Այն դիտարկմանը, թե մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանը հետընթաց է արձանագրել հինգ-վեց տեղով, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այստեղ ավելի մասնագիտական վերլուծություն է պետք, որովհետև գործոնները շատ են, և վերլուծության մոդելն էլ շատ բարդ է»:
«Գլոբալ մրցունակության զեկույցի տեղեկանքը պատրաստ է, պատճառները վերհանում ենք, և՝ ո՛չ միան այն պատճառները, որոնց հետևանքով հետընթաց ենք ունեցել, վեց տեղով զիջել ենք: Կան երկրներ, որոնք առաջ են անցել, դրա համար մենք հետ ենք գնացել։ Ամբողջական վերլուծությունից հետո կներկայացնենք մեր անելիքները»,-հավելեց նախարարը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե տնտեսական հաջողությունները սկսվել ու ավարտվել են իր գալ-գնալով, նախարարը պատասխանեց. «Տնտեսական հաջողություններն անընդհատ պրոցես են, և եթե ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ դիտենք, ամեն ժամանակահատված ունի իր առանձնահատկությունները` կապված և՛ համաշխարհային տնտեսության զարգացման հետ, և՛ ընդհանրապես, Հայաստանի տնտեսության ճյուղային զարգացման հետ, այդ դինամիկ զարգացումը շարունակվում է»։