Երեկ Ազգային ժողովը, շարունակելով իր աշխատանքը, առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը և շարունակեց քննարկել այլ օրինագծեր: Վերջիններիս թվում էին պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան նաև պատգամավորները:
Ըստ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ ներկայացված նախաձեռնությունը նոր իրավահարաբերություն չի կարգավորում, այլ հստակեցնում և պարզաբանում է գործող իրավական նորմը: Ջհանգիրյանը, ի դեպ, հայտնել է, որ կողմ է քվեարկելու:
ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրինագծում կատարվող լրացումներն ամբողջությամբ չեն լուծում ոլորտում առկա խնդիրները, սակայն այն ընդունվելու դեպքում` կթեթևացվի քաղաքացու հոգսը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարևորեց ճանապարհատրանսպորտային ոլորտում անվտանգության կանոնների պահպանումն ու քաղաքացիների իրավուքների պաշտպանությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Ապա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց երկու վարկային համաձայնագիր՝ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը» և 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը»: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր համաձայնագրով` ՀՀ-ին կտրամադրվի 15 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է:
Նրա խոսքով՝ նախատեսվում է բափեփոխումներ կատարել հանրակրթության ոլորտում. մասնավորապես առաջարկվում է վերակառուցել եւ արդիականացնել ավագ դպրոցները, բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացմանը, իրականացնել ծրագրերի կառավարում, մոնիթորինգ եւ գնահատում: