Ավելի քան 115 մլն դրամ հափշտակած դատական կարգադրիչների գործով դատաքննությունը սկսվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատական կարգադրիչների գործով դատական քննությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նիստին ներգրավվել են նոր պաշտպաններ, ովքեր դեմ չէին դատական նիստը շարունակելուն:

Նախագահողը հայտնեց, որ ամբաստանյալ Անգին Ղուկասյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Ղուկասյանի մասով գործն առանձնացնելու մասին: Միջնորդության քննությունը հետաձգվեց:

Անցնելով ամբաստանյալներին ներկայացնելուն` Դատական կարգադրիչների նախկին ղեկավար ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, որ ամուսնացած է, ունի 3 երեխա: Մինչև 2013 թվականի սեպտեմբերի 30-ը աշխատել է այդ պաշտոնում, սակայն սեփական դիմումի համաձայն` ազատվել է աշխատանքից` պարզաբանելով, որ 2000 հոգի աշխատողին վերահսկելը անհնար է:

Մյուս ամբաստանյալների մեջ են Դատական կարգադրիչների ծառայության պետ, դեպարտամենտի ղեկավարի տեղեկալ Արմեն Մովսիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղեկալ Գեղամ Գրիգորյանը, Կարգադրիչների ծառայությունում վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանը, անձնակազմի համալրման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արման Խալիկյանը, Լոռու Մարզի դատարանի ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանը, պահեստապետ Յուրա Մաշկիդյանը, Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման պետ Անգին Ղուկասյանը:

Մեղադրանքի կողմը պաշտպանում են Վաղինակ Ջանազյանը և Հակոբ Մելքոնյանը: Ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանն ու նրա պաշտպան Արթուր Գրիգորյանը հայտնեցին, որ ինքնաբացարկի միջնորդություն ունեն մեղադրող կողմի նկատմամբ: Պաշտպանի միջնորդության համաձայն` Վաղինակ Ջանազյանը չի կարող մասնակցել սույն գործով վարույթին և ենթակա է բացարկի, քանի որ նախաքննության ընթացքում ցուցաբերել է կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ` արգելելով նրան տեսակցել հարազատներին կամ գոնե շփվել հեռախոսով: Հետագայում՝ դատախազի որոշումը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոքարկելուց հետո, այն բավարարվել է: Ապա դատարանի որոշումը դատախազը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Պաշտպանը նշեց նաև, որ ըստ մեղադրական եզրակացության՝ իր պաշտպանյալը մեղադրվում է կաշառք վերցնելու միջոցով մարդկանց աշխատանքի տեղավորելու մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ ժամանակ Միսակ Մարտիրոսյանը գտնվել է արձակուրդում:

Մեղադրողը հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ պաշտպանը հստակ չի նշում պատճառները, որոնցով պետք է բացարկ լինի: Ջանազյանի խոսքերով` Մարտիրոսյանի պաշտպանի միջնորդությունն ավելի շատ նման էր պաշտպանական ճառի, քան` միջնորդության:

Խորհրդակցական սենյակում քննարկելով բացարկի միջնորդությունը` դատարանը որոշեց մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Որոշումը բողոքարկման ենթակա չեն:

Ապա Արմեն Մովսիսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց վճարման անդորրագրեր` 8 մլն 500 հազար, 17 մլն, 18 մլն և 19 մլն վճարներով, որոնք վնասի վերականգման համար են: Պաշտպանը հայտնեց, որ ընդհանուր վնասը եղել է 66 մլն 590 հազար ՀՀ դրամ: Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ անդորրագրերը կցվեն գործին:

Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան անհապաղ ազատել կալանքից: Պաշտպանը նշեց, որ ապացույցները վիճարկելի են: Մեղադրողը, բնականաբար, առարկեց:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց:

Ապա Արթուր Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ սույն գործով դատաքննությունը 2 տարուց պակաս չի տևի: Պաշտպանը հիշեցրեց, որ սույն գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի, որոնցից 12-ը առանձնացվել է, իսկ մի մասի գործով նախաքննությունը շարունակվում է: Ներգրավված է 110 վկա:

«Քանի որ Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքներից 4 դրվագներից երեքը կաշառքի մասով է, չեմ կարծում, որ կալանքի տակ մնալու կարիք կա: Միսակ Մարտիրոսյանը միանշանակ կներկայանա դատաքննությանը, որի 95%-ից ավելին իրեն չի վերաբերում: Հարգելի նախագահող, Միսակ Մարտիրոսյանը նաև առողջական լուրջ խնդիրներ ունի: Միջնորդում եմ առանձնացնել Միսակ Մարտիրոսյանի և Անգին Ղուկասյանի մասով գործերը»,- ասաց պաշտպանը:

Միջնորդության քննությունը հետաձգվեց:

Նարեկ Գասպարյանի պաշտպանն էլ միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխել` ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով: Պաշտպանը նշեց, որ Գասպարյանը ունի ֆիզիկական արատներ` ձախ աչքը չկա, դժվարանում է տեղաշարժվել: Ինչպես նաև, պաշտպանի փոխանցմամբ, մեղադրյալը փոխհատուցել է պետությանը հասցրած վնասները:

Այսպիսով` դատաքննությունը հայտարարվեց սկսված:

Ապա ներկայացվեցին մեղադրական եզրակացությունները:

 




Լրահոս