ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԱՅՆԵՐԻ ԲԱԼԱՆՍՆ ԱԺ-ՈՒՄ ԿՓՈԽՎԻ

Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ իրեն առաջիկայում կհաջողվի իշխանությունից «մաս պոկել», այլ կերպ ասած` Հայաստանում «թավշյա հեղափոխություն» անել: Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, իշխանությունները խորհրդարանում կոճակային մեծամասնությամբ ընդունում կամ մերժում են այն բոլոր նախագծերը, որոնք իրենց ձեռնտու են: Այս դեպքում այլեւս ոչ իշխանական ուժերի կողմից ինչ իմաստ ունի մարտի 1-ի կամ «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելը կամ թեկուզ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելը:
-Մինչեւ Կոնգրեսի մուտքը խորհրդարան, իշխանության կոալիցիան խորհրդարանում ստեղծել էր մի ճահճային մթնոլորտ, բերում էր խորհրդարան օրինագծեր, որոնք հիմնականում տեխնիկական բնույթ էին կրում, չէին համապատասխանում այն առաջնահերթություններին, որոնք ժողովրդին են հուզում, ընդհանրապես, չէին անդրադառնում այն հարցերին, որոնք հասարակական լայն հնչեղություն ունեին, կամ էլ քննարկում էին այնպիսի նախագծեր, որոնք վերաբերում էին ինչ-որ նեղ խմբակի բիզնես շահերին: ՀԱԿ-ի մուտքը պառլամենտ եւ չորս խմբակցությունների համագործակցության ձեւավորումը թույլ տվեցին գործածության դնել 44-ից ավելի ստորագրությամբ որեւէ հարցի ընդգրկումն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` արտահերթ քննարկման ռեժիմով: Այս մեխանիզմը մեզ թույլ է տալիս ժողովրդին հուզող հարցերը բարձրացնել պառլամենտում եւ, ըստ էության, թելադրել ժողովրդի օրակարգը պառլամենտին: Սա իր հերթին ողջ երկրում ստեղծում է մի նոր մթնոլորտ, թույլ է տալիս ժողովրդին համախմբվել ու ակտիվանալ քաղաքական զանգվածային միջոցառումների համար: Այնպես որ, եթե անգամ այսօր ԱԺ-ում ֆորմալ առումով մեր ձայները դեռ չեն հերիքում փոփոխությունների համար, ապա երկրում արդեն կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք կփոխեն ձայների բալանսը` նաեւ ԱԺ-ում:
-Այսինքն` հույս ունեք ՀՀԿ-ից կտրոննե՞ր պոկել:
-Տեսեք` ինչ կատարվեց Ուկրաինայում, եւ ինչպես ընդդիմությունն ապահովեց անհրաժեշտ մեծամասնություն ԱԺ-ում: Սա, իհարկե, չի նշանակում, որ դա մենք տեսնում ենք նույնքան արյունալի պրոցեսի միջոցով: Բայց ես վստահ եմ` Հայաստանը, որը 1988-ից սկսած ունի թավշյա հեղափոխությունների փորձ, հենց նման թավշյա տարբերակով էլ կիրականացնի իմ ասած այդ արմատական փոփոխությունները:
-Մարտի 1-ի հանրահավաքով կարելի է ենթադրել, որ սկիզբ եք դնում նման պրոցեսի:
-Այդ հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը:
-Ի դեպ, ՀՀԿ-ի ո՞ր թեւի վրա եք պատրաստվում հույս դնել:
-Հիմա հո բոլոր քարտերը չենք բացում (ժպտում է): Իրականում սա միշտ չէ, որ կանխատեսելի է, եւ ամենաանսպասելի մարդիկ կարող են որոշակի հանգամանքներում անցում կատարել ժողովրդի ճամբար:
-Ի դեպ, այս իշխանությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերով ցույց տվեց, որ ինքը իշխանություն հեշտությամբ հանձնող եւ թավշյա հեղափոխություն իրականացնող չէ:
-6 տարվա մեջ շատ բան է փոխվել: Այսօրվա իշխանության թիմը չունի այն իշխանության թիմի ռեսուրսների անգամ կեսը: Այն բարոյազրկված է ու բարոյալքված: Եվ այսօր Սերժ Սարգսյանի կառավարման ձախողումներն ակնհայտ են նաեւ իրենց համար:
-Մարտի 1-ի հանրահավաքում եթե շատ մարդ էլ հավաքվի, ինչ է լինելու դրանից հետո:
-Դուք արդեն ուզում եք, որ ես զբաղվեմ գուշակություններով: Եթե ժողովուրդը ցույց տա իր վճռականությունը եւ պատրաստակամությունը` հետեւողական պայքարի, մենք էլ համապատասխան որոշում կընդունենք:
-ՀՀԿ-ականները ՀԱԿ-ին մեղադրում են մարտի 1-ի թեման շահարկելու, քաղաքական կապիտալ կուտակելու մեջ, եւ ինչպես երեկ ԱԺ-ում ասաց Արմեն Աշոտյանը` «մարտի 1-ը դարձրել եք քաղաքական նոր տարի»:
-Մարտի 1-ը քաղաքական նոր տարի դարձրել ենք ոչ թե մենք, այլ` իշխանությունը, որն այդ օրը ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա: Եվ թող չզարմանան, որ այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանցագործության պատասխանատուները չեն պատժվել, ամեն մարտի 1-ը լինելու է ժողովրդական համախմբման եւ այս իշխանությունների դեմ ընդվզման սկիզբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

«ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ

 

Երեկ ԱԺ-ն 44 «կողմ», 55«դեմ» եւ 1«ձեռնպահ» քվեարկությամբ մերժեց «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը: Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն դա էլ «չփրկեց» իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք «դեմ» են քվեարկում նախաձեռնությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից պարզել խմբակցության հետագա քայլերը:
-Պարո՛ն Մինասյան, փաստորեն «Նաիրիտ»-ի հարցով հանձանաժողով ստեղծելու Ձեր նախաձառնությունը ՀՀԿ-ականները տապալեցին: Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Առաջիկա շաբաթում մենք կկոնկրետացնենք՝ որտե՞ղ եւ ե՞րբ պետք է անցկացնենք հանրային մասնագիտական քննարկում, ներգրավելով թե՛ գիտական ոլորտի ներկայացուցիչներին, թե՛ պրոֆեսիոնալներին՝ «Նաիրիտ»-ի գործով մասնագետներին: Հնարավորություն պետք է տանք այս հարցը դարձնել ավելի լայն քննարկման առարկա, ինչը, մեր կարծիքով, կստիպի իշխանություններին վերանայել իրենց այս կեցվածքը: Բնականաբար, այսօր մենք կարեւորում ենք «Նաիրիտ»-ի ճակատագրի որոշման հարցում պետական իշխանությունների, բոլոր մարմինների մասնակցության հնարավորությունը:
-Իսկ ՀՅԴ խմբակցությունը նման պատասխան չէ՞ր ակնկալում ՀՀԿ խմբակցությունից:
-Սպասելի էր, երբ հանձնաժողովում քննարկման արդյունքում փորձ էր արվում ներկայացնել որոշակի պատճառներ, որոնք մեր գնահատմամբ՝ որեւէ առնչություն չունեն մեր բարձրացրած հարցերի հետ: Այդ թվում, թե՛ «Ռոստնեֆտ»-ի կողմից կատարվող հնարավոր ներդրումները, թե՛ նոր գործարանի կառուցումը, ինչպես նաեւ մի շարք փաստարկներ, որոնք կարող էին խոչընդոտ հանդիսանալ այլ ներդրողների կողմից «Նաիրիտ»-ի նկատմամբ հետաքրքրությունը շահելու առումով: Մենք գտնում ենք ու համոզված ենք, որ ցանկացած ներդրող ավելի շատ ինֆորմացիա ունի «Նաիրիտ»-ի մասին, քան պառլամենտի պատգամավորները կամ քաղաքացիները, որոնք զբաղվում են այդ հարցով:
-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Դուք պետք է դիմեք ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի կարողանանք բացահայտել իրական մեղավորներին: Գուցե ականջալո՞ւր լինեք նրա կոչին:
-Վարդան Այվազյանի խոսքն ինձ համար ոչ օրենք է եւ ոչ էլ ուղղություն, առավել եւս, երբ փաստարկ ենք բերում ու ասում, որ հետքաննող լրագրողների կատարած ուսումնասիրությունների հիման վրա դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Մարդկանց թվում է, թե եթե պատգամավորը դիմեց` անպայման ընդունելու են: Ինչ տարբերություն, սա պարզ մի խնդիր է , որը ցույց է տալիս, թե իրավապահ համակարգը պատրաստ չէ հարցին ընթացք տալու: Իսկ հանձնաժողովի նպատակը նաեւ դա պետք է լիներ: Բայց եթե իրենք շատ են ուզում, մենք կպատրաստենք մի դիմում ու իրենց ստորագրելուց հետո այն կուղարկենք իրավապահ մարմիններին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիականության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ըստ այդմ, գործը կարճվել է փետրվարի 14-ին ՀՀ Քր.դատ.օր 35 հոդվածի 1-ին մասի 1 կետով` Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: Հիշեցնենք, որ ինքնասպան եղած Հայկը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի բարեկամն էր՝ մայրական կողմից:

 

 

ԳԼՈՒԽԸ ԿԱԽ

Երեկ ԱԺ-ում էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. եկել էր պատգամավորների հետ հարցուպատասխանին մասնակցելու: Նա եկավ միայնակ, գլուխը կախ ու ոչ բարձր տրամադրությամբ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտնի ելույթից հետո նրա առաջին այցն էր խորհրդարան: Հիշեցնենք, որ Ա. Ռուստամյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»: Հ. Թովմասյանը լրագրողներին ասաց, որ ինքը որեւէ բան չունի ասելու, քանի որ իր մամլո խոսնակն արդեն պատասխանել է. «Դուք իրեն հարցրեք, եթե ինքը «եթե»-ները կհանի, կստանա այն, ինչը մամուլի քարտուղարն է ասել»: Երեկ այս հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով. «Պետք չէ էմոցիոնալ պատասխանի հիման վրա կառուցել դեբատներ, նախատապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել»:
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ

«Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկությունը գազի եւ էլեկտրաէներգիայի բարձր սակագների պատճառով հայտնվել է ծայրահեղ վիճակում: Ձեռնարկության տնօրեն Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ հայտարարելով, որ առաջիկայում հնարավոր է արտադրամասը փակվի: Ավելին՝ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պարտք է մնացել դեկտեմբեր ամսվա սպառած գազի վարձը: «Դժվարանում ենք մուծել: Նման դժվարություն ես չէի ունեցել: Եթե այսպես շարունակենք արտադրամասն էլ չի կարող աշխատել: Արդեն մի քանի ամիս է, ինչ վնասով ենք աշխատում: Մի կողմից էլ վարկերն են: Կփակվի երեւի արտադրությունը»,- հուսահատված հայտնեց Ս. Հակոբյանը: Զրույցի ավարտին տնօրենից տեղեկացանք նաեւ, որ այս ընթացքում մի քանի աշխատակիցների արդեն ստիպված է եղել կրճատել:

 
ՄԻԼԼԵՐԸ ԵԿԱՎ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին:




Լրահոս