Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի բնակչուհուն մեղադրում են երեք հայի առանց համապատասխան փաստաթղթերի ԱՄՆ տեղափոխելու համար: Նա միջազգային հանցավոր խմբավորման՝ արդեն չորրորդ անդամն է, ում հայերին Միացյալ Նահանգներ ապօրինի տեղափոխելու մեղադրանք է ներկայացվում. տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:
57-ամյա Մարիա Յանակոպուլոսը փորձել է երեք հայի Սան Իսիդրո անցակետով կեղծ գրին-քարտերով ԱՄՆ տեղափոխել: Կինը մեղադրվում է ֆինանսական օգուտ ստանալու համար հանցավոր համաձայնության գալու և մարդկանց ապօրինաբար ԱՄՆ տեղափոխելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ նա կդատապարտվի 5-15 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ Գլենդելի երկու այլ բնակիչներ՝ 42-ամյա Վարդուհի Ավագյանը և 40-ամյա Մերի Ավետիսյանը, ձերբակալվել էին անցած տարվա նոյեմբերին: 44-ամյա Գրիգոր Չատալյանը՝ Հյուսիսային Հոլիվուդից, ձերբակալվել է հունիսին: Ենթադրվում է, որ նա հանցավոր խմբի ղեկավարն է:
Սան Դիեգոյի իրավապահները մեղադրում են խմբի անդամներին այն բանում, որ նրանք Հայաստանի քաղաքացիներից վերցրել են 18 հազարական դոլար՝ նրանց ապօրինի ԱՄՆ հասցնելու համար: Սկզբում հայերը թռել են Մոսկվա, որտեղ նրանց կեղծ ռուսական անձնագրեր են տվել՝ Մեքսիկայի Կանկուն քաղաքը մեկնելու համար: Այնուհետև Կանկունից նրանց տեղափոխել են Տիխուանա, ուր նրանք ստացել են այլ անձանց իմիգրացիոն փաստաթղթեր: