Ռուսաստանի շուկա արտահանվող հայկական ապրանքների առումով խնդիր չկա. ապրանքների ներմուծումն ու արտահանումը կշարունակվի, ինչպես եղել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Մաքսային միության մեջ աշխատելու առումով խնդիր չենք տեսնում` նաև հաշվի առնելով զուտ տեխնիկական բաղադրիչը, որովհետև մեր ապրանքներն այնպես, ինչպես եղել է, ներմուծվում ու արտահանվում են, մեր գործարարներն ազատ են իրենց ընտրության մեջ` ընտրելու իրենց գործընկերներին, իհարկե հաշվի առնելով ՀՀ այն պարտավորությունները, որ բխում են միջազգային կոնվենցիաներից, ՄԱԿ-ի տարբեր որոշումներից, բանաձևերից: Մենք մեր գործարարների առաջ որևէ սահմանափակումներ չենք դնում: Որևէ երկրի հետ որևէ սահմանափակման խնդիր չենք տեսնում»,- ընդգծեց նախարարը:
Այն հարցին, թե հնարավոր է, որ Վրաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը խաթարի Հայաստանի հետ հարաբերություներին, Ճշմարիտյանը հավաստիացրեց, որ երկու երկրների համագործակցության փուլում ոչինչ չի փոխվի, քանի որ դա բխում է թե՛ մեր, թե՛ Վրաստանի շահերից: