ՍՊԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ
Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով:
Նշենք, որ գործարարը սպանվել էր դանակի 6 եւ հրազենի 3 հարվածներից: Ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցչի տեղեկության համաձայն` կրակել են նրա գլխին ու կրծքին:
Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որտեղ կա ռեստորան, ակումբ, բիլիարդի սրահ, ինչպես նաեւ սաունա:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` սպանության վարկածներից մեկը կարող է լինել գործարարի պարտքերը, որոնք մեծ չափերի են հասել: Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ էլ այրել էին նրա մեքենան:
Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ օտար երկրում հայ գործարար է սպանվում: Դեռեւս 2013 թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանվել էր «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը, ով Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 2013-ի նոյեմբերի 7-ին դեսպանը վստահեցրել էր, որ իր եղբոր սպանության իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում Է:
Ինչեւէ, Ղրիմում սպանված հայ գործարարի սպանության շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված այդ սպանությունը եւ, առհասարակ, որքանով են ապահով մեր գործարարներն օտար երկրներում: Դեսպանատնից պատասխանեցին. «Մենք այնտեղ ունենք հայ համայնք, որը զբաղվում է խնդրով, իսկ դեսպանը հսկում է իրավիճակը: Այն, ինչ կատարվել է հայ գործարարի հետ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ որեւէ կապ չունի: Գիտենք, որ գործարարը տուն գնալուց բավականին մեծ գումար եւ ոսկեղեն է ունեցել իր մոտ եւ սպանվել է: Նա իր բիզնեսի հետ կապված որոշ մարդկանց հետ խնդիր է ունեցել, հիմա պարզում են, թե ում հետ ինչ խնդիր է ունեցել: Շատ դաժան սպանություն Է եղել՝ եւ՛ դանակով են խփել, եւ՛ կրակոցներ են եղել»,-ասացին դեսպանատնից` նշելով, թե առայժմ ձերբակալված չկա:
Իսկ ահա Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե գործարարը վերջին ժամանակները ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:
«Աստված գիտի, թե ինչի համար են խփել: Բիզնեսմեն, խառը տղա էր, ժամանակին մեծ փողերի հետ կապված է եղել: Կարծում եմ՝ դեպքը պայմանավորված էր իր գործունեության հետ եւ այստեղ ազգայինի հարց չկա»:
Վաղարշ Մելքոնյանի խոսքով՝ երեկ հայ համայնքի սաներով հավաքվել են քննարկման ու սաներից մեկը` Վալիկը, հայտարարել է, որ գործարարի ընտանիքը դագաղ գնելու համար գումար չունի, որ հուղարկավորի սպանվածին. «Կասկածում եմ, որ այս պայմաններում նա ոսկի ու փող ունեցած լիներ»,-ասաց Ղրիմի հայ համայնքի նախագահը՝ հավելելով, որ համայնքի սանիկների մեծ մասը հրաժարվել է օգնել գործարար ընտանիքին: Իսկ թե ինչու՝ Վաղարշ Մելքոնյանը չկարողացավ ասել. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ հարաբերություններ են ունեցել նրա հետ ու ինչ խնդիր կա նրանց մեջ, որ չեն ցանկանում օգնել: Կամ գուցե օգնեն»:
Նրա խոսքով՝ գործարարը ժամանակին հարուստ է եղել, իսկ վերջին ժամանակներն իր բիզնեսի հետ կապված անհաջողություններ է ունեցել. «Ես արդեն երկու տարի համայնքի ղեկավար եմ ու որեւէ աջակցություն նրանց կողմից չի եղել: Ավելին՝ լսել եմ, որ ֆինանսական լուրջ դժվարությունների մեջ էր: Հիմնականում կապված է եղել ուրիշ ազգերի մարդկանց հետ»: Վաղարշակ Մեքոնյանի խոսքերով՝ գործարարը միլիոն թշնամի է ունեցել:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե հաշվի առնելով կատարվածը, կարո՞ղ է հստակ ասել, թե որքանով են մեր գործարարներն ապահով Ղրիմում՝ համայնքի նախագահը վստահեցրեց, որ իրենք որեւէ խնդիր չունեն եւ հիանալի են զգում Ղրիմում:
Հավելենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիաները: «Միակ ելքը դա է: Քանի որ անհասկանալի է, թե ինչպես է գործարանը հասցրել պարտքեր կուտակել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակից Արայիկը՝ ընդգծելով, որ տեղյակ չեն, թե աշխատակիցները երբ են ստանալու իրենց աշխատավարձերը: Ի դեպ, երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտ»-ի տեղում կառուցելու է նոր գործարան եւ նախատեսվում է ավտոդողերի արտադրություն իրականացնել:
ԴԵՄ Է ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին շուտով պատրաստվում են Երեւան ՔԿՀ-ից տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, սակայն Խաչատուրը դեմ է այդ տեղափոխմանը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Խաչատուրի կինը՝ Նոնա Հակոբյանը: «Ամուսինս շաքարային դիաբետով հիվանդ է: Ավելին՝ ձեռքի վրա ուռուցք է գոյացել: Չգիտեմ ինչ անեմ, եթե նրան հեռու քրեակատարողական հիմնարկ տեղափոխեն, չեմ կարողանա դեղերը ժամանակին հասցնել: Ո՞ւմ դիմեմ, որ կկարողանա այս իրավիճակում օգնել ամուսնուս»:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը փետրվարի 5-ին վերադարձրել է սույն գործով երեք դատապարտյալների բողոքը: Չնայած այս ամենին, Նոնան ասաց, որ թեեւ իրենք սպառել են հայաստանյան բոլոր դատական ատյանները, սակայն հույսները չեն կորցրել եւ դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Նշենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, եւս «ժողովուրդ»-ին հայտնել էր, որ դիմելու է ՄԻԵԴ:
ԱՆՀԱՅՏ Է
Արմավիրի մարզում եղբոր գերեզմանի մոտ կնոջը սպանած` Արթուր Սարխոշյանի գործով նոր մանրամասներ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց Արմավիր համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի հետ: Վերջինս հայտնեց, որ Սարխոշյանը բուժվել է հոգեբուժարանում, ինչը նշանակում է, որ դեռ հստակ չէ նրան կդատապարտե՞ն, թե՞ կտեղափոխեն բուժհաստատություն:
Հայտնի է նաեւ, որ Սարխոշյանն ու կինն իրենց խնամքի տակ ունեցել են 4 երեխա, եւ խնամում էին նաեւ Սարխոշյանի մահացած եղբոր 3 երեխաներին:
Համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ դեռեւս պարզ չէ` ինչ ճակատագիր է սպասվում երեխաներին: Նրա փոխանցմամբ` 7 երեխաներն այս պահին գտնվում են տատի ու պապի խնամակալության տակ: «Հոգաբարձուների խորհուրդը դեռեւս չի որոշել` որտեղ պետք է մնան երեխաները: Դե պարզ է, որ տատն ու պապը չեն հրաժարվի խնամքից: Ուղղակի սա շատ նուրբ հարց է, եւ երբ այս խառը պահերն անցնեն, կհասկանանք` ոնց վարվենք»,- նշեց Ռ. Մարգարյանը` հավելելով, որ Սարխոշյանի հանգուցյալ եղբոր երեխաների մայրն աշխատում է գյուղի խանութներից մեկում, եւ չի հրաժարվել նրանց խնամքից, ավելին` հաճախ այցելում է:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Սարխոշյանը փետրվարի 15-ին հարազատ եղբոր գերեզմանի մոտ քարով հարվածներ էր հասցրել կնոջ` 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի գլխին, այնուհետեւ իր մոտ եղած շեղբով կտրել վերջինիս պարանոցի հատվածը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԼԹ
«Մենք գործ չունենք խճճողների մեծ վարպետների հետ: Մենք թաղելու,թաքցնելու վարպետ չենք, դրա փորձը չունենք»:
Հովիկ Աբրահամյան Yerkir.am
Խճճողների մեծ վարպետների հետ գործ ունենալու կարիք, ըստ երեւույթի, ԱԺ նախագահը չունի էլ, քանի որ ինքը հենց այդ վարպետներից մեկն է: Իր կուսակցության հետ միասին արդեն տեւական ժամանակ է՝ նրանք երկրում ամեն ինչ խճճում են, անհասկանալի ճանապարհներով պարտքեր են կուտակում, գումարներ փոշիացնում եւ այդ ամենը թաղում են թաքցնում, իսկ արդյունքում` արդեն հասկանալի ճանապարհներով հարստանում, բարգավաճում (ոչ ԲՀԿ-ի իմաստով), Ազգային ժողովի շենքից գրեթե չտարբերվող` շքեղ առանձնատներ կառուցում, գազամատակարարման ոլորտի խնդիրներն էլ իրենք են «ուսումնասիրում», որ հեշտ թաքցնել լինի:
«Երեկ ՀՀ ԱԺ-ում հրապարակավ հայհոյել են տիկին Հերմինե Նաղդալյանի, տիկին Նաիրա Զոհրաբյանի, տիկին Լյուդմիլա Սարգսյանի ներկայությամբ, իմ կողմից շատ հարգված մյուս տիկնանց ներկայությամբ: Նողկալի է, պարոնայք: Նողկալի»:
Նաիրա Կարապետյան News.am
Շատ հետաքրքիր է, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայս մականունով, պարբերաբար ԱԺ-ում «բեսեդկի» բառապաշար է գործածում, բարձրաձայն հնչեցնում ակնհայտ հակահիգիենիկ հայհոյանքներ, ՀՀԿ-ական պատգամավորուհին այդժամ հիշո՞ւմ է իր կողմից շատ հարգված տիկնանց Հերմինե Նաղդալյանին, Նաիրա Զոհրաբյանին, Լյուդմիլա Սարգսյանին, չի՞ մտահոգվում այդ ժամանակ, թե՞ Շմայսի հայհոյանքներն օրհնանքին հավասար են եւ միայն Արմեն Ռուստամյանի պատասխան արտահայտությունը նողկալի դարձավ: Է, տիկնայք, բավական է ձեւեր թափեք:
«ՀՀԿ-ականները տարբեր լեզուներ գիտեն, այդ թվում` օտար, բայց հրաշալի տիրապետում են հայերենին` իր բոլոր դրսեւորումներով»:
Կարեն Ավագյան «Առավոտ»
Երիտհանրապետականների արդեն ոչ այնքան երիտասարդ ղեկավարի ասածները նույնիսկ կասկած էլ չեն հարուցում, քանի որ հատկապես երիտհանրապետականները` սաքուլիկների եւ հայկուլիկների միջոցով բազմիցս ցույց են տվել, թե որքան լավ են տիրապետում հայերենին` իր բոլոր դրսեւորումներով: Հավանաբար Կարեն Ավագյանն էլ այդ պատճառով չի ուզում հրաժեշտ տալ երիտթեւին եւ իր համար ճանապարհ հարթել դեպի ծերակույտ, քանի որ այստեղ ավելի հոգեհարազատ միջավայր է` լեզվի օգտագործման առումով, չնայած որ ծերակույտում էլ են հրաշալի տիրապետում հայերենին` իր բոլոր դրսեւորումներով:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ