Ինչու է մարզահամերգային համալիրը հանձնվել Պաշտպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խորհրդարանում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:

Նրա համար  անհասկանալի է, թե ինչու է համալիրն անցել Պաշտպանության նախարարության հսկողության տակ, այլ ոչ թե Մշակույթի կամ Սպորտի նախարարությանը:

«Արդյո՞ք Դուք ավելի քիչ եք վստահում Սպորտի կամ Մշակույթի նախարարություններին և ունե՞ք լուրջ հիմնավորում կառույցը Պաշտպանության նախարարության հսկողության տակ տրամադրելու համար»,-հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց. «Այդ շենքը ոչ բարվոք վիճակում էր, և հենց ձեռնարկատիրական գործունեության արդյունքում` այն քիչ թե շատ վերականգնվեց: Մենք որոնելու ենք ուղիներ, որպեսզի գտնենք արդյունավետ կառավարիչ կամ անձ, ով կգնի համալիրը: Գումարները, որոնք մենք ստանալու ենք, ուղղելու ենք երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Դրանով է պայմանավորված այն, որ մենք համալիրը ընդգրկել ենք Պաշտպանության նախարարության կառույցում: Բայց առաջին իսկ օրվանից սկսած մենք ձեռնամուխ ենք եղել արդյունավետ կառավարիչ որոնելուն»,- ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ Կարեն Դեմիրճյան անունը պահպանվելու է անկախ նրանից՝ ում ենթակայության տակ կլինի համալիրը: Դ. Հարությունյանւ խոսքով՝ այն կպահպանի իր նշանակությունն ու չի վաճառվի չնչին գումարների դիմաց:




Լրահոս