«Երևանից բոյկոտելով` միայն կորցնում ենք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը քայլ առ քայլ հասնելու է նրան, որ, ի վերջո, ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչի:

Պարոն Պողոսյան, որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, խնդրում եմ ասեք, թե Հայաստանն ի՞նչ շահեց կամ կորցրեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելով:

-Նախ` Հայաստանը մասնակցեց երկու քննարկումների, բացի այդ` մենք կարողացանք մեր ձայնը բարձրաձայնել ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներից հետո ընդունվող հերթական, ավանդական հուշագրերում հասնել տեքստային փոփոխության: Միգուցե այն չի բավարարում Հայաստանի Հանրապետության շահերին, որ ասենք` ԼՂՀ-ն անկախ պետություն ենք ճանաչել կամ ՀՀ-ի մաս, բայց այն բառապաշարը, որն օգտագործվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչին երբեւէ դեմ չի արտահայտվել ՀՀ-ն, այժմ այստեղ եւս առկա էր: Իսկ Ադրբեջանը հետընթաց է ապրել նրանով, որ այն ժամանակ միշտ խոսում էր տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ այս անգամ ավելացված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացների միջոցով ու, որ կարեւոր է, ներկա ֆորմատի փոփոխության առումով որեւէ մեկը չպետք է ակնկալիքներ ունենա:

Այսինքն` պետք է ենթարկվեն միջազգային բոլոր սկզբունքներին, որոնք բխում են ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներից: Սրանով մենք ունեցել ենք առաջընթաց, այնպես չէ, որ այդ հուշագիրը 100 տոկոսով մեր շահերից է բխում, բայց սայլը տեղից շարժվել է:

-Այդուամենայնիվ` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում: Այսինքն` հատուկ շեշտվել է տարածքային ամբողջականության կարեւորությունը, ինչը բավականին վտանգավոր է: Դուք այդ կարծիքին չե՞ք:

-Իսկ ինչու՞ դա պետք է ինձ այժմ շատ մտահոգի, երբ ինչը որ գրված է ՀՀ-ի համար, մենք դրանով մեկ քայլ առաջ ենք գնում, մենք պետք է դրանով առաջնորդվենք ու մեր շահերից ելնելով խոսենք: Ռուսաստանի հետ մեկ տարի առաջ կարող են այլ բան հայտարարել, իսկ հաջորդ տարի նշել, որ ՌԴ-ն իրենց լավագույն գործընկերն է:

Եկեք այն մեծ, գլոբալ խնդիրները, որոնք մեր շահերին, մեր հարցերին չեն վերաբերում, որոնց պատճառով մենք ընկնելու ենք բախումների մեջ, դրանց վերաբերվենք այնպես, ինչպես կա: Մենք պետք է գիտակցենք, որ դա այսօր մեր խնդիրը չի ու մենք պետք է զբաղվենք այն հարցերով, որոնք բխում են մեր շահերից ու հենց դա է մեր խնդիրը: Ի վերջո, երբ մարդիկ խոսեն ու օգտագործեն ՆԱՏՕ-ում եղած ձեւակերպումը ՀՀ-ի մասով, խոսելու են նրանով, ինչին որ մենք հասել ենք եւ ոչ թե այլ ձեւակերպումներով:

-Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակներում գերիշխողն այն տեսակետն էր, որ այս անգամ եւս Հայաստանը չկարողացավ իր շահերը պաշտպանել ու սա ՀՀ-ի հերթական ձախողումն էր:

-Անպայման պետք էր մասնակցել այս գագաթաժողովին, ու կարծում եմ, որ նախկինում էլ էր պետք մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաղոժովին: Ես ինքս մշտապես կողմնակից եմ եղել, որ ՀՀ-ն գնա ու հենց այնտեղ պայքարի իր խնդիրների համար, քանի որ Երեւանից բոյկոտելով, չմասնակցելով, մենք նախորդ տարիներին կորցրել ենք այդ հնարավորությունը: Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին խոսելով, պետք է նկատենք, որ նախորդ երկու տարիներին այդ վիճակը չի եղել, դրանից առաջ էլ եղել են վրացական դեպքերը:

Հիմա արդեն այլ իրավիճակ է, փաստորեն հակամարտությունների դեպքում այլ բառապաշար է սկսում օգտագործվել, գիտակցում են, որ կա հազար ու մի մարտահրավեր, եւ գուցե մի օր էլ արդեն անհատական մոտեցումներով ամեն ինչ լինի եւ լինի այն կետը, որը վերաբերի ԼՂ հակամարտությանը:

-Նշվում է նաեւ, որ ՀՀ-ն նման միջազգային գագաթաժողովներում հիմնականում ոչ նպաստավոր դիրքերում է հայտնվում, քանի որ երկրի ղեկավարը չի կարողանում ՀՀ շահերը պաշտպանել: Համամի՞տ եք, թե՞ կատարյալ եք համարում միջազգային հարթությունում մեր շահերի պաշտպանությունը:

-Կատարյալ չէր, բայց սա այն օրինակներից մեկն է, որ չենք կարողանում կատարյալ արդյունքի հասնել: Կարելի է այսպես ասել,առնվազն ասվեց այն խնդիրների մասին, որոնք չեն բխում մեր թշնամիների շահերից ու չեն վնասում մեր շահերը: Մի քայլ առաջ էր ի համեմատ նրա, ինչ-որ նախկինում ունեցել ենք: Եթե աշխատենք այսպես, ապա մի օր ՆԱՏՕ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս