ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր շատերն այցելում են զորամասեր, ինչ-որ բաներ են հայտարարում, սակայն նրանց գործը չի երևում, խոսք է մնում: Ըստ պատգամավորի` այսօր կարելի է մարտական հերթապահություն կրող դիրքապահների պայմանների բարելավման մասին մտածել:
Պատգամավորը հետաքրքրվեց ՊՆ-ից, թե արդյոք հնարավոր է տեխնիկապես կազմակերպել իր այս նախաձեռնությունը: Ի պատասխան` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «Երկար ժամանակ մենք մարտական հերթապահություն ենք իրականացնում, և այդ խնդիրն ընդհանուր առմամբ բանակային ստորաբաժանումների խնդիրը չէ, բայց քանի որ դեռ լիարժեք ապահովված չենք խաղաղության պայմաններով, և դրա շուրջը ընդունված չէ համապատասխան փաստաթուղթ, մենք ամեն դեպքում մեր ողջ ներուժով և՛ ՀՀ սահմաններում, և՛ Արցախում ՀՀ Զինված ուժերի ու Պաշտպանության բանակի ուժերով ապահովում ենք մեր սահմանների պաշտպանությունը»,-շեշտեց նախարարը:
Գտնում եմ, որ լիարժեք աշխատանք է կատարվել պահպանությունից պաշտպանության անցնելու, և ուզում եմ հրապարակավ մեր ժողովրդին հայտնել, որ այսօր բացառված է դասական ոճով լանամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել, հատկապես` Արցախում, որովհետև մանավանդ հակատանկային զրահատեխնիկայի պայքարի և դիտարկման համակարգերը լիարժեք իրականացված են», – հայտնեց նա:
Անդրադառնալով աջակցելու առաջարկին` նախարարն ասաց, որ աջակցել անպայման կարելի է, տեխնիկական հարցերը պետք է թողնել ՊՆ վրա, իսկ պատգամավորական ուժերը ավելի լավ է սևեռել նախարարությանն ու զինվորին բարոյապես աջակցելու, մշակութային միջոցառումներ անելու ու սոցիալապաես օգնելու համար: