ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն շարունակում է պետական բյուջեն ծառայեցնել սեփական շահերին: Եւ ընդհանրապես, Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերը վերջին շրջանում դարձրել է ՀՀԿ նախընտրական քարոզարշավի անբաժանելի մաս: Երեկվա նիստում, օրինակ, 219 մլն դրամ է տրամադրվել Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման իրականացմանը: Նաեւ խոսք է եղել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Արամ Խաչատրյան համերգասրահը վերազինելու մասին: Այս ամենից բացի, ՀՀԿ-ն փորձել է աղետի գոտու բնակիչների, գյուղացիների, ինչպես նաեւ` մանր ու միջին ձեռնարկատերերի աչքը մտնել:
Օրինակ` կառավարության որոշմամբ գյուղացիներին մինչեւ մայիսի 1-ն անվճար մատակարարվելու է ոռոգման ջուր: «Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստեւ ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչեւ 2012թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց շահույթ ձեւավորելու»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ: Բացի այդ, մինչեւ 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարվելու է անհատույց: Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ ծախսերը հոգալու են կառավարության պահուստային ֆոնդերի հաշվին: Ակնհայտ է, որ կառավարության նման շռայլությունը պայմանավորված է ԱԺ առաջիկա ընտրություններով. հետեւողականորեն ձախողումներ գրանցած ՀՀԿ-ն ձայներ ստանալու լուրջ խնդիր ունի, հատկապես մարզերում, որտեղ սոցիալական իրավիճակը, մեղմ ասած, ողբալի է: Այլապես անհասկանալի է, թե ինչու նախորդ տարիներին նույն ծրագիրը չէր իրականացվում, այլ միայն հիմա են հիշել աղակալած հողերը ոռոգելու մասին, ընդ որում, այն անհատույց օգտագործվելու է մինչեւ մայիսի 1-ը:
Տիգրան Սարգսյանը որոշել է սիրաշահել նաեւ մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին: Սա, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ իրենց պաշտոնավարման ընթացքում այս իշխանությունները հետեւողականորեն ոչնչացրել են մանր ու միջին բիզնեսը` անսահմանափակ հնարավորություններ ստեղծելով օլիգարխներին պատկանող բիզնեսի համար: Ընդ որում, կայացված որոշումներով որեւէ էական օգնություն չի ցուցաբերվում մանր ու միջին բիզնեսին: Օրինակ` կառավարությունը որոշել է «պարզեցնել փոքր եւ միջին գործարարների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում որպես գրասենյակ ձեռք բերվող կամ վարձակալվող տարածքների գործընթացը»: Կառավարության մեկ այլ որոշմամբ` «Պարզեցվել են բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը` նպատակ ունենալով նպաստել բիզնես միջավայրի բարելավմանը եւ Հայաստանի տարանցիկ բեռնափոխադրման ծավալի ավելացմանը»: Թե հեշտությամբ գրասենյակ ձեռք բերելը որքանով կնպաստի մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, մնում է միայն կռահել. միգուցե տնտեսագիտության բնագավառում իր գիտելիքներով հայտնի Տիգրան Սարգսյանը կարողանա մեկնաբանել իր նոր թեզը:
Կառավարության երեկվա որոշումներից մեկն էլ վերաբերվել է աղետի գոտու բնակչությանը: Ըստ այդմ, 2012թ. պետբյուջեով կառավարությունը նախատեսում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ հատկացնել շուկայից բնակարանների, բնակելի տների ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրմանը: «Ընդունված որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը հատկացվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ: Տիգրան Սարգսյանը գյումրեցիներին սիրաշահելու եւս մեկ հնարք է գտել` խոսել է Մինաս Ավետիսյանի որմնանկարների մասին` խոստանալով, որ Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան պատին եղած որմնանկարը, ի տարբերություն նախորդների, կվերանորոգվի ու կմնա Գյումրիում: Ինչպես հայտնի է, Մինասի երեք որմնանկարների՝ Երեւան տեղափոխումը լուրջ դժգոհության ալիք էր բարձրացրել Գյումրիում, նույնիսկ` բողոքի ցույցեր եղան: Բայց հիմա՝ ընտրություններին ընդառաջ, Տիգրան Սարգսյանը որոշել է նաեւ այսպես սիրաշահել մարդկանց: «Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետեւ կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի: Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, եւ որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ»,-ասել է նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս