ԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐ
ՀՌԱՀ-ը մի շարք հեռուստաընկերությունների գրություններ է ուղղել` կապված անհամաչափ բաշխված եթերաժամերի հետ. «Հանրայինի ուշադրությունն ենք հրավիրել այն հանգամանքին, որ իր լրատվական թողարկումներում առավելապես լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, նույնատիպ գրություն ուղարկվել է «Կենտրոն», որտեղ առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստան»-ը, նաեւ «Երկիր մեդիա»` այստեղ առավել եթերաժամանակ հատկացվել է «Հայ հեղափոխական դաշնակցությանը», եւ մեկ գրություն էլ ուղարկվել է «Հ2», որտեղ եւս առավել շատ լուսաբանվել է «Բարգավաճ Հայաստանը»»,-հայտնել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը` հավելելով, որ այդ գրությունները նախազգուշացումներ, վարչական տույժեր չեն:
ՎԿԱՆԵՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը: Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ մեղադրվող դերասանուհու նախկին զուգընկեր Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանն ասել է, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում` վկաների չներկայանալու պատճառով: ««Արմենիա» հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել: Վկաները չեն ներկայանում, հիմա դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,-ասել է փաստաբանը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 4-ին:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ապրիլի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի եւ վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանի դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Մեր տեղեկություններով` այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը:
ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Ապրիլի 19-ին ՀՀԿ-ն գումարել է գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել են քաղաքական քարոզարշավի հետ կապված հարցեր: Որոշվել է ընդունել ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները (խոսքը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկի մասին է-խմբ.) եւ կոչ անել գործընկեր քաղաքական ուժերին եւս դրանց հետեւել:
ՆԵՐՔՈՒՍՏ ԶԳՈՒՄ Է
«Մայիսի 7-ին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դուրս են գալու փողոց` բողոքարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,-կարծում է թիվ 11 ընտրատարածքում ինքնաառաջադրված, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` հավելելով, որ նա ներքուստ այդպես է զգում եւ տեսնում:
ԽԻՍՏ Է ՊԱՏԺԵԼՈՒ
Henaran.am-ի տեղեկություններով` Աբովյանի հարկային տեսչության պետ Lյուդվիգ Ղազարյանն օրերս իր մոտ է կանչել քաղաքի մանր ու միջին բիզնեսով զբաղվող հարկատուներին եւ ասել, որ պետք է քվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Հարկատուների մեջ եղել են նաեւ հանրապետականներ, որոնք ըմբոստացել են այդ պահանջի դեմ: Ավելին, հարկայինի պետը «կարգադրել» է արդեն բերել ռեալ ցուցակները, այլապես ասել է, որ մայիսի 6-ից «խիստ է վարվելու խաբողների հետ»: Կայքի փոխանցմամբ` Լյուդվիգ Ղազարյանն Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Կարո Գուլոյանի մտերիմ ընկերն է, եւ միասին են կատարում «ճշգրտումները»: