«Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ֆինանսավորման համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այս վարկային ծրագրի մեջ սահմանադրականության խնդիր կա:
«Ես դեմ չեմ արտոնյալ վարկերին: Երկրները պետք է զարգանան նաև այլ աղբյուրներից վարկային միջոցներ ներգրավելով: Բայց գիտե՞ք ինչն է խնդիրը. Սահմանադրությունն ասում է, որ պետական իշխանությունն իրականացնում են Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, տվյալ դեպքում` Կառավարությունը և լիազոր մարմինները: Ցավոք, մեր Սահմանադրական դատարանը, որտեղ պետք է տեսնի ինչ-որ բան, չի տեսնում, որտեղ պետք չէ, եսիմ ինչեր է հայտնագործում: Հիմա ՍԴ-ն չի նկատել, որ մենք ստեղծել ենք ապօրինի մարմին՝ ինչ-որ գրասենյակ, որին տալիս ենք լիազորություններ ու ասում՝ գնա սոցիալական ապահովության խնդիրները լուծի և այլն: Այս փողը կառավարությունը պետք է բերեր պետական բյուջե և ըստ այդմ` իրականացվեր ծրագիրը»,- ասաց պատգամավորը:
Ջհանգիրյանը հավելեց, որ դեմ չէ այս վարկային ծրագրին, այլ դեմ է, որ ինչ-որ մասնավոր կառույց պետք է դա տնօրինի:
Նշենք, որ վարկային ծրագրով նախատեսվում է խորհրդատվական կենտրոններին գումար հատկացնել՝ մարդկանց խորհրդատվություն տրամադրելու համար: