուս տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», եթե չէր ապահովվելու նրա մասնակցությունը դատական նիստին: Մենք պարբերաբար հայտարարում ենք, որ այս ամենը միտումնավոր է արվում, ինչի վառ ապացույցն է նաև այն, որ Արտակի մասնակցությանը խոչընդոտեցին»,- եզրափակեց դատապարտյալի կինը: