Թեեւ Սերժ Սարգսյանն իր նախագահության առաջին իսկ օրերից սկսեց խոսել հանդուրժողականության, զոռբայության մերժման եւ չհասկացվածության պատը քանդելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, անցած տարիների իր գործունեության արդյունքում այդպես էլ չկարողացավ նշանակալի հաջողության հասնել այդ հարցում: Արված մի քանի դրական քայլերը, որոնցից ամենաէականը, թերեւս, անցած ամռանը ընդդիմության հետ սկսված երկխոսությունն էր, այդպես էլ լիարժեք արդյունք չտվեցին` ավելի շատ մնալով բարի մտադրությունների տիրույթում: Ու որքան էլ Սերժ Սարգսյանը քարոզարշավի այս օրերին կրկնի. «Մենք իրավունք չունենք ջրբաժանները գծելու շռայլություն մեզ թույլ տալ, պետք չէ քաղաքական վեճում սուր ելույթներից անցնել պիտակավորման», ակնհայտ է, որ ՀՀԿ առաջնորդի այդ հորդորները նախ եւ առաջ չի հարգում հենց իր իսկ հարազատ Հանրապետական կուսակցությունը` հավանաբար աչքի առաջ ունենալով նաեւ այդ հորդորները հնչեցնողի անսկզբունքայնությունը դրանց իրականացման հարցում:
Օրինակ` այդ ինչ մի արտառոց բան էր ասել Վարդան Օսկանյանը` նշելով, որ մայիսի 6-ին ժողովուրդն ընտրելու է նաեւ նոր կառավարություն, որ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Օսկանյանի հայտարարություններն այլեւս պետք է հոգեբաններն ու հոգեբույժները մեկնաբանեն»: Ի վերջո, Օսկանյանն ընդամենը քաղաքագիտական դասագրքային ճշմարտություն էր ասել, ու ՀՀԿ ցուցակի վերջնամասում հայտնված երիտհանրապետականի պոռթկումը, մեղմ ասած, անտեղի էր: Իր կուսակցապետի հորդորները բանի տեղ չի դնում նաեւ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, որի յուրաքանչյուր հրապարակային ելույթ ոչ այլ ինչ է, քան «ձոն հանդուրժողականության»: Դեռ լավ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը որոշել է միայնակ տանել ողջ քարոզարշավը, թե չէ հանրությունը ստիպված կլիներ ունկնդրել երիտհանրապետականների եւ ՀՀԿ ցուցակում հայտնված տարբեր ժողգործիքների «գերհանդուրժողական» ելույթները: Սակայն առանց այդ էլ ՀՀԿ-ականները, նաեւ նրանց կողմից սատարվող օլիգարխները, կարողանում են դրսեւորել մրցակիցների հանդեպ իրենց «հանդուրժողականությունը»` մի տեղ նրանց դաժանաբար ծեծելով եւ ստիպելով դուրս գալ ընտրապայքարից` ինչպես դա եղավ Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում` Մերուժան Մխոյանի դեպքում, մեկ այլ տեղ` «բետեեռ» կանանց միջոցով թեկնածուներին դուրս հանելով տարածքից` ինչպես դա եղավ Մալաթիա-Սեբաստիայում:
Եւ կամ` մարդիկ ինչպես պետք է հավատան Սերժ Սարգսյանի հանդուրժողականության մասին ճառերին, երբ այդ ընթացքում նրա կողքին տեսնում են հանդուրժողականության այնպիսի տիպարների, ինչպիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է (Լիսկան) կամ Էրեբունիում առաջադրված Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ