Աջարիայի Քոբուլեթի քաղաքում լարված մթնոլորտ է ստեղծվել տեղի մուսուլմանների և քրիստոնյաների միջև. տեղեկացնում է georgianpress.ru-ն:
Քաղաքի Լերմոնտովի 13 շենքի բնակիչները խոզ են մորթել և կախել այն շենքի դռներից մեկի վրա, ուր, նրանց տեղեկություններով, Թուրքիայի քաղաքացին պատրաստվում էր մեդրեսե (մուսուլմանական դպրոց. խմբ.) հիմնել: Բողոքի ցույցի մասնակիցները փակել են Քոբուլեթին Բաթումիին միացնող մայրուղին, ինչի հետևանքով մի քանի րոպե դադարել է երթևեկությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար Սուլխան Եվգենիձեն ասել է, որ շրջանի ղեկավարությունը մեդրեսե բացելու թույլտվություն չի տվել, սակայն նման փաստափուղթ տրամադրելու հարցում ինքը ոչ մի խնդիր չի տեսնում:
Մուսուլմանական դպրոցի մոտ կատարվածը պաշտոնյան որակել է անդաստիարակություն և քաղաքացիների կրոնական զգացմունքների վիրավորում: Վրաստանի մուսուլմանների առաջնորդ Դեմալ Պակսաձեն կոչ է անում երկրի վարչապետին, խորհրդարանի նախագահին և ուժային մարմինների ղեկավարներին՝ արձագանքել այսօր Քոբուլեթիում կատարված միջադեպին: Նրա խոսքով՝ կատարվածը վիրավորում է Վրաստանի մուսուլմաններին և կարող է սկիզբ դնել կրոնական հակամարտությանը: