«ԵԹԵ ՄԵԿԸ ԳՈՂ Է, ԱՎԱԶԱԿ…»
Ինչպես տեղեկացրել է թուրքական Cihan լրատվական գործակալությունը, ադրբեջանցի երգչուհի Ազերինը թողարկել է թուրքերի կողմից սիրված «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի տեսահոլովակը: Նշենք, որ Սայաթ-Նովայի հայտնի «Քամանչա» ստեղծագործության երաժշտության վրա ադրբեջանցի գրող Ահմեդ Ջեւավ Ախունզադեն ժամանակին գրել է վերոնշյալ երգի բառերը եւ այն դարձել թուրք ազգայնականների սիրելի երգը։
Այս տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ թուրք հայտնի երաժիշտ Ուղուր Ըշըլաքը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է։ Իսկ երգչուհի Ազերինը պնդել է, թե ինքը կատարել է թուրքական աշխարհի կողմից սիրված երգը, որը գրվել է Նուրի եւ Էնվեր փաշաների համար, իսկ հեղինակներն են Ահմեդ Ջեւաթը եւ Ուզեյր Հաջըբեյովը։
Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանին։ «Թուրք երաժիշտ Ուղուր Ըշըլաքի հայտարարությունը, թե դա հայ հեղինակի գործ է, բնական է, Ադրբեջանում ոչ մեկի դուրը չի եկել։ Բայց փաստն այն է, որ դա Սայաթ-Նովայի երգն է, եւ դրա մեղեդու վերաբերյալ կան բազում-բազում հրատարակություններ՝ դեռեւս 20-րդ դարասկզբից սկսած` մինչեւ մեր օրերը»,-ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների պահվածքին, ապա, ըստ ժողովրդական արտիստի, պետք չէ զարմանալ, որովհետեւ գողանալը նրանց շատ բնորոշ է. «Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, կարծում եմ, վերջինը կլինի։ Եթե մեկը գող է, ավազակ, ինչպիսի միջազգային օրենքներ էլ լինեն, նրանք պետք է իրենց սեւ գործն անեն»։ Թ. Պողոսյանը համոզված է, որ այդ ամենի դեմ պայքարելու ամենաճիշտ ձեւը մեր մշակույթը պահպանելը, նրան տեր կանգնելն ու այն ամբողջ աշխարհում քարոզելն է։ Ըստ նրա՝ հայ աշուղական արվեստի մեջ Սայաթ-Նովան աշուղներից ամենաուսումնասիրված հեղինակն է։ Մեր զրուցակիցը նաեւ հիշեցրեց. «Սայաթ-Նովան գրել է ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն, ե՛ւ թուրքերեն, ընդ որում, մեզ հասած ամենամեծ թվով երգերը Սայաթ-Նովայի ժառանգությունից թուրքերեն խաղերն են։ Դե, իսկ ադրբեջանցիները բոլոր, այդ թվում՝ մշակույթի բնագավառում կայացման ճանապարհին են եւ լավագույնս օգտվում են իրենց շրջապատի հնագույն ու հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդների՝ հայերի, վրացիների, պարսիկների գանձարաններից։ Ընդ որում, հայ աշուղներից միայն Սայաթ-Նովան չէ նրանց «ուշադրության» կենտրոնում»։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ ԵՆ
Օրեր առաջ կայացավ «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի եւ իր ընտրյալի` Արմինեի նշանադրությունը: Երգչի ընտրյալն ապագա բժշկուհի է եւ այժմ սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: «Երկուսիս ընտանիքների միջեւ մեր հարաբերություններն արդեն օրինականացրել ենք, իսկ պաշտոնապես պատրաստվում ենք օրինականացնել աշնանը»,-նշել է երգիչը` շեշտելով, որ ուզում է շատ երեխաներ ունենալ: «Այսօր համարյա թե բոլորը մեկ երեխայից ավելի ունենալ չեն ցանկանում, ես ուզում եմ չորս երեխա ունենալ, մեծ ընտանիք ունենալն ինձ համար շատ կարեւոր է: Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` «X-Factor» նախագծի հաղթողը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է համագործակցել Գիսանե Պալյանի հետ եւ իր երկրպագուների դատին հանձնել նոր երգն ու տեսահոլովակը, որը ժամանակակից էլեմենտներով դասական կատարում է:
ԲԵՅՈՆՍԵԻ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Բեյոնսեն չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին: Partition հոլովակում նա ներկայացնում է պատմություն այն մասին, թե ինչպես տնային տնտեսուհին կարող է գրավել իր ամուսնուն: Տեսահոլովակը սկսվում է զույգի նախաճաշով, որի ընթացքում ամուսինն ավելի զբաղված է թերթ կարդալով, քան իր հմայիչ կնոջով: Հաջորդիվ կինը փորձում է գրավել ամուսնու ուշադրությունը սեքսուալ պարերով եւ գայթակղիչ ներքնաշորով։ Ի դեպ, դա երգչուհու մոտ հիանալի է ստացվում: Ամուսնական զույգի՝ տղամարդու դերը բաժին է ընկել Ջեյ Զիին: Հարցազրույցներից մեկում Բեյոնսեն ասել է, որ հոլովակի մի մասնիկ նկարահանվել է Փարիզի Crazy Horse գիշերային ակումբում, որի համար հատուկ պատճառ կար:
ՔԻՄԸ` ՆՈՐ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ՞
Givenchy նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին Քիմ Քարդաշյանին համեմատել է լեգենդար Մերիլին Մոնրոյի հետ: Նա խոստովանել է, թե ռեալիթի շոուների թագուհին առաջին հայացքից գերել է իրեն: The Sunday Times-ին տված հարցազրույցում Տիշին հետեւյալն է ասել. «Քիմի հետ ծանոթացել եմ իմ լավ ընկեր Քանյե Ուեսթի շնորհիվ: Մի քանի վայրկյանն էլ բավական էր, որ սիրահարվեմ նրան: Նա մեր օրերի Մերիլին Մոնրոն է: Ոմանք կարծում են, թե նա տիկնիկ է, բայց իրականում շատ խելացի եւ ուժեղ կին է»: