Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացրեց Հայաստանի էներգետիկ սուր խնդիրների հարցը: Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության չորս ամիսներինէներգետիկայի բնագավառի խութերը ոչ միայն չեն շտկվել, այլև ավելի են խորացել:
Պատգամավորի խոսքով` «Նաիրիտ»-ի խնդիրները խորանում են, պարտքը փակվում է պետական ձեռնարկությունների հաշվին: «Մարդիկ չեն կարողանում հասկանալ` ով է «Նաիրիտ»-ի սեփականատերը, ումից պահանջեն իրենց աշխատավարձերը: Որոտանի էպոպեան ինչո՞վ է ավարտվելու»,- մի քանի նման հարց ուղղեց պատգամավորը՝ ընդգծելով, թե կարևոր է, որ իր հարցերին պատասխանի հենց վարչապետը: Սակայն Մանուկյանի հարցերին պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց, որ բարձրացված հարցերը ծավալուն են, և ինքը չի կարող մի քանի րոպեի ընթացքում պատասխանել բոլորին: Զախարյանի կարծիքով` չորս ամսվա ընթացքում նշված հարցերի լուծման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք: Անդրադառնալով «Նաիրիտ»-ի հարցին՝ նա նշեց, որ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ գործարանի վերագործարկման համար:
Պատասխաններից հետո Մանուկյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. «Պարո՛ն Աբրահամյան, Ձեր վերաբերմունքը հարգալից չէ իմ նկատմամբ, ես Ձեզ հարց եմ տալիս Ձեր չորս ամսվա պաշտոնավարման ընթացքում Ձեր իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես նախկինում Արմեն Մովսիսյանը կապ չուներ: Կա՛մ Դուք իրականացնում եք քաղաքականություն, կա՛մ չեք իրականացնում, կա՛մ Դուք եք տերը այս քաղաքականության. և խոստովանե՛ք, որ եղել են սխալներ: Առվազն երկու քրեական գործի խնդիր կա` «Նաիրիտ»-ի ու «Որոտան»-ի հետ կապված: Կարող եք չպատասխանել, դա էլ է պատասխան»:
Զախարյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ էներգետիկայի նախարարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որն իրականացնում է կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում և կարող է պատասխանել այդ ոլորտի հարցերին: «Ձեր հարցերին հնարավոր չէ 3 րոպեում պատասխանել, ես դրանց գրավոր կպատասխանեմ»,- հայտարարեց նա: