ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁՈՒ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը, ինչի արդյունքում Հայաստանի` ձու արտադրող ընկերությունները հայտնվել են ծանր վիճակում: Մի կողմից՝ վարկային մեծ պարտավորությունները, էլեկտրաէներգիայի, գազի սակագների եւ կերի թանկացումը, մյուս կողմից էլ՝ ներկրված սննդային հավկիթը: Դրանից, սակայն, տուժում են ոչ միայն ձու արտադրողները, այլեւ սպառողները, քանի որ մասնագետների պնդմամբ` խանութներում վաճառվող հավկիթն ունի 60-65 օրվա պիտանելիության ժամկետ, ինչն անթույլատրելի է վաճառել:

Ստանդարտացման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ 1-ին տեսակի սեղանի հավկիթների պահպանման ժամկետը 0*-20*C ջերմաստիճանում կազմում է 8-25 օր: Դրանք կարող են պահվել արտադրող կազմակերպությունների արդյունաբերական սառնարանների պայմաններում՝ մինուս 2-ից մինչեւ 0 աստիճանում, 90 օրվանից ոչ ավելի: Սեղանի հավկիթների պիտանելիության ժամկետները լրանալուց հետո ենթակա են ոչնչացման:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «65 օ՞ր, նման բան չկա, նույնիսկ Ուկրաինայում նման բան չկա: Սննդային ձուն միայն 25 օր պետք է մնա, իսկ 26-րդ օրն այն հանվում է եւ տարվում հրուշակեղենի արտադրամաս»:
Ամեն դեպքում, հարկ ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնեն մակնշմանը: Հավի ձվի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի եւ արտադրող կազմակերպության մասին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունից տեղեկացավ, որ մեր հանրապետություն ձու ներկրում է երեք ընկերություն, իսկ թե որոնք են, նախարարությունում հրաժարվեցին նշել` պատճառաբանելով, որ չի թույլատրվում: Սակայն մեր տեղեկություններով դրանք են` «Սովրանո» ընկերությունը, որը երբեւէ հավկիթի արտադրությամբ կամ արտահանմամբ չի զբաղվել, «Արաքս» թռչնաֆաբրիկան եւ «ԵԹՖ»-ն: Վերջին երկուսը պատկանում է հայտնի օլիգարխ Խաչիկ Խաչատրյանին:
«Թեկուզ քիչ քանակությամբ, բայց շարունակվում է ներկրումը: Ավելին՝ այն 2-3 դրամով էժան է վաճառվում արտադրվածից: Ներկրում են, սխալ մակնշում եւ այդպես էլ վաճառում»,- դժգոհեց Ստեփանյանը:
2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու: Այս տարվա երկու ամիսներին քանի՞ հատ ձու է ներկրվել: ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը մեր հանրապետություն է ներկրվել 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեեւ քիչ է 2013-ի համեմատ, սակայն միեւնույն է` մտահոգիչ է: Անցյալ տարեվերջին ներկրող ընկերությունների թիվը կազմել է 15, իսկ այս տարի՝ երեքն է: Անցյալ տարի հավկիթը ներկրվել է Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Թուրքիայից եւ Վրաստանից, այս տարի՝ Բուլղարիայից եւ Ուկրաինայից: Թվային այս տվյալները մտահոգում են ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջեւում Սուրբ Զատկի տոնն է, իսկ արտադրած ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում:
Սակայն սա հարցի մի կողմն է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ վերջին օրերին ներկրված հավկիթը լաբորատոր փորձաքննություն չի անցել, այլ միանգամից մտել է շուկա: Ինչի համար էլ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից հետաքրքրվեցինք՝ վերջերս ներկրված հավկիթը ենթարկվո՞ւմ է լաբորատոր փորձաքննության, թե՞ ոչ: Նա, սակայն, հավաստիացրեց. «Հայաստան ներմուծվող յուրաքանչյուր խմբաքանակ, ըստ կարգի, ենթարկվում է սահմանային հսկողության եւ անհրաժեշտության դեպքում լաբորատոր փորձաքննության: Ամեն մի խմբաքանակ, որ դրսից բերվում է, թարմությունը ստուգելու նպատակով, անպայման ենթարկվում է նաեւ լաբորատոր փորձաքննության»:
Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ տեղեկացնում, որ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, ներկրված ձուն վաճառում են տեղականի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին տեսքից էլ երեւում է, թե ներկրված հավկիթն ինչ թարմություն ունի:
Այնուամենայնիվ, նկատենք, որ ձվերի եւ ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ: Պահպանվում են այդ պայմանները, թե ոչ, հայտնի չէ: Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, մի բան է միայն պարզ այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլեւ խախտվում են ե՛ւ արտադրողի, ե՛ւ սպառողի իրավունքները: Ստեղծված մրցակցային անհավասար պայմանների արդյունքում մի շարք գործարարներ, ովքեր զբաղվում են ձվի արտադրությամբ, նամակ են պատրաստում, որով դիմելու են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան:
Հ.Գ. «Սովրանո» ընկերությունից փորձեցինք հետաքրքրվել՝շարունակակա՞ն է լինելու ձվի ներկրումն ընկերության կողմից, թե՞ ոչ: Ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցի սկզբում խոստացավ կապվել այս հարցով պատասխանատու անձի հետ, սակայն որոշ ժամանակ անց հայտարարեց, թե նա երկրում չէ. «Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, դա մեր ֆորմատից դուրս է: Այսօր չզանգահարեք, որովհետեւ նա երկրում չէ»: Իսկ թե ինչու է երբեմնի խոշոր արտադրող «Արաքս» ընկերությունը ձու ներկրում` մեր այս հարցին ընկերությունից հրաժարվեցին պատասխանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԴԵՌ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԵՆՔ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ արդեն իսկ ստացել են ազգային հավաքականում հանդես գալու հրավեր: Նրանցից են չեխական «Պրիբրամ»-ի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ինչպես նաեւ լիտվական «Ժալգիրիս»-ի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: Շուտով հրավերներ կստանան նաեւ այլ ֆուտբոլիստներ՝ մասնավորապես Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում վերջին հանդիպումները լավ անցկացնող Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի հետ անցկացրած արտագնա խաղում, որն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝ 4։2, մեր հայրենակիցը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ ու երկրորդ խաղակեսում փոխարինվեց։ Հրավերները կան, բայց, ինչպես ասում են՝ հրավիրողը, այսինքն՝ հավաքականի գլխավոր մարզիչը չկա։
«Ժողովուրդ»-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ հրավերներն ուղարկվում են ֆեդերացիայի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է հավաքականի գլխավոր մարզչին, ապա ֆեդերացիայից հայտնեցին, որ «այս պահի (երեկվա-Ռ.Թ.) դրությամբ այդ հարցը դեռեւս լուծված չէ»։ Ի դեպ, նախորդ օրը զանգահարել էինք նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին՝ տեղեկանալու, թե արդյոք ինքը չի՞ գլխավորելու հավաքականը։ Սակայն հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ նա վատառողջ է, եւ պետք չէ նրան անհանգստացնել։ Դե ինչ, Վարդան Մինասյանին ցանկանանք շուտափույթ ապաքինում, իսկ ազգային հավաքականին՝ մարզիչ։

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս