Բերքի ծավալների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դեռ նոր է սկսվում բերքահավաքը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ցորենը, կարելի է ասել, ավարտվում է, պտուղը, բանջարեղենը շարունակվում է, խաղողը նոր է սկսվում, ծավալների մասով վաղ է խոսել, բայց ընդհանուր կանխատեսումներով տարին վատ տարի չէ` չհաշված կարկտահարությունն ու ցրտահարությունը, որ եղավ, եթե դա չլիներ մենք ավելի լավ ցուցանիշներ կունենայինք»,-վստահեցրեց նա:
Այն հարցին, թե ինչպես է օգտագործվել 24,5 միլիոն գումարը, որը հատկացվել էր Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար, նախարարը պատասխանեց. «Այդ գումարը հատկացված չէր պետբյուջեից, այն խնայված միջոցների հաշվին պիտի լիներ, բայց չի իրականացվել ծրագիրը»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքն էլ է Ջերմուկում հանգստացել, սակայն մոծակների պատճառով չի ստացվել հանգիստը, նախարարն արձագանքեց. «Ուրեմն դու շատ նուրբ մաշկ ունես: Միայն ձեզնով չի պայմանավորված, հազարավոր մարդիկ են այնտեղ հանգստացել ու չեն դժգոհել»: