ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում
Այս երկաթյա նժույգն իր «դարն ապրել է» եւ հիմա շարժական ավտոլվացման կետի է վերածվել: Համաձայնեք, որ բավականին հնարամիտ քայլերի են դիմում մեր հայրենակիցները, միայն թե կարողանան մի քանի կոպեկ գումար վաստակել:
ՀԱՐՑ. Ունեմ կազմակերպություն, որը բոլորովին նոր եմ հիմնադրել: Ուզում եմ տեղեկանալ՝ արդյոք նոր ստեղծված կազմակերպության համար ես նվազագույն շահութահարկի վճարում պետք է կատարեմ:
Նիկոլայ Դավթյան (53 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47.1 հոդվածին եւ «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման եւ վճարման կարգի» հրահանգի 9.4-րդ եւ 9.7-րդ կետերին համապատասխան օրենքով սահմանված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չի հաշվարկում եւ չի վճարում այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարվա որեւէ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել կամ ընթացիկ տարում ազատվել է շահութահարկի վճարումից (կամ օգտվել է 100% արտոնությունից) կամ ընթացիկ տարվա որեւէ եռամսյակում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն: Նշված վճարումը չեն կատարում նաեւ պետական (համայնքային) ոչ առեւտրային կազմակերպությունները` մինչեւ շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե զարմանալի է, բայց, փաստորեն, այս դեպքում գործում է որոշակի արտոնություն, որը հնարավորություն է տալիս առեւտրային կազմակերպություններին փոքր-ինչ կայանալ, հետո նոր անցնել հերթական հարկերի պարտադիր վճարումներին:
ՀԱՐՑ. Ես ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր չեմ եւ նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմ չեմ հանդիսանում, բայց վարում եմ այդ ավտոտրանսպորտային միջոցը։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է կնքեմ ԱՊՊԱ պայմանագիր:
Խաչիկ Գրիգորյան (42 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դուք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր չեք, ինչպես նաեւ նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմ չեք հանդիսանում, բայց վարում եք այդ ավտոտրանսպորտային միջոցը, ապա.
ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքի այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ առքուվաճառքի պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմը (օրինակ` նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող անձը) կամ առաջին կետում նշված անձանց կողմից տրված լիազորագրի (որը պարտադիր նոտարական վավերացման ենթակա չէ) հիման վրա նրանց անունից դուք կարող եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Բոլոր դեպքերում ապահովադիր (այսինքն` ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձ) հանդիսանալու են եւ պայմանագրով ստանձնած բոլոր համապատասխան պարտականությունները (մասնավորապես` ապահովագրավճարի վճարման) դրվելու են համապատասխան լիազորագիրը ձեզ տված անձի վրա:
Հայաստանի Հանրապետության ապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2012թ. ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել 9,2 մլրդ դրամ, ինչը 2011թ. համեմատ ավելի է 64%-ով եւ պայմանավորված է պատահարների քանակի ավելացմամբ: 2012թ. ապահովագրական ընկերությունները ստացել են հատուցման 46,11 հազ. դիմում, այն դեպքում, երբ 2011թ. դիմումների քանակը 27,2 հազ. է եղել:
ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում հայցային վաղեմությունը: Եվ սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմելու ինչպիսի՞ ժամկետ է նախատեսված:
Հարություն Դարբինյան (66 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաեւ առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ (քաղաքացիական օրենսգիրք 331-րդ, 332-րդ հոդվածներ): Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում`
սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզ եւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ.
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերն անվավեր ճանաչելու՝ սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ՝ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները:
«Լեգալ էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ ընթերցողների համար պարզ է, թե ինչ ասել է հայցային վաղեմություն: Միայն ավելացնենք, որ հայցային վաղեմության երկու տեսակ է գործում՝ հատուկ եւ ընդհանուր: