Ո՞նց եք սրա տակից դուրս գալու. Ա. Մանուկյանը՝ սոցապ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը:

Նախարարությունը պատրաստվում է վարկ վերցնել, որի մի մասն ուղղվելու է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին. «Քանի որ Դուք այդ պայմանագիրը մայիսին եք ստորագրել, ի՞նչ կլիներ, եթե պարտադիր կուտակայինի օրենքը չընդունվեր: Ի՞նչ էր լինելու այդ գումարների հետ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց, որ այս պահին վարկերի մասով նախարարության կողմից որևէ վարկային ծրագիր չի իրականացվում:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում սա երկրորդ ծրագիրն է: Կենսաթոշակային համակարգի արդիականացման մասով նախատեսված միջոցները բացարձակապես չեն առնչվում կուտակային համակարգի խնդիրներին, այլ վերաբերում են սոցիալական պաշտպանության համակարգին, դրանում առկա միջոցառումներին»,- ասաց Ասատրյանը:

«Մեզ անհանգստացնում է, որ մենք 5 միլիարդի սահմանին ենք մոտենում: Մենք մուծելու մեխանիզմներ չենք ստեղծում. անընդհատ վերցնում ենք, բայց տալու մեխանիզմները չեն ստեղծվում, աշխատանք չկա, արտագաղթ է, աղքատություն և այլն: Որպես կառավարության անդամ՝ ինչպե՞ս եք այս քաղաքականությունը պատկերացնում: Ո՞նց եք սրա տակից դուրս գալու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Ի պատասխան այդ դիտարկմանը՝ նախարարը նշեց, թե Հայաստանի արտաքին պարտքը բոլորի մտահոգությունն է:




Լրահոս