Տուգանքների խնդիրը օրենսդիրում. կիսալուծումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասն իսկական պատուհաս է դարձել ԱԺ և երկրի ղեկավարության գլխին, ընդհանրապես: Պատգամավորական մանդատ ունեցողները դպրոցահասակ երեխաների նման վայրկյան առաջ փախչում են ԱԺ դահլիճից՝ տարիներ շարունակ այդպես էլ չգիտակցելով իրենց աշխատանքի լրջությունն ու պատասխանատվության չափաբաժինը:

Օրեր առաջ խորհրդարանում բավականին կարևոր ու ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին առնչվող երկու օրինագիծ էր քննարկվում, սակայն անգամ այդ իրողությունը բազմազբաղ պատգամավորներին չհետաքրքրեց: Նրանք աղմկում էին, մինչև որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց գործի դնել «մանկավարժի փայտիկը»՝ հրապարակավ զգուշացնելով՝ լռել: Իհարկե, դա արեց փոխաբերական իմաստով:

«Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետև լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան»,- դահլիճին դիմեց Գալուստ Սահակյանը: Սակայն ծովափնյա ամենատարբեր երկրներից մուգ արևայրուքով խորհրդարան եկած օրենսդիրները օրվա կեսից հետո կամաց-կամաց սկսեցին «ծլկել» դահլիճից, ապա նաև ԱԺ շենքից՝ առավել կարևոր գործերով:

Հիմա դառնանք երկու կարևոր հարցերին, որոնք  ներկայացված էին 24-ժամյա արագացված ռեժիմով քննարկելու և քվեարկելու համար: Ու այդ երևույթը բարկացրել էր մի շարք պատգամավորների, ովքեր պնդում էին, թե չեն հասցրել ծանոթանալ օրինագծի նրբություններին:

Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի մասին է:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է վարչական տուգանքի ենթարկված քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքների կարգի փոփոխություն: Ինչպես հայտնի է, այսօրվա դրությամբ, եթե անգամ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար որևէ վարորդ ենթարկվում է, օրինակ, 5 հազար դրամ տուգանքի ու չի վճարում այն, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը որոշում է կայացնում, դիմում ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանը, որպեսզի բռնագանձի վճարվելիք տուգանքը: ԴԱՀԿ-ն էլ վերցնում ու արգելանք է դնում քաղաքացու հաշվեհամարի վրա՝ արգելելով նրան աշխատավարձ, թոշակ կամ այլ գումար ստանալ բանկից: Այժմ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել օրենքը՝ ԴԱՀԿ-ին արգելելով արգելանք դնել քաղաքացու հաշվի վրա ամբողջությամբ:

Այս օրենքի ընդունումից հետո ԴԱՀԿ-ն իրավունք կունենա արգելանք դնել միայն այն չափով, որքան որ տուգանքն է: Ու եթե օրենքի ընդունումից հետո էլ ԴԱՀԿ-ը կամ առևտրային բանկերը շարունակեն իրենց քմահաճույքները և, օրինակ, 100 հազար դրամի վրա արգելանք դնեն՝ 5 հազար դրամ տուգանքը գանձելու համար, ապա ստիպված պետք է լինեն փոխհատուցել քաղաքացու կրած վնասները ու բաց թողած օգուտը՝ 0,1 տոկոսի չափով:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում երեկ հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկվում է բանկային հաշիվների տեսակավորման հարցը, որպեսզի, օրինակ, մարդու թոշակի, աշխատավարձի վրա արգելանք դնելու իրավունքից զրկվի որևէ կառույց՝ քաղաքացու ապրելու իրավունքը չխախտելու համար:

Իսկ ահա «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի քննարկումը հետաձգվեց այսօր, առավել զավեշտալի ձևակերպումներ ունի, որոնք հարթելու և անհարմարություններ ստեղծելու հեռանկարները չեզոքացնելու համար, դեռ շատ փոփոխություններ պետք կլինեն: ԱԺ-ում ներկայացված փոփոխության առաջարկը վերաբերվում է ՃԵ կանոնների խախտման դեպքերում նամակներով քաղաքացիներին արվող ծանուցումներին:

Պարզվում է՝ 2012-ի փետրվարի 7-ին, երբ «երկրի գլուխը խառն էր» ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է այսպիսի ձևակերպմամբ օրենք. «Վարչական իրավախախտումների դեպքերով ՃԵԿ-ին առնչվող ընդունված որոշումները համարվում են հանձնված, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման վայրում»: Այսինքն, եթե մարդն իր մեքենան գրանցել է հայրական տան հասցեով և հետո տեղափոխվել այլ բնակարան՝ ապրելու, տուգանքի նամակը կարող են ուղարկել հայրական տուն և չգտնելով հասցեատիրոջը որոշեն դիմել ԴԱՀԿ՝ տուգանքը բռնագանձելու պահանջով: Եվ այս օրենքի ընդունման ժամանակ որևէ մեկը ելույթ չի ունեցել, չի ահազանգել դրա վտանգավորության մասին:

Հիմա առաջարկվում է փոխել օրենքը և տուգանքների ծանուցումը հանձնել առձեռն կամ sms-ի միջոցով, եթե քաղաքացին ինքն է խնդրում իրեն այդպես ծանուցել:

Բայց սա տուգանքների «ոլորտում» առկա խնդիրների միայն մի մասն է, քանի որ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համակարգային լրջագույն խնդիրներ ունի և շատ հաճախ քաղաքացու վճարած տուգանքը ոստիկանությունում չի երևում, դրա համար էլ նրանք դիմում են ԴԱՀԿ՝ բռնագանձելու պահանջով: Բայց այս հարցին օրենսդիրները դեռ չեն անդրադարձել: Խոստացել են՝ կամաց-կամաց ոլորտը կարգավորել: Տեսնենք:

Ալբերտ Խուրշուդյան




Լրահոս