«ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
«ՀՀ բնակչության զանգվածային արտահոսքը ինքնիշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգն եմ համարում»՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ ԳԵՐՄԱՆ ԱՆԱՆՅԱՆՑԸ:
-Տեւական ճնշումների արդյունքում Վլադիմիր Պուտինին ի վերջո հաջողվեց հարկադրել ՀՀ իշխանություններին` կայացնել Մաքսային միությանն անդամակցելու որոշում: Ձեր գնահատմամբ` ինչ կտա այդ անդամակցությունը Հայաստանին:
-ՄՄ անդամակցելու որոշումը բխում է Հայաստանի շահերից եւ հանդիսանում է երկրի ղեկավարության քաղաքական կամքի դրսեւորում, այլ ոչ թե ճնշումների գնով պարտադրված որոշում: ՌԴ-ը հանդիսանում է ՀՀ արտաքին-տնտեսական գլխավոր գործընկերը` թե՚ արտահանման, թե՚ ներմուծման տեսանկյունից: Սրանով հանդերձ, նպատակահարմար չէ՞ արդյոք առեւտուրն իրականացնել մաքսատուրքերի ամբողջական բացակայության պայմաններում: …Հայկական արտադրանքը միջազգային շուկայում կդառնա ավելի մրցունակ: Մյուս կողմից՝ ՄՄ-ին անդամակցությունը հնարավորություն կստեղծի ՀՀ ներքին սպառողական գների` ներկայից ավելի ցածր մակարդակի ձեւավորման համար: Այս համատեքստում, ՀՀ համար այլընտրանք չեմ տեսնում, քան ՄՄ-ին անդամակցումը, ինչը կնպաստի առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացմանը նաեւ Եվրամիության կազմում գտնվող երկրների հետ:
-Իսկ Դուք մտավախություն չունե՞ք, որ այդպիսով Հայաստանը կդառնա Ռուսաստանի ծայրագավառներից մեկը` կորցնելով ինքնիշխանությունը:
-Ընդհակառակը, ՄՄ-ին անդամակցությունը ենթադրում է ՀՀ տնտեսության զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում: Սա ինքնիշխանության ամրապնդմանը սատարող գործոն է, այլ ոչ թե` հակառակը: ՀՀ տնտեսության ակնկալվող զարգացումը կբերի աշխատատեղերի թվի եւ բնակչության եկամուտների ավելացմանը: Դրանով կկասեցվի բնակչության զանգվածային արտահոսքը, որն ինքնիշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգն եմ համարում: Մյուս «սպառնալիքները», որոնք շահարկվում են ՀՀ որոշ քաղաքական ուժերի կողմից, ոչ ավելին են, քան քարոզչական հնարքներ:
-Իսկ ինչպե՞ս եք բացատրում ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ հայտարարությունները, կամ էլ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդի զենքի վաճառքը:
-Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծումը կանխարգելող գործոններից մեկն էլ հակամարտող երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համակշիռն է: Պատմականորեն այնպես է ստացվել, որ թե՚ Հայաստանի, թե՚ Ադրբեջանի զինանոցներում այսօր հիմնականում ռուսական զենքն է: Եթե նույնիսկ ՌԴ-ն հրաժարվեր վերոնշյալ գործարքից, միեւնույն է` Ադրբեջանն այն ձեռք կբերեր երրորդ երկրից, ինչի հետեւանքով դուրս կգար Ռուսաստանի ռազմատեխնիկական ազդեցության ուղեծրից: Ադրբեջանի կողմից հետագա սպառազինման անխուսափելիութան պարագայում, որքան էլ պարադոքսալ հնչի, չարյաց փոքրագույնը կլինի, եթե Ադրբեջանն այսուհետ եւս զենքը գնի առավելապես ՌԴ-ից:
-Այդուամենայնիվ, որքանով էր ճիշտ Հայաստանի արտադրական հզորությունների գերակշիռ մասը Ռուսաստանին վաճառելը: Իսկ այն հզորություններն էլ, որոնք դեռ վաճառված չեն ՌԴ-ին, հանձնված են վերջինիս կառավարմանը:
-Ո՛չ: Վերոնշյալ կառույցները ստեղծվել են խորհրդային տարիներին եւ հանդիսացել են ԽՍՀՄ միասնական արդյունաբերական համալիրի բաղկացուցիչ մասը: ԽՍՀՄ կազմաքանդումից հետո խզվեցին նաեւ մինչ այդ գործող արտադրական կապերը: Սույն հանգամանքն ու Հայաստանի շարունակական տնտեսական շրջափակումը հանգեցրեցին նրան, որ այդ կառույցները դադարեցին գործել եւ սկսեցին հետզհետե ավերվել: Դրանց վերականգնման, շահագործման եւ զարգացման համար պահանջվում էին խոշոր ֆինանսական, տեխնիկական եւ տեխնոլոգիական ռեսուրսներ: Չգիտեմ՝ հնարավոր կլինե՞ր վերականգնել այդ ամենն առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության, բայց փաստ է, որ այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկ հաշվեկշիռը դրական է, բնակավայրերը գազաֆիկացված են, եւ այդ գործընթացը շարունակվում է: Փորձը նաեւ ցույց է տալիս, որ հայկական շուկայում որոշ արեւմտյան ընկերությունների փոխարինելու եկած ռուսական ընկերություններն ավելի հաջող են գործում: Մի խոսքով, ՀՀ խոշոր արտադրական ակտիվների՝ այս կամ այն չափով բաժնեմասային վաճառքը ռուսական կողմին կոչված է ապահովելու այդ ոլորտների բնականոն գործունեությունը եւ հետագա զարգացումը:
-Դուք նաեւ հորդորում եք, որ ՌԴ-ում ապրող հայերը խոսեն ռուսերեն` տանը, թե դրսում: Արդյոք այդպիսով նրանք վերջնականապես չեն կտրվի հայկական արմատներից, չէ որ լեզուն ազգային ինքնության առանցքն է:
-Ազգային ինքնության պահպանման համար լեզվի իմացությունը կարեւոր, բայց միակ գործոնը չէ: Հայրենիքի բարգավաճումն անքակտելիորեն պայմանավորված է Սփյուռքի հզորությամբ: Իսկ դա անհնար է առանց բնակության երկրի լեզվի իմացության: Իմ հորդորը հասցեագրված է մեր այն հայրենակիցներին, ովքեր ցանկանում են աշխատել, հաստատվել եւ առաջ գնալ ՌԴ-ում: Դրա հետ մեկտեղ, ռուսաստանաբնակ մեր շատ հայրենակիցներ (հատկապես` արդեն Ռուսաստանում ծնված սերնդին պատկանող) լավ չեն տիրապետում հայոց լեզվին: Այս խնդիրը շտկելու համար Ռուսաստանում գործում են բազմաթիվ հայկական կիրակնօրյա դպրոցներ:
Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակից ՌԴ-ում
«ԼԵՆԻՆԻ ԹՎԻՑ»՝ ԳՅՈՒՂԱՊԵՏ
ՀՀ Արարատի մարզի Զորակ համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մարտի 9-ին: Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետ Մանուկ Մալոյանը եւ ԲՀԿ-ական Էդուարդ Հարությունյանը: Նշենք, որ ԲՀԿ-ական թեկնածուն երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը:
-Պատրաստվո՞ւմ եք ընտրություններին:
-Արձակուրդի մեջ եմ, ճիշտն ասած, այդքան էլ չեմ հետաքրքրվում:
-Ե՞րբ եք վերադառնալու արձակուրդից:
-Մարտի 7-ին կվերադառնամ, իսկ 9-ին էլ ընտրությունը կանենք:
-Պայքարո՞ւմ եք:
-Ինչի՞ համար պայքարեմ:
-Գյուղապետի պաշտոնի համար:
-Ով ուզում է թող նա պայքարի:
-Բայց Դուք առաջադրել եք Ձեր թեկնածությունը:
-Ի՞նչ անենք: Ես իմ հե՞տ կռիվ անեմ: Ասեմ՝ ուզում եմ գյուղապետ դառնալ:
-Իսկ Ձեր ԲՀԿ-ական մրցակի՞ցը:
-Հա, դե թող պայքարի, ի՞նչ անեմ: Պայքարում ա էլի ինքը: Ուժեղ լարվածություն չկա:
-Այնուամենայնիվ, Դուք ՀՀԿ-ական եք, իսկ նա՝ ԲՀԿ-ական:
-Այո, դա չի խանգարում ու ոչ էլ օգուտ է տալիս:
-Ցանկանո՞ւմ եք նորից վերընտրվել:
-Ո՞ր մի սալդատը չի ուզում գեներալ դառնա (ծիծաղում է-Ս.Հ.):
-Քանի՞ տարի է՝ գյուղապետ եք:
-Լենինը ո՞ր թվից է (ծիծաղում է-Ս.Հ.):
-Հումորի զգացում ունեք:
-1994 թվականից գյուղապետ եմ:
-Այս ընթացքում, ի՞նչ եք արել գյուղի համար:
-Գյուղի ճանապարհներն ենք խճապատել, փողոցների լուսավորությունն ենք կարգավորել, խմելու եւ ոռոգման ջրերի խնդիրներն ենք լուծել:
-Իսկ ընտրվելուց հետո ի՞նչ խնդիր եք լուծելու:
-Մի հատ մանկապարտեզ եմ ուզում բացել, դպրոցի վերանորոգման աշխատանքները պետք է կատարենք, ջեռուցման խնդիրը լուծենք, հետո՝ որոշ ընտանիքների բնակարանները պետք է գազաֆիկացենք:
-Մեծ ծրագրեր ունեք, ուզած-չուզած պետք է ընտրվեք:
-Եթե աչքով չտաք՝ կընտրվեմ (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ես աչքով չեմ տա, այ Ձեր մրցակիցը…
-Եթե աչքով տա, իր կնոջը պետք է աչքով տա, իմ հետ ի՞նչ գործ ունի:
-Ուժե՞ղ մրցակից է: Չե՞ք վախենում:
– Չէ, դժվար: Ինքը սկզբում ՀՀԿ- ական է եղել, հետո ընկել է ԲՀԿ-ի գիրկը:
-Իսկ գյուղացիները Ձե՞զ են հավատում, թե՞ նրան:
-88 թվականից մարդիկ ինձ ճանաչում են, կարո՞ղ է ինձ չհավատան: Մի անեկդոտ պատմեմ. ապարանցին իր թութակն ուսին ուզում է գնա ու մտնի ռեստորան, դռնապանն ասում է՝ կենդանիներով թույլ չենք տալիս ռեստորան մտնել, այդ ժամանակ թութակը ծիծաղում է, ասում է՝ բա էս էշին որտե՞ղ կապեմ:
-Ինչո՞ւ պատմեցիք անեկդոտը:
-Ինքը ցանկանում է գյուղապետ դառնալ, բայց չի կարողանում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐԶԵՐ
ԴԱՏՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Սարգիս Անտոնյանը նախնական համաձայնության է եկել համագյուղացիներ, 1989թ. ծնված Աշոտ Ավալյանի եւ 1995թ. ծնված Արմեն Անտոնյանի հետ եւ նրանք 2013թ. ոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 24-ի սահմաններում մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող «Նազենի-Վարդուհի» ՍՊԸ տնօրեն Կարո Զարգարյանին պատկանող խանութի տանիքի հողային տախտակները պոկելու միջոցով մուտք են գործել խանութի սրահ եւ այնտեղից հափշտակել «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, 150 ԱՄՆ դոլար, 2000 ռուսական ռուբլի, 200.000 դրամ՝ 32 հատ, ընդհանուրը 32.000 դրամ արժողությամբ «Վիվա-Սել» բջջ. կապի քարտեր եւ այլ ապրանքներ: Գողության հետեւանքով նշված ՍՊԸ-ին պատճառվել է ընդհանուր արժողությամբ 422.000 դր. նյութական վնաս: Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Ս. Անտոնյանի եւ Ա. Ավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Ա. Անտոնյանը հանձնվել է այլ անձի հսկողությանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը փետրվարի 25-ին 3 անձանց էլ մեղավոր ճանաչեց: Դատարանը Ա. Ավալյանին եւ Ա. Անտոնյանին դատապարտեց 500 հազարական դրամ տուգանքի: Իսկ նախկինում դատված Ս. Անտոնյանը դատապարտվեց նաեւ 2,5 տարվա ազատազրկման: Ուշագրավ է, որ Բերդ քաղաքում ընթացող դատավարության ընթացքում Ս. Անտոնյանը եւս մեկ գողություն է կատարել Գեղարքունիքի մարզում: Հավանաբար, եւս մի քանի տարվա ազատազրկման կդատապարտվի:
ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ
Մարտի 9-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական եւ Դեբեդավան գյուղերում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այդ գյուղերում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները: 1050 բնակիչ ունեցող Զորականում գրանցված է համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 33-ամյա Սուրեն Մարտիրոսյանը եւ անկուսակցական, 33-ամյա Գուրգեն Բաղիրյանը: Մեր տեղեկություններով` Գուրգեն Բաղիրյանը Սուրեն Մարտիրոսյանի ընկերն է եւ առաջիկա օրերին կհանի իր թեկնածությունը: Զորական համայնքի ավագանու 5 տեղի համար գրանցվել է 6 թեկնածու, որից 2-ը ՀՀԿ, մեկը` ՀՅԴ անդամներ են, մնացածներն` անկուսակցական: 638 բնակիչ ունեցող Դեբեդավանում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցված գործող գյուղապետ, անկուսակցական, 54-ամյա Վանյա Դամիրչյանը եւ ՀՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող, 55-ամյա Ֆեդյա Էլչիբեկյանը: Դեբեդավանի ավագանու 5 տեղին հավակնում է 7 հոգի, որից 5-ն անկուսակցական է, 2-ը` ՀՀԿ անդամ: Ուշագրավ է, որ ավագանու անդամության թեկնածու առաջադրված ՀՀԿ անդամները հարազատ եղբայրներ են` 1967թ. ծնված Ավանես Դարգինյանը եւ 1963թ. ծնված Սեյրան Դարգինյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ